11/07/2025

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի բարելավման հույսի որևէ նշան չկա. Amnesty International

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի բարելավման հույսի որևէ նշան չկա. մարդու իրավունքների համակարգային լուրջ խախտումները պետք է խստորեն դատապարտվեն: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես նշված է.

▪Իրավապաշտպանների և այլ անձանց, որոնք քննադատում են իշխանություններին, կամայական և քաղաքական դրդապատճառներով կալանավորում են:

▪Ձերբակալված իրավապաշտպանները, լրագրողները, խաղաղ ցուցարարները, քաղաքական և այլ ակտիվիստները պահվում են այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, նրանց հաճախ զրկում են ընտանիքի անդամների, փաստաբանների և համապատասխան բժշկական օգնության հասանելիությունից: Բացի դրանից, հետապնդումների են ենթարկվում նաև իշխանություններին քննադատող հարազատներն ու ընտանիքի անդամները։

▪Ադրբեջանի անկախ ձայները բացակայում էին Բաքվում անցկացված COP29-ին։ Այն քչերը, որոնց տրվել էր պաշտոնական մուտք COP29-ին, Amnesty International-ին հայտնել են, որ վախենում էին ելույթ ունենալ համաժողովի անցկացման վայրում՝ վախենալով ռեպրեսիաներից:

▪Կալանավայրերում խոշտանգումները և դաժան վերաբերմունքի այլ տեսակները տարածված են Ադրբեջանում և անպատժելիորեն իրականացվում են ոստիկանության և քննչական մարմինների կողմից, իսկ մեղավորները գրեթե երբեք չեն ենթարկվում պատասխանատվության: Չկա բողոքների փոխանցման անկախ մեխանիզմ, ինչպես նաև չկա արդարադատության և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների հասանելիություն զոհերի համար:

▪Ադրբեջանում արդեն ավելի քան մեկ տասնամյակ փաստացի արգելված են խաղաղ ցույցերը: Ընդդիմադիր խմբերը, ակտիվիստները և նրանք, ովքեր քննադատում են իշխանություններին՝ ներառյալ բնապահպանական խմբերը, զրկված են խաղաղ հավաքների և իրենց մտահոգությունները արտահայտելու հնարավորությունից։

▪Ադրբեջանի իշխանությունները պատրվակ են ստեղծել կամայականորեն կալանավորելու և հետապնդելու իրենց քննադատներին ենթադրյալ ֆինանսական խախտումների համար, որոնք, ըստ իշխանությունների, հավասարազոր են հափշտակումներին, հարկերը վճարելուց խուսափումներին կամ անօրինական ձեռնարկատիրական գործունեությանը: Մյուս կողմից, կառավարության կողմից կազմակերպված ՀԿ-ները ֆինանսական աջակցություն են ստանում պետությունից և փորձում են դուրս մղել կամ փոխարինել քաղաքացիական հասարակության իրական կազմակերպություններին: