10/01/2025

ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել ՀՀ ժողովրդավարությանը. Միրզոյան

«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին», և այժմ սահմանված կարգով Կառավարությունը պետք է դիրքորոշում արտահայտի»:

Այս մասին Կառավարության 2025 թվականի առաջին նիստի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ առաջարկում է դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի շարք հանգամանքներից:

«Վերջին տարիներին ՀՀ-ն և ԵՄ-ն ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել, այդ հարաբերություններն ունեցել են շատ հարուստ բովանդակություն և ընդգրկել տարբեր ոլորտներ: ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել ՀՀ ժողովրդավարությանը, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և, ըստ էության, ներգրավել ՀՀ-ի շուրջ անվտանգայինն միջավայրի ապահովմանը, նկատի ունեմ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը:

Նաև դուք, պարոն վարչապետ, ԵԽ-ում ելույթ ունենալիս հայտարարել եք, որ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանը այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. մենք այդ հնարավոր համարելու նշաններն էլ ենք տեսել, նկատի ունեմ և՛ վիզաների ազատականացման մեկնարկը, և՛ մի շարք այլ գործիքներ, որ արդեն կիրառվել են կամ քննարկվում են»,- ասաց Միրզոյանը: