26/12/2024

Շատանում են մարդիկ, որոնք հետին թվով ներկայանում են որպես Արցախում ընդդիմադիր-համարձակ կեցվածք ունեցած անհատներ․ Գեղամ Բաղդասարյան

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Նկատել եմ, որ քանի գնում՝ շատանում են մարդիկ, որոնք հետին թվով ներկայանում են որպես Արցախում ընդդիմադիր-համարձակ կեցվածք ունեցած անհատներ: Ու պարզ չէ, թե ավելի շատ ում են համոզում դրանում՝ ուրիշների՞ն, թե՞ հենց իրենց:

Քաջածանոթ լինելով իրողություններին՝ սովորաբար նրբանկատությամբ ու հումորով եմ ընդունում նման մտավարժանքները, քանի որ դեմ չեմ, որ մարդիկ փորձեն գոնե հետին թվով հետ բերել իրենց մարդկային ու քաղաքացիական արժանապատվությունը: Ափսոս միայն, որ հետին թվով հնարավոր չէ հայրենիքը հետ բերել, մինչդեռ եթե նման կեցվածք լիներ ժամանակին, ապա հայրենիքը չէինք էլ կորցնի:

Բայց, ամեն դեպքում, քանի դեռ կա նշածս երևույթը, և քանի դեռ ավելի գեշ չափերի չի հասել այն, հանրությանն օգնելու նպատակով մի չափանիշ առաջարկեմ, որով կարելի կլինի չափել այս կամ այն «սուտլիկորսկանության» աստիճանը, ըստ այդմ էլ՝ համապատասխան վերաբերմունք դրսևորել նորահայտ ընդդիմադիր գործիչների կամ այլախոհների նկատմամբ:

Կարծում եմ, ընդդիմադիր-այլախոհ դիրքավորվելու համար անչափ կարևոր է սկզբունքային գնահատականի առկայությունը առնվազը ներքոբերյալ չորս երևույթներին: Առաջինն, ըստ ժամանակագրության և կարևորության, Արցախից արձագանքն է ՀՀ-ում 2008-ի մարտի 1-ի ողբերգությանը: Երկրորդը 2015 թվականին Բերձորի խայտառակ ջարդն է, երբ հայաստանյան քաղաքական ուժի խաղաղ-քաղաքական երթի մասնակիցներին պետական-հանրային ամենաբարձր մակարդակով ծուղակեցին և վայրենությամբ ջարդեցին: Երրորդը 2016-ի սահմանադրական փոփոխություններն են Արցախում, գործընթաց, որը երևան հանեց հայկական երկրորդ պետականության քաղաքական սնանկությունն ու արցախյան քաղաքական վերնախավի ողջ թշվառությունը: Եւ չորրորդը՝ արձագանքն է պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ արցախյան քաղաքական վերնախավի վերաբերմունքին ու հատկապես նրա առևանգմանը մայրաքաղաքի սրտում՝ ի տես և ի լուր ամենքի, ինչն էլ երևակեց Արցախում անիրավության աներևակայելի մակարդակը և հանրային մտքի ախտերը:

Եթե մարդ հիմա փորձում է դիրքավորվել որպես ժամանակին Արցախում ընդդիմադիր կամ այլախոհ եղած անհատ, ապա խնդրեք, որ ներկայացնի նշածս չորս երևույթների իր սկզբունքային-հրապարակային գնահատականը (խոհանոցային զրույցներն ու դրանց վկաները հաշվարկելի չեն):

Մեկնաբանություններում ներկայացնում եմ իմ հրապարակային արձագանքները վերոնշյալին: Մարտի 1-ից հետո հոդված եմ գրել «Առավոտ» թերթում և փորձել գեղարվեստական հնարանքով արցախցիներիս օգնել մեր ՀՀ-աբնակ քույրերի ու եղբայրների դրության մեջ մտնել, ապա եղած-չեղած երկու անկախ լրատվամիջոցներով հանդես ենք եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին բեկանել արտակարգ դրության մասին հրամանագրով նախատեսված լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները, ընդգծելով, որ դրանք փաստացիորեն կիրառվում են անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ միայն: Մյուս երեք առիթներով թե հոդվածներ եմ գրել և թե դրանց անդրադարձել ֆեյբուքյան գրառումներով, ուստի ներկայացնում եմ ամենակարևորները: