14/02/2025

31 տարի նախագահի աթոռին. ընտրությունների արդյունքները պարզ են. ցանկություն է հայտնել համագործակցել ԱՄՆ-ի հետ

Հունվարի 26-ին Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում կընտրվի յոթերորդ անգամ անընդմեջ։

Թեպետ ընտրությունների արդյունքները դեռ ամփոփված, հրապարակված չեն, սակայն սա պարզից էլ պարզ է: Լուկաշենկոյի մրցակիցները տեխնիկական թեկնածուներ են, իսկ իրական ընդդիմությունը բանտում է կամ՝ աքսորում:

Հունվարի 24-ին վաղաժամկետ քվեարկությանը մասնակցությունը գերազանցել է 27%-ը, իսկ կիրակի կեսօրին մոտ արդեն՝ 50%-ին։

Այդ նպատակով, ինչպես գրում են բելառուսական չգրաքննված լրատվամիջոցները, պետական հիմնարկների աշխատակիցներին արգելվել է արձակուրդ գնալ և պահանջվել է 100 տոկոս ներկայություն: Նման հրահանգ են ստացել անգամ բուժհաստատությունները. բժիշկներից պահանջվել է մինչև երկուշաբթի՝ հունվարի 27-ը, դուրս չգրել հիվանդներին, և նույնիսկ նրանք, ովքեր գտնվում են վերակենդանացման բաժանմունքում կամ, օրինակ, քաղցկեղի տերմինալ փուլում, բոլորը ստիպված են լինելու «քվեարկել», եթե «նույնիսկ անգիտակից վիճակում են։

BBC-ն գրում է, որ Եվրախորհրդարանը, Եվրամիության մի շարք երկրներ և ԱՄՆ-ն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչի այս ընտրությունները։

Բելառուսում ընտրությունների նախօրեին մթնոլորտը սկզբունքորեն տարբերվում էր 2020 թվականից, երբ ընդդիմությունը զանգվածային ցույցեր անցկացրեց, ձերբակալվածների թիվը հասավ հարյուրների, իսկ իշխանությունների ամենահայտնի քննադատները բանտարկվեցին կամ ստիպողաբար արտագաղթեցին։

Ալեքսանդր Լուկաշենկոն այդ ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, ստացել էր ձայների 80,1%-ը, սակայն ոչ մի արևմտյան երկիր չի ճանաչել այդ արդյունքները։ Այնուհետև հրապարակային դարձան տասնյակ ապացույցներ տեղամասային ընտրական հանձնաժողովների մակարդակով կեղծիքների վերաբերյալ։ Սա նշանակում է, որ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքնին խեղաթյուրված, թելադրված տվյալներ էր ստանում։

Հիմա չի կարելի ասել, որ Բելառուսում նույնիսկ ընտրապայքարի ու մրցակցության տեսք կար։ Օրինակ, Կոմունիստական կուսակցության նախագահի թեկնածու Սերգեյ Սիրանկովը բացահայտորեն սատարում էր Լուկաշենկոյին, իսկ Լուկաշենկոն հրապարակավ շնորհակալություն հայտնում նրան դրա համար։

«Ինձ դուր եկավ Սերյոժա Սիրանկովը: Նա ասում է՝ գիտեք, մենք դեմ չենք, մենք կողմ ենք, մենք միասին ենք, և մենք հաղթանակ կմաղթենք գործող նախագահին»,- գովել է Լուկաշենկոն իր չակերտավոր մրցակցին:։

Մյուս երեք թեկնածուն՝ Օլեգ Գայդուկևիչը Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Լեյբորիստական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը և ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, ովքեր մասնակցել են 2020 թվականի ընտրություններին ևս, առնվազն դեմ չեն Բելառուսի ներկայիս ղեկավարին։

Բելառուսի իշխանությունները հայտարարել են, թե թույլ չեն տա կրկնել 2020 թվականի իրադարձությունները, որոնք առերեսում էին ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնողների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև։

«Երկրի քաղաքացիները, հանրապետության հյուրերը չպետք է անհանգստանան: Չնայած համացանցում տարածված որոշ կեղծ տեղեկությունների, իրավիճակը Բելառուսում մեր լիակատար վերահսկողության տակ է»,- ըտրությունների նախօրեին վստահեցրել է ՆԳ նախարար Իվան Կուբրակովը:

Դեռևս վաղաժամկետ քվեարկության մեկնարկից առաջ ներքին գործերի գերատեսչությունների անձնակազմը և ներքին զորքերի զինծառայողներն անցել են ծառայության ուժեղացված տարբերակի, բոլոր տեղամասային հանձնաժողովները հագեցվել են տեսահսկման համակարգերով և խուճապի կոճակներով։

Անվտանգության ուժերից քվեարկության գործընթացի հետ կապված որևէ միջադեպի մասին հաղորդումներ չեն եղել։

Կիրակի առավոտյան՝ քվեարկության ավարտից մի քանի ժամ առաջ, Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ վերջինիս հարց է հնչել, թե ներկայիս ընտրությունները կարելի՞ է համարել ժողովրդավարական, եթե գործող նախագահի բոլոր քաղաքական հակառակորդները կամ բանտում են, կամ աքսորում։

Ի պատասխան՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ բանտը կամ արտագաղթը հենց ընդդիմադիրների «ընտրությունն» է։

«Սա ընտրության իրավունքն է։ Դա ժողովրդավարական է: Ոմանք ընտրեցին բանտը, ոմանք՝ աքսորը, ինչպես ասում եք։ Մենք ոչ մեկին չենք վտարել երկրից: Մենք վրեժխնդիր մարդիկ չենք, մենք չարամիտ չենք»,- ասել է Լուկաշենկոն։

Այս համատեքստում ավելորդ չէ հիշեցնել, որ Սվետլանա Տիխանովսկայան, ով, ըստ տարածված կարծիքի, հաղթել է Բելառուսի 2020 թվականի նախագահական ընտրություններում, փախել է երկրից 2020 թվականի օգոստոսին՝ վախենալով հետապնդումներից: Նա որոշել է մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ ամուսինը՝ Սերգեյը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն ձերբակալվել է։

Ներկայումս Սերգեյ Տիխանովսկին, ինչպես Սվետլանա Տիխանովսկայայի դաշնակից Մարիա Կոլեսնիկովան, պատիժ է կրում բելառուսական քրեակատարողական գաղութում: Նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։

«Մենք քաղաքական հոդվածներ չունենք, նրանք քաղբանտարկյալներ չեն, կարող եք քրեական գործերը նայել»,- ավելի ուշ պատասխանել է Լուկաշենկոն մեկ այլ հարցի:

Անդրադառնալով իր մենիշխանությանը և ավելի քան 30 տարի նախագահի պաշտոնում մնալուն, Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, թե չի փնտրում մեկին, ով կփոխարինի իրեն պետության ղեկավարի պաշտոնում, բայց ընդգծել է, որ իրեն հետաքրքրում է, թե ով կլինի երկրում իշխանության գլուխ։

«Մենք այժմ ապրում ենք այս ընտրությունների օրերը, դրանցից հետո կմտածենք հետոյի մասին»,- նշել է Լուկաշենկոն։

Քաջ տեղյակ լինելով ընտրությունների ելքի մասին, Լուկաշենկոն հայտարարել է, թե, իբր, չի ցանկացել որպես թեկնածու մասնակցել ընթացիկ նախագահական ընտրություններին։

«Ես չէի ուզում գնալ այս ընտրություններին, չէի՛ ուզում»,- ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում Մինսկի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ երկրի Անվտանգության խորհրդի նիստերից մեկում նշել է. «Տղե՛րք, ինչքա՞ն կարող է սա շարունակվել, մենք արդեն 30 տարի է, ինչ իշխանություն ենք, ինչ-որ տեղ անպարկեշտ է նույնիսկ, կարծես թե՝ այլ մարդ չկա, մեկն է մնացել»:

Այնուհետ, Լուկաշենկոն մեջբերել է Ազգային ժողովի խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովային, որն ասել է. «Մենք պատրաստ չենք այսօր տեսնել այլ թեկնածուի»։

Չկարողանալով հրաժարվել նախագահի աթոռից և տեղը զիջել այլ թեկնածուի, Լուկաշենկոն միաժամանակ իրարամերժ հայտարարություններ է արել՝ նշելով, թե հանրապետությունը կշարունակի ընթանալ իր ընտրած ճանապարհով, եթե անգամ ինքը լքի իր պաշտոնը։

«Բելառուսն այսօր արդեն այլ է, գիտի՝ ուր գնալ, հասկանում է։ Առանց ինձ նունիսկ ոչ ոք հետ չի գնա։ Մենք այսօր ճակատագիր չենք որոշում, մենք դա վաղուց ենք որոշել: Այստեղ՝ Բելառուսում, մենք կառուցել ենք այն, ինչ կմնա ժողովրդին»,- նշել է Լուկաշենկոն։

Անդրադառնալով միջազգային բազմաթիվ կառույցների, եվրոպական երկրների՝ Բելառուսի ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարություններին, Լուկաշենկոն ընտրությունների վերջին օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե իր համար «լրիվ մանուշակագույն է»՝ քվեարկության արդյունքները ճանաչվե՞լ են Արևմուտքում, թե՝ ոչ։

Ընտրվելու դեպքում Ալեքսանդր Լուկաշենկոն որպես Բելառուսի նախագահ կպաշտոնավարի 7-րդ ժամկետում: Նա երկրի նախագահն է 1994 թվականից մինչ օրս, առանց դադարների:

Վերջինս նախագահ է ընտրվել 1994, 2001, 2006, 2011, 2015, 2020 թվականներին տեղի ունեցած ընտրություններում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը կցանկանար համագործակցել Միացյալ Նահանգների հետ և Վաշինգտոնի հետ չի լուծի աշխարհում տիրող գլոբալ խնդիրները։

«Մենք չենք ակնկալում որևէ բաշխում Ամերիկայից, բայց մենք ցանկանում ենք համագործակցել նրանց հետ, մենք հասկանում ենք, որ սա աշխարհի առաջատար երկիրն է և լուրջ ազդեցություն ունի տնտեսության վրա՝ ներառյալ Բելառուսի, Ռուսաստանի հետ մեր միության, Չինաստանի տնտեսության և բոլոր երկրների:

Մենք աշխարհում գլոբալ հարցեր չենք լուծի Ամերիկայի հետ, մենք գիտենք մեր տեղը»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում լրագրողների հետ զրույցում։