11/07/2025

Ադրբեջանը հակված չէ Հայաստանի հետ որևէ երկարաժամկետ ու հաստատուն կառուցողական գործընթացի

Չնայած հնչող այսպես ասած լավատեսական կամ հուսադրող ակնկալիքներին, որ բարձրաձայնվում էին 2024 թվականի հատկապես երկրորդ կեսին, տարին ավարտվեց այդպես էլ առանց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի:

Սակայն, ավելի շուտ զարմանալի էին հուսադրող կամ լավատեսական ակնկալիքները, քան այն, որ դրանք չեն դարձել իրականություն:

Բանն այն է, որ տարվա ընթացքում գործնականում չի նշմարվել որևէ էական նախադրյալ, որը թույլ կտար իրատեսական գնահատել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումն ու դրա կնքումը:

Ավելին, տարվա ընթացքում փաստորեն շարունակություն չի ունեցել անգամ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որը թվում է, թե ունեցել է տարվա արդյունավետ մեկնարկ: Ապրիլի 19-ին էր հայտարարվել Կիրանցի հատվածին առնչվող համաձայնությունների մասին:

Սակայն, այն, որ դա չի ունեցել շարունակություն սահմանազատման ու սահմանագծման գործընթացի տեսքով, հաստատում է այն գնահատականները, որ Կիրանցում իրականում տեղի չի ունեցել սահմանազատում ու սահմանագծում, այլ եղել է Ադրբեջանի միակողմանի պահանջով թելադրված գործընթաց:

Հակառակ պարագայում, եթե այն լիներ իրապես սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, ապա որևէ բան չէր խոչընդոտի դրա հետագա շարունակության շուրջ համաձայնությունների հարցում: Ադրբեջանը հակված չէ Հայաստանի հետ որևէ երկարաժամկետ ու հաստատուն կառուցողական գործընթացի, որը կունենա հավասարակշռված բնույթ, կարտահայտի երկուստեք ընդունելի իրողություններ:

Ադրբեջանը դրան կարող է գնալ միայն միջազգային ճնշման պայմաններում, բայց միջազգային ճնշում չի եղել, չկա ու չի լինելու: Որովհետև չկա դրա մոտիվը, իսկ, եթե որեւէ մի խաղացողի մոտ կարող է անգամ լինել այդ մոտիվը, չկա ճնշումը բանեցնելու կարողությունը: Օրինակ՝ Ֆրանսիան:

Ավելին, մեծ հարց է, թե ընդհանրապես կա՞ առանձին վերցրած որևէ ուժային դերակատար, որ ի վիճակի է արդյունավետ ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, եթե նկատի առնենք այն, որ այդպիսի քայլի պարագայում այդ դերակատարի աշխարհաքաղաքական մրցակիցները անմիջապես փորձելու են օգտվել այդ ճնշումից և Ադրբեջանին վերցնել իրենց հովանու ներքո կամ առաջարկել որևէ գործուն պաշտպանություն և դրա դիմաց ստանան որոշակի պայմանավորվածություններ:

Իսկ այսօր, քանի որ աշխարհում իրավիճակը գտնվում է ըստ էության «բոլորը բոլորի դեմ պատերազմի» ռեժիմում, իսկ Ադրբեջանն այդ պատերազմում էական «ակտիվ» է, ապա պետք է մոռանալ «միտքը», թե որևէ մեկը Բաքվին պարտադրելու է ստորագրել խաղաղության պայմանագիր, առավել ևս՝ հավասարակշռված բովանդակությամբ պայմանագիր:

Ավելին՝ մոլորություն է նաև միտքը, թե որեւէ մեկը լայն իմաստով Ադրբեջանի զսպման երաշխիք է: Առավելագույնը՝ ժամանակավոր, ընդ որում այդ պարագայում մեծ հարց է նաև, թե ինչ գնով: Կարող է խոշոր հաշվով գործել զսպման մեխանիզմի երկու տարբերակ՝ կամ ռեգիոնալ մակրոկառավարման սխեման, ինչպիսին էր օրինակ Մինսկի խմբի համանախագահությունը, կամ սխեմա, երբ ռեգիոնը կգտնվի մեկ գերակայի ազդեցության ներքո, ինչպիսին էր թերևս Խորհրդային Ժամանակաշրջանը:

Երկրորդ տարբերակը գործնականում բացառվում է: Կովկասի կառավարման հարցում թերևս աներկբա է, որ կառավարման մեխանիզմը լինելու է բազմակողմ:

Ինչպիսի՞ն, սա է հարցը: Հնարավոր սցենարները տարբեր են, և դրանք իհարկե պետք է լինեն Հայաստանի համար քննարկումների և մշակումների կարեւոր առարկա, քանի որ բոլոր դեպքերում՝ Հայաստանն անշուշտ ունենալու է իր դերը, և հետևաբար հայկական պետականության համար առանցքային խնդիրը համապարփակ կարողությունների որակյալ և անընդհատ աճի կոր ապահովելն է, որևէ մեխանիզմի պարագայում առավելագույն դերի, հետևաբար ռեգիոնալ առավելագույն բալանսի հավակնելու համար: