Որտե՞ղ են Հայաստանի 100 կուսակցությունները.
«Կուսակցությունները ինքնանպատակ են ոչ միայն, որ հասարակությանը ծառայելուց ավելի իրենք իրենց են ծառայում, այլեւ ունեն կռապաշտության եւ առհասարակ կրոնական մոլությունների բոլոր ախտերը»:
Նման գնահատական կարող է հնչել նաեւ այսօր, բայց իրականում միտքն արտահայտվել է ավելի քան 100 տարի առաջ, եւ դրա հեղինակն է հայ փիլիսոփա, ընկերաբան եւ թարգմանիչ Վարազդատ Տերոյանը: Ֆրանսիայում եւ Գերմանիայում փայլուն կրթություն ստացած մտավորականը մի շարք ուշագրավ աշխատությունների հեղինակ է: 1930-ականներին նա ստալինյան բռնաճնշումների զոհը դարձավ:
Հոդվածը, որից արված է մեջբերումը, գրվել է 1917 թվականին, երբ պարզ էր, որ, համենայնդեպս, հայ իրականության մեջ թե՛ սոցիալիստական, թե՛ ազգայնական կուսակցությունները ի վիճակի չեղան եթե ոչ կանխել ցեղասպանության աղետը, ապա գոնե մեղմացնել դրա հետեւանքները: «Շատ հեշտ է կատարվում կերպարանափոխությունը, շատ հեշտ են անցնում կուսակցությունները սոցիալիստականից ազգայնականին եւ ազգայնականից սոցիալիստականին», – գրում է հեղինակը:
Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում: Շատ պարզ. որովհետեւ սոցիալիզմը, լիբերալիզմը, ազգայնականությունը եւ մնացած «իզմերը» սովորաբար կուսակցականներին չեն հետաքրքրում: Կուսակցությունները, որպես կանոն, հիմնված են կա՛մ վերը հիշատակված կռապաշտության, առաջնորդի հանդեպ կույր հիացմունքի, կա՛մ/եւ պարզապես «դրամարկղ» են, որոնցից կուսակցականներն աշխատավարձ են ստանում:
«Դրամարկղ», իհարկե, լայն իմաստով՝ դրա մեջ են մտնում նաեւ զանազան բիզնես-սխեմաները, հատկապես, եթե խոսքն իշխող կուսակցության մասին է: «Դրամարկղը» եւ կռապաշտությունն իրականում իրար չեն հակասում՝ շատ հաճախ մարդիկ պաշտում են կամ ձեւ են անում, որ պաշտում են այն մարդուն, որն իրենց կերակրում է:
Այժմ Հայաստանում գրանցված է ավելի քան 100 կուսակցություն: Խնդիրն այն չէ, որ դրանք շատ են, այլ այն, որ դրանք ստեղծվել են մեկ մարդու շուրջ եւ ամբողջությամբ պայմանավորված էին տվյալ մարդու ցանկություններով եւ ջանքերով:
Ընդ որում, երբեմն եղել է, որ նման կուսակցությունները խորհրդարանի մաս են կազմել: Բայց որտե՞ղ են հիմա, օրինակ, «Ազգային միաբանությունը» կամ «Օրինաց երկիրը»: Իհարկե, լինում են բացառություններ: Ես կարող եմ պատկերացնել Դաշնակցությունն առանց Հրանտ Մարգարյանի կամ ՀՀԿ-ն առանց Սերժ Սարգսյանի:
Անգամ ՀԱԿ-ը՝ առանց Տեր-Պետրոսյանի, չնայած այս դեպքում առաջնորդի հանդեպ «կրոնական» երկրպագության տարրն առկա է: Բայց ի՞նչ կդառնա ՔՊ-ն առանց Փաշինյանի:
Իշխանափոխությունից հետո ՔՊ-ականների մի մասը, որը կարողացել է «իրեն դզել», կմեկնի Հայաստանից, իսկ մնացածը կսկսեն համոզել, որ իրենք «նիկոլական չէին» (նույնիսկ հիմա են այդ «մոտիվները» լսելի): Եթե «գաղափարախոսությունը» հարստանալն է եւ օրը երեք անգամ քյաբաբ ուտելը, ապա «ժողովուրդը» քյաբաբի տեղը գիտի նաեւ առանց ՔՊ-ի:
Երբ չկա Փաշինյանը՝ այն «սուպերհերոսը», որն «ազատագրեց ժողովրդին թալանչի նախկիններից եւ ռուսական լծից», ՔՊ-ն որպես այդպիսին պետք չի լինելու: «Կուսակցական եւ անձնական եսերի նույնություն եւ կատարյալ համերաշխություն կա նրանց մոտ միայն, որոնք արհեստով կուսակցական են: Կուսակցության մեջ եղած անունների մեծ մասը սրանցից է կազմվում», – գրում է Վ.Տերոյանը:
«Արհեստով կուսակցականները», բնականաբար, միայն նրանք չեն, ովքեր կուսակցական տոմս ունեն: Լայն իմաստով, կուսակցականությունը ենթադրում է որոշակի «քառակուսիություն», երբ մարդիկ կարծում են, թե իրենք արտահայտում են «սաղ ժողովրդի» շահերը: Ես, օրինակ, գիտեմ, վստահ եմ, որ իմ եւ «սաղ ժողովրդի» մտածելակերպը տարբեր է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; «Առավոտ» օրաթերթ

Բաց մի թողեք
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են
Դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած արշավի նոր դրսեւորումը