20/03/2025

Իմ նկատմամբ բռնության գործի քննությունը իրականացրել է նույն քննչական մարմինն ու նույն ստորաբաժանումը, որն ինձ այժմ մեղադրանք է ներկայացրել

Կիրակի օրը դատարանը վճռեց մասնակիորեն սահմանափակել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը։ Նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով՝ (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը), հրապարակային քննադատական խոսքի համար։

«Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Էդգար Ղազարյանին:

– Դատարանը որոշել է, որ իրավունք չունեք կարծիք հայտնելու դատախազների, քննիչների, դատավորների,  քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի վերաբերյալ: Ուշագրավ է այստեղ հարկադիր կատարողի մասին սահմանափակումը: Երբևէ քննադատե՞լ եք հարկադիր կատարողներին, որ այժմ արգելում են խոսել նրանց մասին: Ինչո՞ւ են նման արգելանք սահմանել:

– Քրեական օրնսգրքի տվյալ հոդվածը վերցրել են ու ինչ պաշտոններ, որ նշված է քոփի են արել ու ֆիքսել և միջնորդության, և դատավորի որոշման մեջ: Ես ոչ մի հարկադիր կատարողի հետ խնդիր չեմ ունցել, երբևէ նրանց մասին խոսք անգամ չեմ ասել, հենց դա է ամբողջ խնդիրը: Սահմանափակելով իմ իրավունքները՝ վերցրել են շատ լայն սպեկտոր, ընդգրկումը թեպետ լայն է, սակայն բավականին անորոշ է: Ի դեպ, պրոբացիոն ծառայություն գրություն եմ ուղարկել, քննիչին ևս միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի ինձ տրամադրեն բոլոր դատավորների, դատախազների, քննիչների, հարկադիր կատարողների ու նրանց մերձավոր ազգականների տվյալները:

– Ինչո՞ւ:

– Որպեսզի հրապարակային խոսք ասելիս իմանամ` նրանց վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ: Ի դեպ, պետք է հասկանալ այս վճիռը ադրբեջանցիներին ու ՄԱԿ-ի անդամ պետություններին վերաբերո՞ւմ է, թե՞ չի վերաբերում: Դատական նիստի ժամանակ, երբ քննարկում էր ընթանում, պաշտպաններից մեկը հարց ուղղեց այն մասին, որ այժմ Բաքվի դատարաններում ընթանում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատական նիստերը: Արդյո՞ք տվյալ գործերի շրջանակներում կաշկանդվածություն ունեմ խոսելու, օրինակ, այդ գործով դատավորների մասին: Ոչ մի հստակ պատասխան չտրվեց, չասվեց, որ այն միայն Հայաստանի իրավապահներին է վերաբերում: Ստացվում է, որ ադրբեջանցիների բոլոր տվյալները նույնպես պետք է ունենամ, որպեսզի հանկարծ նրանց էլ չքննադատեմ:

– Այս գործը կապված է միայն դատավոր Վահե Գրիգորյանի հետ, սակայն Ձեզ արգելում են հրապարակային արտահայտվել մի քանի համակարգերի, ինստիտուտների մասին: Ինչո՞վ է պայմանավորված սա, եթե խնդիրը մեկ անձի հետ է կապված:

– Այո, չկա որոշակիություն: Իմ պաշտպանները այս հարցը բարձրացրել են, խոսքը մարդու իրավունքների սահմանափակման մասին է: Սահմանափակման շրջանակը պետք է լինի խիստ որոշակի: Իմ վարքագիծը պետք է լինի կանխատեսելի, թե ինձ համար, թե իմ նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց համար: Ասում են` չի կարելի արտահայտություններ անել տվյալ մասնագիտություն ունեցող անձանց վերաբերյալ: Ի՞նչ արտահայտությունների մասին է խոսքը: Միայն իմ դեմ ներկայացված մեղադրանքում առկա արտահայտություննե՞րը, թե՞ այլ արտահայտություններ ևս: Օրինակ` կարող են նշել, որ հստակ մի քանի եզրույթներ արգելում են կիրառել: Դա ինձ համար էլ հասկանալի գուցե լինի:

– Օրինակ` դատավորներին կարո՞ղ եք կոմպլիմենտ անել, թե՞ դա էլ է արգելված:

– Չգիտեմ, գուցե կոմպլիմենտ անելն էլ է արգելված: Խոսքի նկատմամբ ընկալումները շատ տարբեր են: Մեկին մի բան կարող ես ասել` վիրավորվի, մյուսին նույն բանն ասես՝ ուրախանա, իրեն թվա գովեստի խոսքեր ես շռայլում: Այսինքն` ընկալումները բավականին տարբեր են: Դժվար է ասելը, թե ով ինչպես կընկալի իմ խոսքը: Հետևաբար սա քայլ է խոսքի ազատության դեմ: Դուք էլ կարող եք մի արտահայտություն թույլ տալ, որից մեկը վիրավորվի, մյուսը` ուրախանա:

– Մենք տեղեկացանք, որ Ձեզ ծեծի ենթարկելու գործով դատական նիստերից մեկի ժամանակ պատասխանող կողմի փաստաբանը կոշտ է արտահայտվել, ինչից հետո Դուք հաղորդում եք ներկայացրել նրա դեմ՝ որ դատարանի նկատմամբ անհարգալից է արտահայտվել: Ի՞նչ է տեղի ունեցել:

– Այո, նման բան եղել է: 2024 թվականի նոյեմբերին, դատական նիստի ընթացքում, վկայի հարցաքննության ժամանակ այդ փաստաբանը, որի անունը չեմ էլ հիշում, ինձ սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց, և ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական կոմիտեում գործը քննվում է, ինչպես նաև ես դիմել եմ Փաստաբանների պալատ: Իմ նկատմամբ բռնության գործի քննությունը իրականացրել է նույն քննչական մարմինն ու նույն ստորաբաժանումը, որն ինձ այժմ մեղադրանք է ներկայացրել: Խոսքը ծանր հանցագործությունների բաժնի մասին է: Իմ նկատմամբ բռնություն գործադրածների նկատմամբ ոչ մի համակցված խափանման միջոց չի կիրառվել, բացի չհեռանալու արգելքից: