Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես հայտնի է, Վաշինգտոնից մեկնել է Լոնդոն, որտեղ մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվում:
Ըստ բրիտանական The Times-ի, հրավիրված են Ֆրանսիան, Ուկրաինան, Գերմանիան, Իտալիան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Ֆինլադիան, Շվեդիան, Թուրքիան, Չեխիան, Ռումինիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը:
Նախօրեին Իտալիայի վարչապետ Մելոնին հանդես է եկել Եվրոպա-Միացյալ Նահանգներ «հրատապ գագաթաժողով» կազմակերպելու նախաձեռնությամբ: Ըստ երևույթին, Լոնդոնում քննարկվելու է նաև նման հանդիպման նպատակահարմարությունը, բայց գլխավոր թեման, անկասկած, Ուկրաինային ցուցաբերվելիք աջակցությունն է:
«Անադոլուն», հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Լոնդոնի հանդիպմանը «նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը»:
Սպասվում է, որ նա մտքերի փոխանակություն կունենան ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված հարցերով՝ «ներառյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը, կպատմի այն ներդրման մասին, որ Թուրքիան կարող է ունենալ գործընթացում, կընդգծի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ երկրի ջանքերը, ինչպես նաև կվերահաստատի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը Թուրքիայի աջակցությունը»:
Ակնկալվում է, որ Ֆիդանը նաև կընդգծի, որ Թուրքիան պատրաստ է հետագայում բանակցությունների հարթակ տրամադրել, որպեսզի տարածաշրջանում հաստատվի անվտանգություն, կայունություն և տնտեսական բարգավաճում:
«Անադոլուն» ուշադրություն է հրավիրում Ուկրաինայի նախագահ Զելենսկու փետրվարի 18-ի Անկարա այցի, ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցով Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի՝ ռուս և ամերիկացի գործընկերների հետ բանակցությունների վրա:
Թուրքիան, իհարկե, լոնդոնյան հանդիպմանը կարող էր ներգրավվել որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, բայց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրավեր ուղարկել է նախագահ Էրդողանին: Դա նշանակում է, որ Անկարայի հնարավոր դերակատարությունը կարող է ավելին լինել:
Իսկ Էրդողանը, ինչպես պարզվում է «Անադոլուի» տարածած հաղորդագրությունից, որոշել է Լոնդոն գործուղել արտաքին գործերի նախարար Ֆիդանին՝ նրան օժտելով իր անունից դիրքորոշում արտահայտելու լիազորությամբ:
Հնարավոր է՝ Թուրքիայի նախագահը «տանը անհետաձգելի գործեր է ունեցել»՝ կապված Քրդական բանվորական կուսակցության տարածած հայտարարությամբ ստեղծված իրավիճակի հետ, ՔԲԿ-ն համաձայն է «դադարեցնել կրակը» և պահանջում է, որ «Եվրոպական անվտանգության համակարգն առանց Թուրքիայի չի կարող արդյունավետ լինել», – լոնդոնյան հանդիպումից երկու օր առաջ հայտարարել է Էրդողանը:
Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունի, վերջին մեկ-մեկուկես տասնամյակում զարգացրել է սեփական ռազմաարդյունաբերական համալիրը: Լոնդոնյան հանդիպումից «խուսափելով»՝ Էրդողանը, կարծես, հասկացնում է, որ Անկարան ընտրության մի քանի, այդ թվում նաև Միացյալ Նահանգների հետ պայմանավորվելու, հնարավորություն ունի և որոշում կկայացնի՝ ելնելով սեփական շահից կամ աշխարհաքաղաքական հեռանկարի իրացնելիությունից:
Եվրոպային, ինչ խոսք, Թուրքիայի «համերաշխությունը» շատ թանկ կարժենա, բայց այլընտրանքը ո՞րն է: Եվ ի՞նչ տեղի կունենա, եթե Թուրքիան «դեմքով շրջվի դեպի Արևելք»:
Բաց մի թողեք
Մեծ աղմուկ ոչինչից, Ալիևը այստեղ, Ալիևն՝ այնտեղ, ինչ տարբերություն որ անոթում
Ալիևի հնարած «արևելյան» և «արևմտյան Զանգեզուր» հասկացությունները միայն «քնարական» կամ «ազգային-նոստալգիկ» չեն
Ժողովուրդը տեսնում, իր մաշկի վրա զգում էր Քոչարյանի և Սարգսյանի օրոք երկրում առկա «գաղջ մթնոլորտը»