Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամության հարցը 20 տարով հետաձգելու Թրամփի մոտեցումը չի բավարարում Ռուսաստանին:
Լավրովը հայտարարել է, որ առայժմ Վաշինգտոնից չի ստացվել ուկրաինական կարգավորման որևէ առաջարկ, քանի որ Թրամփը դեռ ընտրված նախագահ է, իսկ մինչև հունվարի 20-ը ԱՄՆ քաղաքականությունը որոշում է Բայդենը:
Սակայն, ըստ նրա, ժամանակավոր լուծումները Ռուսաստանի համար բավարար չեն: Լավրովի այս հայտարարությունը մի օրինակ է, թե որքան բարդ է լինելու Ուկրաինայում հրադադարի հասնելու պրոցեսը, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը խոստացել է գործադրել դրա ուղղությամբ մեծ ջանք:
Այստեղ առանցքային հարցն այն է, որ ուկրաինական պատերազմը գուցե համաշխարհային հիբրիդային մեծ պատերազմի խոշոր հանգույցն է, սակայն ամենևին ոչ կանխորոշող հանգույցը: Հետևաբար, ինքնին «ուկրաինական հրադադար» հասկացությունը որպես այդպիսին, խիստ հարաբերական է, քանի որ՝ թե ուկրաինական թեմայից են ածանցվում այլ ոչ պակաս կարևոր ուղղություններ, թե այդ ոչ պակաս կարևոր ուղղությունների հետ կապված թեմաներն են կանխորոշում ուկրաինական ուղղությամբ իրադարձությունների զարգացումը:
Դա էլ իր հերթին նշանակում է, որ ինչքան էլ առանցքային է լինելու ԱՄՆ ու ՌԴ միջև խոսակցությունն ու երկուսի դերը, այդուհանդերձ ազդեցիկ դերակատարները, որոնց տրամադրություններն ու մոտեցումները հաշվի չառնել թե ԱՄՆ, թե ՌԴ-ն չեն կարող, բավականին շատ են: Իհարկե սկզբունքային իմաստով վճռորոշը ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակն է, կամ այսպես ասած՝ ռազմավարական միջուկային ակումբը:
Այստեղ է սակայն, որ դեռևս չի նշմարվում համաշխարհային հարաբերությունների նոր կարգի և նոր սահմանների վերաբերյալ որևէ ընդհանուր հայտարար, անգամ սկզբունքների մակարդակով: Հետևաբար, համաշխարհային խաղաղությունը, որքան էլ հնչի ցավալի, դեռևս հեռու է: Դա նշանակում է, որ դեռեւս հեռու է որևէ այլ հատվածական խաղաղություն՝ այս կամ այն ռեգիոնում:
Սա ինքնին չի նշանակում որևէ տեղում պատերազմի անխուսափելիություն, որովհետև ի վերջո ոչինչ ինքնաբերաբար չէ: Սակայն համաշխարհային ռեժիմի սպասման հարցում մենք չպետք է հայտնվենք այսպես ասած՝ ցանկալին իրականության տեղ դիտարկելու ծուղակը:
Ծուղակից մենք հաստատ չենք կարող արդյունավետ կառավարել այն ռիսկերը, որ պարունակում է միջազգային միջավայրը ներկայումս:
Բաց մի թողեք
Ամանորյա ուղե՞րձ, թե՞ իշխանազավթման հերթական փորձի անոնս
Օդանավի աղետից Ալիևը ձգտում և ձգտելու է հնարավորինս առավել շահ կորզել Պուտինից
Մեզ պետք չէ ամերիկյան շոու, որ ընտրությունների ժամանակ «ականջին կրակեն». Լուկաշենկո