Հայաստանում շուրջ քառորդ դար քաղաքական պայքարը դիտարկվում էր որպես իշխանություն փոխելու գործիք: «Քաղաքական պայքար» եւ «իշխանափոխություն» բառեզրերը գրեթե հոմանիշներ են դարձել:
Ժողովրդի շուրթերին այն ավելի դիպուկ բնորոշում է ստացել՝ աթոռակռիվ: Այսինքն՝ ընկալումը մոտավորապես հետեւյալն է. եթե քաղաքական պայքար է գնում, ապա դա բացառապես իշխանափոխության համար է՝ «ուզում են իշխանությունը Փաշինյանից վերցնել»: Հասկացությունների այսպիսի նույնականացումն աղճատված պատկերացում է:
Ի՞նչ է, ուրեմն, նշանակում քաղաքական պայքար: Դա իրականում ապագային միտված նախագծերի պայքար է: Այսպես ասենք՝ Մտքի, Երեւակայության եւ քաղաքական Կամքի պայքար։ Իշխանությունը ոչ մեկի մենաշնորհը չէ, այն պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն է ընտրությունների միջոցով իշխանությունը պատվիրակում թեկնածուներից նրան, ում ապագայի տեսլականը լավագույնս համապատասխանում է իր մոտեցումներին ու ըմբռնումներին եւ ում մեջ ավելի մեծ քաղաքական կամք ու ջանադրություն է տեսել՝ դատելով նրա նախորդ աշխատանքային գործունեության փորձից:
Իսկ նա, ով հեռացել է ժողովրդի պատվիրաններից ու նրան տված խոստումներից, ավելին՝ բռնել է երկիրը ցնցումների, հանցավոր գործարքների, կորուստների տանող ճանապարհ՝ լինի Փաշինյանը, թե մեկ ուրիշը, պետք է անհապաղ թողնի ասպարեզը՝ եթե ոչ ինքնակամ, ապա իրեն ընտրած ժողովրդի պահանջով: Հայաստանի բարոյական անկումը սկսվեց այն օրվանից, երբ երդմնազանց ֆիդային հրապարակավ հայտարարեց, թե «ՀՀ-ում թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատագրական պատերազմը»։ Ընդ որում՝ հայտարարեց Փաշինյանի ներկայությամբ, հնարավոր է անգամ նրա հրահանգով:
Ասում են՝ անբարոյական եւ հանցավոր իշխանությունը, որը, բնականաբար, չի կարող ունենալ ապագայի նախագիծ, ծնում է նույնքան անբարոյական հասարակություն: Բաշար Ասադը պարտվեց, երբ իր իշխանությունը դարձավ անբարո, ապագայի նախագծից զուրկ, կոռումպացված եւ, որպես հետեւանք, հիմնված միայն դաժանության վրա:
Ի դեպ՝ «կոռումպացիան» բառացի նշանակում է «ժանգոտած»՝ այդպիսին է այսօր Հայաստանի գործող իշխանությունը, իսկ երեկ այդպիսին էր նախորդը: Ցավոք, «ժանգը» ներթափանցել, ապականել է նաեւ Մտքի դաշտը եւ անհնար դարձրել ապագայի պատկերի նախագծումը. չէ՞ որ իշխանափոխությունը Մտքի արգասիք կարող է լինել, այլ ոչ թե հակառակը:
Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք՝ իրականացնելով իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ: Հայաստանի վերջին 25 տարվա պատմության մեջ, ինչպես նշվեց վերը, բոլոր շարժումների կենտրոնական գաղափարը եւ նպատակը եղել է իշխանափոխությունը:
Ֆրոյդի հոգեվերլուծության «Կրկնվող երազներ»-ին նվիրված տեսության հիմքում այն միտքն է, որ դրանցից ազատվելու համար պետք է արթմնի վիճակում այդ գաղափարն իրականացվի: Իշխանափոխությունը 2018-ին կատարվեց, հիմա իրականության գիտակցման ժամանակն է, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ մենք մտավոր դատարկության մեջ ենք:
Հիշենք ավելի քան վեցուկես տարի առաջ տեղի ունեցած ապրիլ-մայիսյան դեպքերը, որտեղ հիմնական կարգախոսներից էր «Նոր Հայաստանի» կառուցումը: Արդյո՞ք կառուցեցինք… արդյո՞ք մենք հիմա Նոր Հայաստանում ենք ապրում: Իհարկե՝ ոչ: Մենք տակավին Հին Հայաստանում ենք:
Ավելին՝ դրա վերջին փուլում, ինչի վկայությունը դատարկության այն զգացողությունն է, որն արտահայտվում է քաղաքական բանավեճերում, ավելի շուտ դրանց բացակայության հենքին: Այս մտավոր դատարկությունն ու ապակողմնորոշված իրավիճակն էլ հուշում են, որ սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբն է, այլ Հին Հայաստանի վերջը:
Բաց մի թողեք
«Աղքատի» կամ «հարուստի» ծայրահեղ դաշտ, որ ոչնչացնոււմ է հանրությանն ու նրա իշխանությանը
Հայաստանում քաղաքական պատկերն ու քաղաքականության պետական արդյունքը
Հայաստանը պետք է կարողանա կառուցել ճկուն օրակարգ