12/12/2024

6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևանի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող հանգստի գոտին վարձակալության է հանձնվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«Երևանի քաղաքապետի՝ 2019 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ և 2019 թվականի օգոստոսի 28-ին կնքված՝ հողամասի վարձակալության պայմանագրով վարձակալության է տրամադրվել ընդհանուր 511.36 քմ մակերեսով հողամաս: Հողամասի տարեկան վարձավճարը կազմել է 1 միլիոն 350 հազար դրամ:

Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Երևան քաղաքի բյուջեի մասով առկա է 7 միլիոն 512 հազար դրամի ժամկետանց պարտավորություն: Պարզվել է նաև, որ պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականի օգոստոսի 22-ը, իսկ նույն պայմանագրի 15-րդ կետի համաձայն՝ պայմանագրով վարձակալության իրավունքի ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի մայիսի 22-ը:

Կատարված ուսումնասիրությամբ փաստվել է, որ վերոնշյալ պայմանագրում վարձակալության իրավունքի ժամկետը սահմանվել է ավելի երկար ժամանակահատված, քան ինքնին պայմանագրի գործողության ժամկետը, որպիսի մոտեցումը չի բխում Քաղաքացիական օրենսգրքի պահանջներից:

Համայնքային շահերի նկատմամբ արձանագրված խախտումների պատճառների և դրանց նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ Դատախազության կողմից 2024 թվականի մայիսի 10-ին համապատասխան միջնորդագիր է ուղարկվել Երևանի քաղաքապետարան, ինչին ի պատասխան հայտնվել է, որ ձեռնարկվում են միջոցներ առկա խախտումների վերացման ուղղությամբ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ Ընկերությունը միայն 2019 թվականի օգոստոսին է կատարել 715 հազար դրամի վճարում: 2024 թվականի մայիսի 10-ին համապատասխան նախազգուշացում է հասցեագրվել Ընկերության տնօրենին՝ առկա պարտավորությունը սեղմ ժամկետում կատարելու անհրաժեշտության մասին, սակայն այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

2024 թվականի հունիսի 21-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ընկերության՝ հօգուտ Երևան համայնքի բյուջեի 7 միլիոն 512 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի վճռով բավարարվել է Դատախազության հայցապահանջը. Ընկերությունից հօգուտ Երևան համայնքի կբռնագանձվի 6 միլիոն դրամ (1 միլիոն 499 հազար դրամի մասով կիրառելով հայցային վաղեմություն, առանձնացնելով այն առանձին վարույթում՝ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 8-ին կայացրել է հայցը մերժելու մասին վճիռ, որի վերաբերյալ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք)»,- ասված է հաղորդագրության մեջ: