Մոսկվայում Ռուսաստանի Դաշնոության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը ավարտվել է Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի համատեղ մամուլի ասուլիսով։
Այդ մասին բավական ընդարձակ տեղեկություն տարածել է ՏԱՍՍ-ը, ինչպես նաև իշխանամետ Turkiye պարբերականը, որի լրագրողը միջոցառմանը ներկա է գտնվել։
Սկզբունքային ի՞նչ ընդգծումներ կարելի է առանձնացնել։ Այս հարցի պատասխանը, երևի, կտան պրոֆեսիոնալ վերլուծաբանները։ Առայժմ կարելի է, թերևս, առանձնացնել երկու էական պահ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը, գնահատելով ուկրաինական կարգավորման ուղղությամբ Թուրքիայի գործադրած դիվանագիտական ջանքերը, հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին «զբաղված է մեգաֆոնային դիվանագիտությամբ և դաշնամուր նվագելով»։
Նա, ինչպես հասկացվում է, գոնե այս փուլում Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինայի հետ բանակցություններ վերսկսելու անհրաժեշտություն չի տեսել։
Երկրորդ աչքի զարնող «նրբությունը» արդեն կոնկրետ վերաբերում է Հարավային Կովկասին։ Ներածական խոսքում Ֆիդանը «բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի դրական զարգացումը», մինչդեռ Լավրովն առհասարակ Հարավային Կովկասի և մասնավորապես հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական կարգավորման մասին, ըստ ՏԱՍՍ-ի տարածած տեքստի, ոչինչ չի ասել։
Ավելին, խոսելով Թուրքիայի հետ «փոխլրացնող գործընկերության» մասին, Լավրովը նշել է , որ այն տարածվում է «Սև ծովում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում անվտանգության ապոհվման» վրա։
Ավելի վաղ, անոնսավորելով Ֆիդանի Մոսկվա այցը, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ կողմերը կքննարկեն «Սևծովյան տարածաշրջանում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում համագործակցության հետ կապված հարցեր»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում դրական զարգացումների մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի շեշտադրումից ակնհայտ է դառնում, որ Հարավային Կովկասի թեման քննարկվել է։ Եվ եթե ռուսաստանյան կողմը այդ մասին հիշատակում չի արել, կարելի է ենթադրել, որ «ռուս-թուրքական սիներգիան չի ստացվել»։
Մնում է ենթադրել, թե նախապես հայ-թուրքական կարգավորումը «ողջունող» Ռուսաստանը ո՞ր կետում է «առարկում» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի՝ Թուրքիայի կողմից արձանագրված «դրական զարգացմանը»։
Եվ արդյո՞ք դա «միայն Հայաստանի ԱԺ ընտրությունների արդյունքներով է պայմանավորված»։ Թե՞ Մոսկվան և Բաքուն այդ առումով «խաչվող շահեր դեռևս ունեն»։ Պետք է, երևի, սպասել, թե Մոսկվա այցից հետո Թուրքիայի արտգործնախարարը ադրբեջանցի պաշտոնակցի հետ ինչ կոմունիկացիա կունենա։

Բաց մի թողեք
Սերբիան լուրջ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ` վերջինիս սպառազինությունների ազդեցիկ մատակարարներից մեկը
Թուրքիա – ՌԴ – ՀՀ – Ադրբեջան․ որքանո՞վ են կողմերը հավատարիմ «սիներգիայի սկզբունքին»
Վատիկանն ու ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական պատմամշակութային ժառանգությունը