27/12/2024

Տեղի ունեցածը միանշանակ հակասահմանադրական է

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է, եւ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում, քանի որ նրանք չեն բավարարել մեր հասարակության շրջանում առկա արդարության պահանջը, եւ դրա մեղավորը հենց իրավապահներն են, քննչական ու դատական կառույցները, ոչ թե ինքը։

Հրապարակ թերթը գրել է․ Սպառնալիքներից հետո նա անգամ չսպասեց, որ այդ մարդիկ ինչ-որ «հետեւություններ» անեն, «շտկեն» իրավիճակը, երկու օրից անցավ կոնկրետ «գործողությունների», եւ կիրակի օրը, ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ վարչապետը կադրային ջարդ է սկսել կառավարությունում ու իրավապահ համակարգում։

Վահե Ղազարյանը, Արգիշտի Քյարամյանը, Ռուստամ Բադասյանը, Կարեն Անդրեասյանը, Գնել Սանոսյանը, Սասուն Խաչատրյանը գիշերով նրանից SMS-ներ ստացան եւ հլու-հնազանդ հրաժարականի դիմումներ ներկայացրին` ինչ-որ անհեթեթ ուղերձներով բացատրելով, որ այսպես «բիրիքով» որոշել են հեռանալ: Երեկ տեղեկացանք, որ նման նամակ է ստացել նաեւ ժողովրդի ընտրյալ, թիվ մեկ քաղաքական մարմնի ներկայացուցիչ` ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որն անմիջապես` անմռունչ վայր դրեց պատգամավորական մանդատը: Իրականում այս դեպքերը խոսում են այն մասին, որ մենք ապրում ենք բռնապետական երկրում, որտեղ երկրի առաջին դեմքը ստորացնում է իր թիմակիցներին, ոչնչացնում պետական համակարգերը, խախտում օրենսդրությունն ու Սահմանադրությունը:

Երեկ փաստաբան Միհրան Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ հատկապես ԲԴԽ-ի, Քննչական կոմիտեի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում հակասահմանադրական է Նիկոլ Փաշինյանի միջամտությունը, քանի որ այս կառույցներն անկախ կառույցներ են` ըստ Սահմանադրության, եւ չպետք է ուղղորդվեն գործադիր իշխանության կողմից: Փաստաբանի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով ոտնահարում է գործող Սահմանադրությունը եւ կայացնում որոշումներ, որոնք դեմ են օրենքին:

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին խնդրեցինք կատարվածին գնահատական տալ։ «Բարձրագույն դատական խորհրդի պարագայում անկախությունը միանշանակ է ու պարտադիր: Երբ վարչապետը գնահատականներ է տալիս ԲԴԽ նախագահի աշխատանքին, սա անգամ չունի գնահատական: Գործադիրի միջամտությունը դատական գործերին ստացվում է ակնհայտ»,- նշեց Գյուլումյանը:

Նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը 2022-ին իր դիմումի համաձայն հրաժարվեց դատավորի կարգավիճակից, սակայն շարունակում է կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները, «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Ինձնից ի՞նչ պատասխան կարող եք սպասել այս պարագայում, ես ի՞նչ կարող եմ ասել, եթե տեղի ունեցածը հակասահմանադրական է: Բոլորս էլ գիտենք, որ ԲԴԽ-ն պետք է լիարժեք անկախ լիներ, եւ վարչապետը չէ, որ կարող էր ԲԴԽ նախագահին ցուցումներ տալ եւ հրաժարական պահանջել: Բայց Հայաստանում ի՞նչ անկախ մարմինների մասին է խոսքը, եթե նման բաներ են տեղի ունենում: Այս հրաժարականներով նրանք ցույց տվեցին իրենց ոչխար լինելը: Այդքան մի բան: Ժողովրդավարության մասին են խոսում, փաստորեն, ժողովրդավար երկրներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահները սպասում են, թե երբ է երկրի ղեկավարը նամակ գրելու եւ հրաժարական պահանջելու: Ինչ խոսք, սա «բարձրագույն դեմոկրատիայի» դրսեւորում է: Ինչ վերաբերում է Անդրեասյանի այն հայտարարությանը, թե ինքը դատական համակարգի ճգնաժամը հաղթահարել է, ապա ես կասեմ, որ այնքան կարեւոր գործեր ունեմ, քան ոմն Կարեն Անդրեասյանին մեկնաբանելը: Ամեն մեկի բլթոցին ես պարտավոր չեմ անդրադառնալ»: