12/05/2026

EU – Armenia

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման կմեկնի առանց «իրանական հաղթաթղթի»

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ին պետական այցով կգտնվի Պեկինում։ Այդ այցը պետք է կայանար ապրիլին։

Բայց ակնկալիքները, որ Իրանը կընդունի «կարգավորման» Վաշինգտոնի թելադրած պայմանները, չարդարացան, և այն հետաձգվեց։

Ըստ էության, անցած մեկ ամսում Իրանի շուրջ իրավիճակը չի փոխվել։ Նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի «ներկայացրած առաջարկությունները ընդունելի» չեն։ Թեհրանից ԱՄՆ նախագահին հակադարձել են ինքնությունը չվկայակոչած պաշտոնյայի հայտարարությամբ, որ «դա նույնիսկ ավելի լավ է, քան եթե Վաշինգտոնը համաձայներ»։

Այսպիսով, Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման կմեկնի առանց «իրանական հաղթաթղթի»։ Այս առումով ուշագրավ է Turkiye իշխանամետ պարբերականի վերլուծությունը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը «կփորձի ճնշում գործադրել, որպեսզի Սի Ծինփինը Թեհրանին համոզի ընդունել գործարքի պայմանները, բայց Մերձավոր Արևելքում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը լիովին ձեռնտու է Պեկինին»։

Ղազախստանցի քաղաքագետ Սապթաևը գտնում է, որ եթե անգամ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնվի, միևնույն է «այդ երթուղու կայունության և անվտանգության վարկանիշը մեծապես վնասված է, ուստի ցամաքային հաղորդակցության ուղիների կարևորությունը մեծանում» է։

Տվյալ դեպքում խոսքը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մասին է, որ ավելի շատ հայտնի է «Միջին միջանցք» անվանումով։ Ըստ տեղեկությունների, Ղազախստանը և Ադրբեջանը նավահանգստային ենթակառուցվածքների արդիականցման համատեղ ծրագիր են համաձայնեցրել, ինչը վկայում է, որ կանխատեսովում է բեռնափոխադրումների ծավալների աճ։

Անցյալ տարի կայացել է Եվրամիություն – Կենտրոնական Ասիա գագաթաժողով։ Եվրահանձնաժողովը «Միջին միջանցքի» ենթակառուցվաածքների արդիականացման համար միլիարդավոր եվրոյի խոստում է տվել։

TRIPP նախագիծը «Միջին միջանցքի» բաղկացուցիչ է, որի գործարկմամբ Հայաստանը, պատկերավոր ասած՝ կներգրավվի «ցամաքային Սուեզի» գլոբալ նշանակության հաղորդակցությանը։

Սապթաեւը, որ գլխավորում է Ղազախստանի «Ռիսկերի գնահատման» վերլուծական կենտրոնը, գտնում է, որ «Միջին միջանցքը» բոլոր շահագրգիռ կողմերին «ձեռնտու է, բացի Ռուսաստանից»։

Ապրիլի 2-ին, Կրեմլում Պուտին-Փաշինյան բանակցությունների հաջորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետ Օվեերչուկը ՏԱՍՍ-ին հարցազրույցում վստահաբար ասել է, որ Չինաստանից և Ռուսաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումները կիրականացվեն «Իրանի տարածքով»։