10/03/2025

Արդյո՞ք Իրանում Զարիֆի հրաժարականը ենթադրում է «երկվության» չեզոքացում

Իրանի նախագահի ռազմավարական հարցերով օգնական Մոհամմադ Զարիֆի պաշտոնանկությունը, անկասկած, պարզապես ներիրանյան իրադարձություն չէ:

Ավելի շուտ, իրադարձությունն իհարկե ներիրանյան է, բայց դրա նշանակությունը ունենալու է շատ ավելի միջազգային ընդգրկում, քանի որ տեղի ունեցածն ըստ ամենայնի արտացոլում է իրանյան քաղաքականության փոփոխության միտումներ:

Մեծ հաշվով, Իբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո Իրանում ձևավորվեց որոշակի ներքաղաքական վակուում, որը գերագույն հոգևոր առաջնորդին հաջողվեց կարգավորել ներիշխանական տարբեր թեւերի միջև որոշակի հավասարակշռություն ենթադրող համաձայնություններով:

Իրավիճակի արտառոցության մասին վկայեց այն, որ պահպանողական թեւի ներկայացուցիչ նախագահի մահից հետո արտահերթ նախագահական ընտրությունը անսպասելիորեն հաղթեց ռեֆորմատոր Մասուդ Փեզեշքիանը, այն դեպքում, որ նրան գործնականում ոչ ոք չէր դիտարկում ընտրության ֆավորիտ:

Ավելին, հատկանշական էր նաև, որ նախագահի ընտրության երկրորդ փուլում, ըստ էության, չեղավ նաեւ պահպանողական թևերը ներկայացնող թեկնածուների այսպես ասած մոբիլիզացիա և միասնական թեկնածուի առաջադրում: Խոշոր հաշվով, նախագահական ընտրությունից հետո իրանում, ըստ էության, ներիշխանական «երկվություն» էր՝ պահպանողականների և ռեֆորմատորների միջև:

Արդյո՞ք Զարիֆի հրաժարականը ենթադրում է այդ «երկվության» չեզոքացում: Դա կնշանակի, որ Իրանում պահպանողական թեւը վերականգնում է այն դիրքերը, որ ուներ նախագահ Իբրահիմ Ռայիսիի նախագահության շրջանում: Դա կնշանակի՞ նախագահի փոփոխություն:

Համենայն դեպս պարտադիր չէ: Ավելին, Մասուդ Փեզեշքիանի ֆիգուրը կշարունակի ծառայել բալանսավորմանը, պարզապես արդեն այլ՝ հանրային սպառման մակարդակում, ինչը ներքաղաքական տիրույթում կծառայի պահպանողական թևի ճկունությանը:

Իրանում ներքաղաքական այդ էական շարժից մի քանի օր առաջ Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հանդիպումը Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ, որն ի դեպ Զարիֆի տեղակալն էր, երբ վերջինս զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը նախագահ Հասան Ռոհանիի կառավարությունում:

Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Արաղչին, մանրամասներ հայտնի չեն, սակայն ժամանակը չէ՞ արդյոք, որ Երևանն ու Թեհրանը վերադառնան հայ-իրանական սահմանին բարձր մակարդակի հանդիպման գաղափարին, որի պայմանավորվածության մասին հայտնի դարձավ նախագահ Ռայիսիի ողբերգական մահից հետո, եւ որը այդպես էլ չհաստատվեց, բայց չհերքվեց պաշտոնական մակարդակով:

Հիշեցնեմ, որ 2024 թվականի մայիսին նախագահ Ռեյիսիի ուղղաթիռը աղետի ենթարկվեց այն բանից հետո, երբ Իրանի նախագահն ու արտգործնախարարը վերադառնում էին Իրան-Ադրբեջան սահմանին Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:

Աղետից հետո շրջանառության մեջ հայտնվեց տեղեկություն, որ հայ-իրանական սահմանին նախատեսված էր Փաշինյան-Ռայիսի հանդիպում, որը սակայն չեղարկվել էր, քանի որ ադրբեջանական կողմը պնդել էր սահմանին Խուդափերինի ՀԷԿ գործարկման վերաբերող միջոցառմանը նախագահական մակարդակով մասնակցությունը: