Թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, որոնցից մեկը վերաբերում է Զինված ուժերին: Մասնավորապես, Փաշինյանի «կիրթ» գործընկերը պահանջում է նրանից, որպեսզի Հայաստանը գումար չծախսի զենծ գնելու վրա:
«Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինության քաղաքականությունից, սրան պետք է վերջ տրվի: Ես բազմիցս խոսել եմ այս մասին, և նրանք գիտեն, որ իմ խոսքերը պետք է լսել։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ», – ասել է Ալիևը նոյեմբերի 8-ին իր ուղերձում:
Նմանատիպ հայտարարություններ ադրբեջանցի առաջնորդը հնչեցնում է պարբերաբար՝ սկսած 2020 թվականից: Նույնը պահանջում էր նաև Արցախից՝ զինաթափել ՊԲ-ն, իսկ որոշ ժամանակ անց Արցախը սկուտեղի վրա նվեր ստացավ Փաշինյանից:
Մինչդեռ ինքը՝ Ալիևը, շարունակում է զինատեսակներ գնել, սպառազինություն ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից, բայց հիմնականում հավատարիմ գործընկեր Իսրայելից: Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում բանակի հագեցման համար, ընդ որում հայտնի փաստ է՝ Ադրբեջանը գնում է հարձակողական բնույթի սպառազինություն:
Եվ այդ գործընթացը շարունակում է նաև այս օրերին, երբ պահանջում է Հայաստանից զենք չգնել:
Լրագրող Դավիթ Գալստյանը, որ պարբերաբար հետևում է Բաքու ենթադրաբար զենքով բարձված ինքնաթիռների երթուղիներին, ֆիքսել է հետևյալ չվերթը՝ Օվդա (Իսրայել)-Բաքու ուղղությամբ:
Ինչպես նշում է լրագրողը, այս տարի սա արդեն +/-25-րդ զենք տեղափոխող ինքնաթիռն է, որ այս երթուղով անցնում է։ «Գնում/գալիս են նաև Թուրքիա, Բուլղարիա, Սերբիա, Պակիստան (երևացողները)»,- ավելացրել է նա:
Իսկ ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս ամենին ընդամենը արձագանքել է. «Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ․․․»։
«…Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել, բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի:
Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է», – մասնավորապես ասել էր Փաշինյանը վերջին հարցազրույցում։
Բաց մի թողեք
Հայկական արծվագորգի զարդանախշը՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում». Լուսանկար
Ադրբեջանից առ այս պահը չի ասվել, որ իրենք ևս չունեն Հայաստանի հանդեպ որևէ մտադրություն
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները, գուցե նաև նոտարներին կարգի հրավիրող լինի