Պուտինի տարեվերջյան «ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի «մեխը» Արևմուտքին նետած հրթիռային մենամարտի «ձեռնոցն» էր: Նա ասաց, որ Արևմուտքը կարող է Կիևում ցանկացած թիրախ ընտրել, դրա շուրջ կենտրոնացնել իր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից միջոցները, միևնույն է՝ Ռուսաստանին կհաջողվի «Օրեշնիկով» խոցել այն:
Պուտինի այդ մարտահրավերը հնչեց արևմտյան մամուլում «Օրեշնիկ» հրթիռի իրական կարողության շուրջ բազմաթիվ հրապարակումներից հետո: Փորձագետները նաև կասկածում են, թե արդյոք Ռուսաստանը նման սպառազինության բավարար քանակ ունի՞:
Ուժային կենտրոնների դիմակայության բաղադրիչներից մեկն էլ քարոզչական պատերազմն է: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ «Օրեշնիկի» մասին արևմտյան ռազմական փորձագետների թերահավատությունը ստույգ տվյալների վրա է կառուցված: Զինատեսակի առավելությունը կամ թերությունը ստուգվում է մարտադաշտում:
Բայց Պուտինի չափազանց ռիսկային հայտարարությունից ընդամենը երեք օր անց, դելտեմբերի 21-ին ժամը 07-ից մինչև 09-ը Թաթարստանի մայրաքաղաք Կազանը երեք անգամ երեք ուղղություններից ենթարկվել է «ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի հարձակման»:
Ինքնավար հանրապետության ղեկավարի աշխատակազմից մամուլին հայտնել են, որ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է արդյունաբերական ձեռնարկության, մեկը՝ ընկել գետը, վեցը՝ խոցել բնակելի տարածքներ: Այլ աղբյուրներ հայտնում են, որ Կազանում իրականացվում է բնակչության մասնակի վերատեղավորում:
Որքանով հասկացվում է, խոսքը ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին մոտ գտնվող հատվածներից քաղաքացիական բնակչության տարհանման մասին է: «Ռոսավիացիան» հայտարարել է Կազանի և Իժևսկի օդանավակայանների ժամանակավոր փակման մասին:
Իժևսկի դեմ ԱԹՍ-ների հարձակման մասին տեղեկություն չկա: Ուդմուրտիայի մայրաքաղաքը, սակայն, Կազանից ուղիղ գծով ոչ ավելի, քան 270 կիլոմետր հեռավորության վրա է: Բաց աղբյուրների տեղեկություններով՝ Իժևսկում ռազմարդյունաբերական համալիրի տասնյակ խոշոր ձեռնարկություններ կան:
«Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի» տեղեկացվածությամբ՝ անցյալ շաբաթ ուկրաինական կողմն առաջին անգամ ռազմաճակատի մի հատվածում «ռոբոտ-գնդացրորդներ և ականազերծման հեռակարավարվող սարքավորումներ է կիրառել, որ նախագծվել և արտադրվել են Ուկրաինայում»: Ճիշտ է, դա «փորձնական բնույթի մարտ էր»: Ուկրաինական բանակի մի շարքային զինվոր ասել է, որ «ռուսները խուճապի են մատնվել»:
Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի համեմատ, իհարկե, ուկրաինական նորարարությունները ներշնչող չեն: Բայց փաստ է, որ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան ուկրաինական ինքնաթիռի տիպի անօդաչու ութ թռչող սարքեր հաղթահարել են Ռուսաստանի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը և Կազանում թիրախներ խոցել:
Ընդ որում, Ռուսաստանի նույնիսկ պաշտոնական աղբյուրներն են խոստովանել, որ առնվազն մեկ ԱԹՍ հարվածել է «արդյունաբերական ձեռնարկության»:
Այլ դեպքերում ՌԴ ՊՆ-ն պատճառած վնասները համարում էր «խոցված անօդաչու թռչող սարքի բեկորների հետևանք»: Այս անգամ նման «հիմնավորում» չի արվել: Դա նշանակում է, որ ՀՕՊ համակարգը չի աշխատել:
Այսինքն, ուկրաինական ԱԹՍ-երն ռուսաստանյան ՀՕՊ-ի տեղորոշիչ սարքերից չեն նկատվել: Հակառակ դեպքում պետք է ենթադրել, որ ՀՕՊ-ը «դասալքել է», ինչի հավանականությունը գրեթե զրոյական է:
Ուկրաինական կողմի վերջին շրջանի գործողություններում դիտարկվում է Ռուսաստանի իսլամադավան ինքնավարությունները թիրախավորելու միտում: Կազանում «արտակարգ դրություն է հայտարարվել» նաև նոյեմբերի սկզբներին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին ընդառաջ:
Վերջին երկու ամսում երրորդ անգամ ԱԹՍ-երի հարձակման է ենթարկվել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին, գրեթե միաժամանակ՝ Դաղստանի Կասպիյսկ քաղաքը: Պարբերաբար հարձակման է ենթարկվում Կարաչաևո-Չերկեսիան:
Դեկտեմբերի 21-ին տագնապ է հայտարարվել նաև Ուդմուրտիայում: Չի՞ հետևում, արդյոք, որ Վլադիմիր Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»:
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի
Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է