01/03/2025

ԱՄՆ պետական դեպարտամենտի ոչ մի փաստաթուղթ հարցերի պատասխանները չի տա կամ չի ցանկանա տալ

Ովքեր ծանոթ են ղարաբաղյան խնդրի ոչ քնարականացված պատմությանը, գիտեն երկու շատ կարևոր փաստ, 1988թ. փետրվարի 22-ին, ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանից երկու օր անց, Աղդամում կազմակերպվել է բազմամարդ հանրահավաք:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, նպատակ է դրվել քայլերթով հասնել Ստեփանակերտ և «հայերին դաս տալ»: Ամբոխը հասել է Ասկերանի մատույցներ՝ իր ճանապարհին ավերելով հայկական Խրամորթ և Խանապատ գյուղերի այգիները, հանրային շինությունները: Խորհրդային զորքերի միջամտությամբ լայնածավալ բախումները կանխվել են Ասկերանի մատույցներում:

Նույն օրը, ինչպես ադրբեջանական քարոզչությունն է պնդում, Բաքու է հասել Կապանում «ծեծի և բարոյական բռնությունների ենթարկված փախստական դարձած ադրբեջանցիների առաջին խումբը»:

Հետագա մի քանի օրերին հենց «կապանցի փախստականներն» են շրջել Սումգայիթի փողոցներով և պատմել, թե «հայերն ինչ անարգանքի են ենթարկել իրենց»: Հետագա իրադարձությունները հայտնի են:

Բայց ինչու՞ հատկապես «կապանցի փախստականներն» են հայտնվել Բաքվում և Սումգայիթում: Ո՞րն է ադրբեջանական կողմի այդ քայլի իմաստը: Ակնհայտ է, որ Բաքվում ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի խնդիրը շաղկապել են Մեղրիի «ադրբեջանապատկանությունը վերականգնելու արդարացի պահանջի» հետ:

Ընդ որում, Աղդամից դեպի Ստեփանակերտ «դաստիարակչական երթը» և Կապանից «բռնատեղահանված ադրբեջանցիների» Բաքու հասնելու գործողությունները կազմակերպվել են այն ժամանակ, երբ Մոսկվայում ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն քննարկում էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումից ակնհայտ դարձավ, որ ԼՂ կարգավորման «տարածքային փոխանակումների» տարբերակ եղել է, քննարկվել է: Ամենակարևորը՝ նման առաջարկություն 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել է Հեյդար Ալիևը:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում է, որ այդ մասին լսելով՝ ինքը տպավորվել է, որ Ալիևը ոչ թե Հայաստանից Մեղրին է պահանջում, այլ առաջարկում է, որ Հայաստանը ստանա Լեռնային Ղարաբաղը:

Եթե Օսկանյանը ճիշտ է ներկայացնում իր ընկալումը, ապա պետք է ընդունի, որ լինելով Հայաստանի փոխարտգործնախարար, ապա և՝ նախարար, ինքը բացարձակապես անտեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների նախապատմությանը, Հարավային Կովկասի իրավա-քաղաքական ստատուս-քվոյի հաստատման չափազանց բարդ, ռուս-թուրքական պայմանավորվածություններով միջնորդավորված գործընթացին:

Չիմանալն, իհարկե, մեղք չէ, ոչ էլ որևէ մեկը կարող է Օսկանյանին քննադատել, թե «դիլետանտությա» այդ պաշարով ինչպե՞ս է ստանձնել արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Այդ հարցում ավելի մեծ է նշանակողի պատասխանատվությունը: Բայց այստեղ էլ այլ հարց է ծագում. իսկ Հայաստանի երկրորդ նախագահը հայ-ադրբեջանական հարաբերությունների «ցավոտ կետերի տեղը գիտե՞ր»:

Այսօր քաղաքական շատ գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, լրատվամիջոցներ, բլոգերներ, սոցիալական մեդիայի օգտատեր դժգոհում են, թե անցյալը փորփրելու ի՞նչ կարիք կա, փաստն այն է, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը հաղթած երկիր էր, նրա օրոք պարտվեց, կորցրեց Արցախը, ինքնիշխան տարածքներ և թե դեռ ինչ է լինելու՝ ոչ ոք չգիտի: Առերևույթ այդպես է: Եվ գործող իշխանությունը պատերազմի, պարտության, դրա բոլոր հետևանքների պատասխանատուն է:

Բայց, երեւի, այս իրավիճակի մասին է ասված, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է, բայց՝ պայքարի այլ միջոցներով: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը 1999 թվականին «տարածքային փոխանակումների» տարբերակը քննարկել են Մեղրիի նկատմամբ մուսավաթական, խորհրդային Ադրբեջանի հավակնությունների պատմության իմացությա՞մբ, թե հայկական պետականության համար ճակատագրական նշանակության խնդրի չիմացությամբ:

ԱՄՆ պետական դեպարտամենտի ոչ մի փաստաթուղթ այս հարցի պատասխանը չի տա կամ չի ցանկանա տալ: Բայց մենք կարող ենք կողմնորոշվել՝ հետևելով «նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը պետք է կատարվի» քաղաքական և տեղեկատվա-քարոզչական նարատիվների ծագումնաբանությանը: