26/12/2024

Էլեն Բադալյանը դարձել է «Հիմա բոլորս միասին» հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանի հաղթող. Տեսանյութ

Հայուհի Էլեն Բադալյանը դարձավ ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի 6-րդ եթերաշրջանի հաղթողը՝ արժանանալով 5 միլիոն ռուբլի գլխավոր մրցանակին եւ «Նոր ռադիո»-ի կողից նոր երգի: 17-ամյա երգչուհին եզրափակչում ելույթ ունեցավ ամենավերջինը:

Հետեւելով 100 մասնագետներից բաղկացած ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւի խորհրդին՝ Էլենը կատարեց ռուսերեն ստեղծագործություն՝ Պոլինա Գագարինայի «Ты не целуй» երգը:

Նրա ելույթի ընթացքում Սերգեյ Լազարեւը չդիմացավ եւ բարկությունից սեղմեց հատուկ հյուրի՝ Ֆիլիպ Կիրկորովի կոճակը, ով ոտքի չկանգնեց Էլենի ելույթի ժամանակ:

«Այսպիսի ելույթի ընթացքում չկանգնելու համար պետք է ականջներ չունենաք: Այսպիսի պրոֆեսիոնալիզմ ամբողջ եթերաշրջանի շրջանակում ոչ ոք չի դրսեւորել»,-Լազարեւը դիմեց ոտքի չկանգնած մյուս ժյուրիի անդամներին:

Կիրկորովը, վիրավորվելով Լազարեւի պահվածքից, հեռացավ նկարահանման հրապարակից:

Էլենն արդյունքում հավաքեց 98 միավոր՝ առաջ անցնելով մեկ այլ հայազգի մասնացից՝ Ֆլորա Բիչախչյանից, որն ուներ 97 միավոր: Սակայն Սերգեյ Լազարեւը, հաշվի առնելով այն փաստը, որ ինքն էր սեղմել Կիրկորովի կոճակը, առաջարկեց հանել Էլենի օգտին գրանցված մեկ ձայնը եւ նոր քվեարկություն անցկացնել 2 հայուհիների միջեւ, ինչի արդյունքում Էլենն առաջ անցավ մրցակցուհուց եւ հայտնվեց լավագույն եռյակում: Ֆինալիստների ելույթներից հետո հայ երգչուհին կրկին հավաքեց 98 միավոր, որն ամենաբարձր ցուցանիշն էր:

Մրցանակը Էլենին հանձնեց անձամբ Սերգեյ Լազարեւը:

Թվում էր՝ կրքերն ավարտված են, սակայն հաղորդման ավարտին երգիչը, ով գլխավորել է նախագիծը առաջին եթերաշրջանից եւ միշտ աչքի է ընկել իր սրտացավ եւ էմոցիոնալ պահվածքով, շոկային հայտարարություն արեց՝ նշելով, որ որոշել է հեռանալ շոուից եւ նոր եթերաշրջանում չի գլխավորի ժյուրիի կազմը:

Էլենը նախագծում երբեւէ հաղթած միակ հայուհին չէ: Շոուի երրորդ եթերաշրջանում հաղթել էր Սյուզաննա Մելքոնյանը: