Հրապարակ թերթի հարցազրույցը ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի հետ
– Գո՞հ եք ընտրությունների արդյունքներից։
– Այո, գոհ ենք։
– Բայց դուք սահմանադրական մեծամասնություն ստանալու ակնկալիք ունեիք, մինչդեռ 50 տոկոս ձայն էլ չհավաքեցիք, այն դեպքում, երբ խոդի էիք տվել վարչական ռեսուրսը․․․
– Այո, ակնկալում էինք, բայց, ցավոք, չստացվեց։
– Հետեւելով իշխանության գործողություններին՝ թոշակի տեսքով ընտրակաշառք, բժշկական պարտադիր ապահովագրություն, վարչական ռեսուրսի տոտալ չարաշահում, ենթադրվում էր, որ դուք 50 պլյուս չէ, այլ «200 տոկոս» պիտի ստանայիք, սա ցույց չի՞ տալիս, որ մարդիկ իրականում ձեզ մերժում են։
– Ի՞նչ ա նշանակում՝ 200 պլյուս, մենք նման ակնկալիք չենք ունեցել, ախր, ըտենց թիվ չկա էլ, ո՞նց եք նման բան ասում։
– Դուք պատկերավոր խոսքի մասին լսե՞լ եք։
– Դա Ձեր ձեւակերպումներն են, որի հետ համաձայն չեմ։
– Համաձայն չե՞ք, որ մարդկանց պարտադրել եք ձեր հանրահավաքներին ներկա գտնվել, քվեարկել, ապացույցներ ներկայացնել վերադասին, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից։
– Դուք մեզ խառնում եք ընդդիմության թեկնածուների հետ։
– Եթե ժողովուրդը ձեզ սիրում էր, ընդունում, այդ դեպքում ինչո՞ւ ձեր սպասելիքները չարդարացան, սահմանադրական մեծամասնություն չունեցաք։
– Որովհետեւ ընդդիմադիր որոշ ուժեր փող եւ համատարած ընտրակաշառք կիրառեցին։
– Ունե՞ք ապացույցներ։
– Դատական գործեր կան, հարյուրից ավել կալանավորված անձինք։
– Բայց դատարանի որոշում չկա, ինչո՞ւ եք մարդկանց անմեղության կանխավարկածը խախտում, հատկապես որ փորձագետները վստահ են, որ ընտրակաշառքի մասին տարածված ձայնագրությունները կեղծված են։
– Դատարանի որոշումը կոնկրետ իմ համար․․․ ես քաղաքական գնահատական եմ տալիս, որովհետեւ ես դա կոնկրետ տեսել եմ։
– Ի՞նչ եք տեսել` որ ընդդիմությանը ձայն տված կես միլիոն մարդիկ կաշառքո՞վ են ընտրել։
– Ասում եմ` ես տեսել եմ։
– Ծառուկյանին էլ էիք տարիներ շարունակ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրում, վերջում արդարացվեց։
– Ես քաղաքական դաշտում ընդդիմության մեջ ըտենց ուժ չգիտեմ, ով ֆինանսական ռեսուրսից բացի ուրիշ ռեսուրս ունի։
– Իշխանությունն ամենաշատն է ֆինանսական ռեսուրսի տիրապետում, ու մարդիկ հենց ձեզ էին մեղադրում այդ ռեսուրսը չարաշահելու հարցում, դրան գումարած վարչական ռեսուրսը։
– Մեր մասով գործ չկա հարուցված, վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրակաշառքն էլ տարբեր բաներ են։
– Գործեր հարուցողը դուք եք: Եվ դուք չունեք ապացույցներ, որ ընդդիմությունը կաշառք է բաժանել, բայց պնդումներ եք անում` այն դեպքում, երբ բոլորը տեսան, թե ինչպես եք քվե գողանում։
– Ես չեմ ապացուցողը, դատարանը կապացուցի։
– Այդքան վստահ մի եղեք, Ծառուկյանի գործը` ձեզ ապացույց։
– Քանի՜ այդպես գործեր կան, գիտե՞ք․․․ երբ կարդարացվեն, նոր կասեք։
– Ձեր իշխանությունն ավելի վատ բան է արել` ԲՀԿ-ին զրկեց ԱԺ մտնելուց, որ 3/5 մեծամասնություն ունենա, դուք չգիտեմ ինչերից եք խոսում։
– ԲՀԿ-ին մենք չենք զրկել, ԲՀԿ-ին ՀՀ քաղաքացիներն են զրկել իրենց տված քվեներով։
– Բոլորը տեսան, որ ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, ձեր կամակատար Վահագն Հովակիմյանի աճպարարության արդյունքում ԲՀԿ-ն դուրս մնաց։
– Կողմնորոշված հարցեր մի տվեք՝ ձեր Վահագն Հովակիմյանը։ Դուք ԿԸՀ-ի պարզաբանումը կարդացե՞լ եք։
– Իսկ դուք անգամ իշխանական դիտորդների հայտարարությունները կարդացե՞լ եք, որ եթե երկու տեղամասի արդյունքները չեղյալ հայտարարելն ազդել է ընտրությունների արդյունքների վրա, ապա, ըստ օրենքի, ԿԸՀ-ն պարտավոր է վերաքվեարկություն նշանակել, ինչը չարվեց հենց այդ նպատակով, որ ԲՀԿ-ի մանդատները գողանաք։
– Օրենքի խախտում է եթե եղել, կարող եք դուք էլ միանաք ընդդիմությանը եւ դատի տաք։
– Եթե ընդունենք, որ ԿԸՀ-ն ճիշտ է ու զինվորների քվեարկության հիմքով անվավեր ճանաչեց երկու ընտրատեղամասի արդյունքները, միայն այդ երկուսո՞ւմ էին զինվորներ քվեարկել, պարզապես դրանց մասին հրապարակումներ եղան, իսկ քանիսը չեն հրապարակվել, ուրեմն խախտումները եղել են համատարած, եւ հենց այդ հիմքով էլ ընտրությունների արդյունքները չի կարելի ընդունել։
– Այդ հիմքը ճիշտ չեք հասկացել, այդ հիմքով չեն չեղարկվել։
– Դրա համար են չեղարկվել։
– Ոչ, ասում եմ՝ այդ հիմքով չեն չեղարկվել։
– Լավ, հիմա փաստն այն է, որ սահմանադրական մեծամասնություն չունեք, չեք կարող Ալիեւի տնային առաջադրանքը կատարել՝ Սահմանադրությունը փոխել, այսինքն` ձեր խոստացած խաղաղությունը վերջացա՞վ, սեպտեմբերին պատերա՞զմ է լինելու։
– Մենք ունենք այն, որ ՔՊ-ն միայնակ 17 ուժերից շատ ձայն է հավաքել։
– 2017-ին էլ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն էր նույն արդյունքները գրանցել, այդքան շատ մի պարծեցեք, հատկապես այս ընտրությունները փաստեցին, որ դուք ընտրություն կեղծելու հարցում անգերազանցելի եք։
– Ես պարծենում եմ ոչ թե ձայներով, այլ ՀՀ քաղաքացիներով, իսկ Սերժ Սարգսյանը գիտենք՝ ոնց է ընտրվել։
– Ձեզ էլ են նույն բանն ասում, որ չկեղծեիք, չգողանայիք․․․
– Ասողները հնարավորություն ունեն դատարանում ապացուցելու։
– Վերադարձեք Ալիեւի տնային առաջադրանքի մասին հարցին։
– Եկեք սպասենք՝ ԱԺ-ն ձեւավորվի, գանք աշխատենք, կքննարկենք, պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք մեր ուզածին, այդ թվում՝ Սահմանադրությունը փոխելուն։
– Ի դեպ, լուրեր կան, որ Ձեր եղբորը՝ Հայկ Ղալումյանին, Փաշինյանն առաջիկայում ազատելու է Տավուշի մարզպետի պաշտոնից եւ իր եղբորորդուն՝ Սիփանին է նշանակելու։ Ճի՞շտ է:
– Ոչ, ես չեմ լսել նման բանի մասին։

Բաց մի թողեք
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հուսախաբ է եղել
11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար
Պետական աշխատողներին գաղտնալսում են