28/12/2024

Կրեմլը չի սպասում Փաշինյանի որոշմանն ու հայտնում է իր «որոշումը»

Կրեմլի խոսնակ Պեսկովը, լրագրողների հարցերին պատասխանելով, անդրադարձել է Սանկտ Պետերբուրգում այսօր կայացող ԱՊՀ գագաթնաժողովին չմեկնելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանն առավոտյան գրառում էր արել, որ նախորդ երկու օրերին վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն թեև արդեն թեստի արդյունքը բացասական է, այսինքն կորոնավիրուս չկա, այդուհանդերձ խորհրդակցելով նաև գործընկերների հետ՝ որոշել է չմեկնել Սանկտ-Պետերբուրգ:

Փաշինյանը հայտարարել էր, որ վաղը նույն վայրում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցելու հարցի վերաբերյալ որոշում կկայացնի մինչև օրվա վերջ: Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ակնկալում են Փաշինյանի մասնակցություն ԵՏՄ գագաթնաժոովին տեսակապով:

Ստացվում է, որ Կրեմլը չի սպասում Փաշինյանի որոշմանն ու հայտնում է ի՞ր «որոշումը» ՝ թե Հայաստանի վարչապետը մասնակցի տեսակապով, թե՞ այդ կերպ Կրեմլը արտահայտում է իր ցանկությունը և այսպես ասած «ուղղորդում» Հայաստանի վարչապետին: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Պուտինը չափազանց զգայուն է այդօրինակ հարցերում:

Անգամ հայտնի է, որ օտարերկրյա նախագահների ընդունելության ժամանակ իրականացվում էր հատուկ ախտահանում: Իհարկե, դա այն ժամանակ էր, երբ կորոնավիրուսը այսպես ասած «քայլում էր մոլորակով»: Հիմա սակայն այդ պատկերը չէ: Եթե Կրեմլը ունի անհանգստություն, դա նշանակո՞ւմ է, որ այնտեղ չեն կասկածել Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ չմեկնելու պատճառին, դա չեն համարել պարզապես պատրվակ:

Թե՞ հենց Կրեմլից էլ խորհուրդ են տվել գտնել որևէ պատրվակ ու չմասնակցել, և հիմա էլ «հորդորում» են չմասնակցել նաև ԵՏՄ գագաթնաժողովին: Թե՞ Պեկոսվի հայտարարությունը, որ ակնկալում են Հայաստանի վարչապետի տեսակապով մասնակցություն, պայմանավորված է լոկ այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը թեև հանրայնորեն խոստացել է որոշում կայացնել մինչև օրվա վերջ, այդուհանդերձ, արդեն իսկ այսպես ասած միջպետական խողովակով փոխանցել է Կրեմլին, որ չի մեկնի Սանկտ Պետերբուրգ նաև ԵՏՄ գագաթնաժողովի առնչությամբ:

Այստեղ, սակայն, մի ուշագրավ նրբերանգ էլ: Նիկոլ Փաշինյանը կարող էր փաստորեն տեսակապով մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, բայց չի արել դա: Համենայն դեպս, անսպասելի ծագած պատմությունն իսկապես բավականին բազմիմաստ է:

Ի դեպ, Պեսկովի հայտարարությունից մոտ 30 րոպե անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան նոր գրառումով հայտնեց, թե կորոնավիրուսի նոր թեստը դարձյալ դրական է և կաշխատի «որոշակի սահմանափակումներով»: