Իմիջը որևէ սուբյեկտի մասին այն կարծիքն է, որը ձևավորվում է մարդկանց որոշակի խմբի մոտ` անձի տեսանելի հատկանիշների հիման վրա՝ սահմանում են մասնագետները։
Իմիջիայլոց, իմիջը անչափ կարևոր հանգամանք է հատկապես քաղաքականության մեջ, և շատ քաղաքական գործիչներ, հատկապես՝ սկսնակ, հասարակության աչքում շահեկան դիրքից հանդես գալու, դրական տպավորություն գործելու համար օգտվում են հատուկ մասնագետների՝ իմիջմեյքերների թանկարժեք ծառայություններից։
Քաղաքական գործիչներ ու կուսակցություններ էլ կան, որոնք իրենց գործունեության հետևանքով բացասական իմիջ են ձևավորել, և այն փոխելու, «ռեբրենդինգի» ենթարկելու, եթե կուզեք՝ «ֆորմատ անելու» համար նրանց չեն օգնի ո՛չ արտաքին տեսքի կտրուկ փոփոխությունները, ոչ «ծրագրային թարմացումները», ոչ էլ նույնիսկ․․․ ամենակարող փողը։
Նիկոլ Փաշինյանի՝ մորուքը սափրելու որոշումն էլ, ինչպես հայտնի է, նախկին իշխանության ներկայացուցիչներից ոմանք մեկնաբանում են որպես «նոր իմիջ ձևավորելու» և նախկին՝ «հեղափոխականի ռեյտիգը» վերականգնելու համատեքստում։ Ոմանք էլ, զարկ տալով սեփական փչացած երևակայությանը, դեմքի մազածածկույթը հեռացնելը՝ սափրելը, բացատրում են որպես «դրսից թելադրված որոշում»։ Իրենց իմացած ու պատկերացրած «դրսից»-ն էլ, ինչպես գիտենք, «Բաքվից»-ն է։ Փաստորեն, եթե Փաշինյանը չսափրեր մորուքը, պաշտոնից ազատվելու դիմումներ գրած պաշտոնյաները կշարունակեին իրենց աշխատանքը։ Այդ մորուքն է, որ կաշկանդում էր Փաշինյանին գնալ նման վճռական որոշման, և այդ ածելին է, որ սափրվելու ժամանակ հուշեց վարչապետին բռնել ու որոշել որոշ պաշտոնյաների ճակատագիրը։ Հընթացս թարմացնենք մոռացկոտների հիշողությունը՝ նախկինում ևս մի շարք պաշտոնատար անձինք, մասնավորապես նաև ուժայինների ղեկավարներ, ազատվել են Փաշինյանի որոշմամբ, և նրա այդ որոշումները կայացվել են մորուքի առկայության պայմաններում։ Ասենք՝ Պաշտպանության նախարար Արշակ Կաապետյանը պաշտոնանկ է արվել մորուքով Փաշինյանի կողմից, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նույնպես, ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ առավել ևս։
Եթե մորուք սափրելը կամ պահելը ոմանց դիտարկմամբ քաղաքական իմիջի վերանայում ու կամ ռեյտինգի վերականգնում է, ապա այդ տրամաբանությամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էլ է իրեն ենթարկել իմիջա-ռեյտինգային «օպերացիաների»։ Ընդ որում՝ դեռևս ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ, երբ նույնիսկ խոսք ու շշուկ չկար, որ հավակնում է դառնալ ՀՀ հաջորդ նախագահը։ Շատերը կհիշեն Սերժ Սարգսյանի «ֆիրմեննի» ակնոցները, որոնք վերջինս կրում էր իր կարիերայի դեռ վաղնջական ժամանակներից։ Այդ աքսեսուարը նախկին նախարարը, ենթադրում ենք, կրում էր ոչ թե իմիջի համար՝ հասարակության վրա ինտելեկտուալ, շատ կարդացած մարդու (թյուր) տպավորություն թողնելու, այլ՝ տեսողության հետ կապված խնդիրների պատճառով։ 2000-ականների մամուլը թերթելիս հանդիպեցինք ուշագրավ մի հրապարակման, ըստ որի՝ Սարգսյանը աչքերը բուժելու նպատակով մեկնել է արտերկիր։ «Պարոն Սարգսյանի աչքերը կլինիկայում բավականին նուրբ վիրահատության են ենթարկել՝ տեղադրելով լինզաներ, ու նա հայրենիք է վերադարձել առանց իր պամտական ակնոցների: Իսկ հայ ժողովուրդը փոխանակ ուրախանա, որ իր պաշտպանության նախարարը այլևս արտասահմանյան պատվիրակությունների աչքի առաջ չի հառնի բավականին անճաշակ ակնոցներով, այստեղ-այնտեղ լուրեր է տարածում, թե Սերժ Սարգսյանի լինզաների եզրերը պլատինից են, մեջն էլ՝ կես կարատանոց ադամանդ»,-կարդում ենք այդ օրերին տպված հրապարակման մեջ։
Ի դեպ, իմիջային մեկ այլ փոփոխության մասին էլ հիշեցնենք․ Սերժ Սարգսյանը «պլաստիկ օպերացիայի» է ենթակել նաև իր անունը՝ հեռացնելով դրա փաղաքշական «իկ» վերջածանցը։ Երբեմնի Սերժիկ Սարգսյանը 2000-ականների կեսերից հասարակությանը սկսեց ներկայանալ որպես Սերժ Սարգսյան։ Ի՞նչ իմիջ էր ուզում այսպիսով ձևավորել նախկին նախարարը՝ ահեղ, ամեհի պաշտոնյայի՞, որը պնդացրել է ոտքը ՀՀ պետական ապարատում այն աստիճան, որ այլևս «իկ»-ով «դիմվելու» կարիք չունի, թե՞ «դրսի» թելադրանքով էր կրճատել սեփական անունը՝ իր կերպարին լրջություն հաղորդելու։ (Իսկ գուցե «իկ»-ից ազատվելով փորձում էր ազատվել նաև իրեն «իկ»-ով դիմածների հետ ասոցացվող ծանր հիշողությունների՞ց)։
Փաստ է, սակայն, որ վերոհիշյալ միջամտությունները ի վիճակի չեղան փոխել Սարգսյանի վարկը, նրան դարձնել սիրելի ժողովրդի կողմից և լեգիտիմ։ Եթե այդպիսին դարձրած լինեին, ապա վստահաբար տեղի չէր ունենա 2008-ի մարտի 1-2-ի արյունահեղությունը, չէր լինի նաև 2018-ի թավշյա հեղափոխությունը՝ «մերժիր Սերժին»-ի տեսքով։
Նկատենք, որ մեկ այլ նախկին պաշտոնյայի՝ Ռոբերտ Քոչարյանի արտաքին տեսքում տեղի ունեցած ենթադրյալ «իմիջային փոփոխությանը» հասարակությունն առերեսվեց 2018-ին։ «Մարտի 1»-ի գործով առաջադրված մեղադրանքը ստիպեց նախկին նախագահին հայտնվել ԶԼՄ-ների օբյեկտիվների առաջ և շատերը ֆիքսեցին երկրորդ նախագի դեմքի բարորակ գոյացությունների՝ խալերի անհետացումը։ Ենթադրում ենք, որ Քոչարյանը նման էսթետիկ միջամտության է դիմել (եթե իսկապես դիմել է) ոչ իմիջային կամ ռեյտինգային նկատառումներից ելնելով։ Նա նախագահի պոստից հեռացել, ապաև քաղաքականություն է վերադարձել գրեթե նույն՝չափազանց ցածր ռեյտինգով, և խալերը կամ դրանց բացակայությունը չէ, որ պետք է մեղմեին հասարակության բացասական վերաբերմունքը հանդեպ այդ անձը։ Միաժամանակ նկատենք՝ անհնար էր չնկատել այն ահռելի իմիջմեյքերական աշխատանքը (ընդհուպ միմիկաների մակարդակում), որը հետագայում տարվեց Քոչարյանի նոր՝ «գործից հասկացող», ուժեղ, ժողովրդական կերպարը կերտելու ուղղությամբ։ Բայց, եթե «կուզիկին միայն գերեզմանը կուղղի», ապա մի ոտքով քաղաքական գերեզմանում գտնվող «կուզիկի» իմիջն, ինչպես փորձը ցույց տվեց, անուղղելի էր և է։
Հ․Գ․Հաջորդ խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել։ Եվ եթե Փաշինյանը «մեղադրվում» է այդ ընտրություններին ընդառաջ սափրվելու և հասարակությանը «նոր իմիջով խաբելու» մեջ, ապա ի՞նչ կերպ են պատրաստվում նույն այդ հասարակությանը «խաբել» երկրորդ և երրորդ նախագահները, որոնց հանրային վստահության ցուցիչը տատանվում է 1-2 տոկոսի սահմաններում։ Չենք կարծում, որ, ականջախեցիները վիրահատելը կամ, ասենք, ծուռբերանությունը շտկելը իմիջային լավագույն լուծումը կլինի՝ գոնե 0,1 տոկոսով բարձրացնելով նշյալ միջամտություններին ենթարկվածների ռեյտինգը։
Հ․ Մանուկյան
Բաց մի թողեք
Բրիտանա-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում ինչ-որ «տեղապտույտ» է սկսվել
Ինչքա՞ն փող ունեք, կասե՞ք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հայաստան խոպան էիք եկել. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին
«Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը Կառավարության շենքում է