22/11/2024

Գլխավոր դատախազի սխալի հետքերով․ բացատրություն

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդարանական լսումների ժամանակ բանակում մահվան դեպքերի վերաբերյալ սխալ թիվ է ներկայացրել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դատախազին հարց ուղղելիս նկատել է․ «Բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվի աճը ուղղակի սարսափեցնող հանգամանք է․․․»։

Պատգամավորի այս հայտարարությունը Աննա Վարդապետյանը անպատասխան չի թողել․ «Խաղաղ պայմաններում մահերի դեպքերի հետ կապված կցանկանայի նշել, որ 2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպքեր, որից 15-ը Ազատ գյուղի հրդեհի դեպքն էր։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ վիճակագրության վրա եք հենվում, երբ ասում եք․․․»։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նաև երկրորդ անգամ է պնդել վիճակագրությունը՝ ընդգծելով․ «Եկեք նորից կարդամ այդ վիճակագրությունը, որպեսզի հասկանանք՝ ձեր ասած այդ ահռելի թվերը որտեղ են»։

Այն, որ գլխավոր դատախազը Ազգայն ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս սխալ թիվ է ներկայացրել, պարզվել է հոկտեմբերի 28-ին «Փաստերի ստուգման հարթակի» «Բանակում մահվան դեպքերը «գրեթե կրկնակի» չեն նվազել․ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը սխալ է» վերնագրով հրապարակումից հետո։

Ըստ այդ հրապարակման, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե 2024 թվականի այս ժամանակահատվածում բանակում խաղաղ պայմաններում մահերի թիվը 2023-ի համեմատ «գրեթե կրկնակի նվազել է»։

«Փաստերի ստուգման հարթակը», հիմնվելով ՀՀ գլխավոր դատախազի հնչեցրած թվի վրա, պնդել էր, թե ՊՆ մամուլի խոսնակը սխալ է։

Հոդվածի հրապարակումից հետո գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Fip.am-ին ներկայացրել է պարզաբանում՝ նշելով, որ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում վրիպակ է թույլ տվել։ Ըստ նրա, գլխավոր դատախազը նկատի է ունեցել 2023 թվականին բանակում սպանությունների թիվը, որը 22 է:

Իրականում, 2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել և ոչ թե 22, ինչպես նշել էր Աննա Վարդապետյանը։

Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողովում սխալ է ներկայացրել բանակում խաղաղ պայմաններում գրանցված մահերի թիվը, ինչն էլ փաստեր ստուգողների համար դարձել է սխալ պնդման հիմք։

Հասմիկ Համբարձումյան