Մարտի 2-ին Իրանի խորհրդարանը 182 քվեով անվստահություն է հայտնել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմաթիին, 88 պատգամավոր «դեմ» է քվեարկել, մեկ ձայն անվավեր է ճանաչվել:
Այդ մասին հայտնում է IRNA պետական գործակալությունը: Խորհրդարանի արտակարգ նիստին ներկա է գտնվել Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Իր ելույթում նա փորձել է պաշտպանել նախարար Հեմաթիին և հիմնավորել, որ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառն արտաքին հանգամանքներն են, բայց ապարդյուն: Նախարար Հեմաթին ուներ այսպես կոչված «բարեփոխական գործչի» համարում:
Իրանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում: Փեզեշքիանի նախագահության յոթ ամիսներին ազգային արժույթը՝ ռեալը, շուրջ մեկ երրորդով արժեզրկվել է, սղաճը բարձր է, բնակչության գնողունակությունը զգալիորեն նվազել է:
Մասուդ Փեզեշքիանը, ինչպես հայտնի է, նախագահի պաշտոնն ստանձնելիս Իրանի համար չափազանց կարևոր է համարել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը:
Իրանի քաղաքական վերնախավում ուժերի հարաբերակցությանը ծանոթ փորձագետները դեռևս այն ժամանակ էին կանխատեսում, որ «աշխարհի առջև բացվելու» կարգախոսով Փեզեշքիանի «գլխին մշտապես կախված է լինելու պաշտոնանկության սպառնալիքը, որովհետև խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմում կրոնապետության կողմնակից պահպանողականները»:
Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Հեմաթիի պաշտոնանկությունը, հավանաբար, նախազգուշացում է նախագահ Փեզեշքիանին: Ինչպես այլ աղբյուրներ են հաղորդում, խորհրդարանում նա խոսել է Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի հարցով բանակցություններ սկսելու իր նախաձեռնության և Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից արգելքի մասին: Փեզեշքիանը մեջբերել է Խամենեիի միտքը, որ Միացյալ Նահանգների հետ խոսել չարժե, դա անիմաստություն կլինի:
Իրանի նախագահը, իհարկե, ավելացրել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է Իսլամական հեղափոխության առաջնորդը, և բոլորը պետք է գործեն նրա ցուցումներով, բայց, ամենայն հավանականությամբ, նա հանրությանը ուղերձ է հղել, որ սոցիալ-տնտեսական կարգավորումներ չեն լինի, եթե Իրանը չհասնի պատժամիջոցների թուլացմանը, չհաղթահարի համաշխարհային շուկա մուտքի բազմաթիվ արգելքները, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահի կողմից ավելի են խստացվել:
Իր և Իսլամական հեղափոխության առաջնորդի միջև տարաձայնությունները հրապարակայնացնելով՝ Մասուդ Փեզեշքիանը, ըստ երևույթին, հանրային որոշակի աջակցություն է ակնկալում: Բայց դա չափազանց վտանգավոր է, որովհետև կարող է բողոքի զանգվածային շարժում սադրել:
Իրանի խորհրդարանը պետք է պաշտոնում հաստատի էկոնոմիկայի և ֆինանսների նոր նախարարին, որի թեկնածությունը ներկայացնում է նախագահը: Ի՞նչ ընտրություն կկատարի Մասուդ Փեզեշքիանը: Եթե նա ներկայացնի «բարեփոխական թիմից» մեկի թեկնածությունը, իսկ խորհրդարանը մերժի, ապա պարզ կլինի, որ Իրանի վերնախավում տարաձայնություններն արդեն համակարգային են:
Իրադարձությունների նման զարգացման դեպքում ի՞նչ որոշում կկայացնի Մասուդ Փեզեշքիանը, հրաժարական կներկայացնի՞, թե՞ կսպասի, որ խորհրդարանն իրեն պաշտոնազրկի: Մասուդ Փեզեշքիանի հետ կապված այլ խնդիր էլ կա. նա էթնիկ ազերի է: Նրա պաշտոնանկությունը կարող է Թավրիզում անջատողական տրամադրություններ հարուցել:
Բաց մի թողեք
Ադրբեջանում նաև տարածաշրջանային այլ զարգացումներ են հաշվարկվել
Հայաստանի և թերևս հայության հավաքական խնդիրը պետք է լինի …
Ոսկյա ժամացույց, ադամանդե մատանի, հնաոճ իրեր, միլիոնավոր դրամներ․ Գյումրիի «հարուստ» և «աղքատ» թեկնածուները