10/03/2025

Անկարան և Թեհրանը «դիվանագիտական կսմիթներ են փոխանակել», Էրդողանն իր մոտ է կանչել Ալիևին

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը սահմանել է քրդական հարցում «կարմիր գծերը», սահմանադրության նախաբանը և առաջին չորս հոդվածները քննարկման առարկա չեն, Օջալանին ներուժ չի շնորհվի, պետք է լուծարվի ոչ միայն «Քրդական բանվորական կուսակցությունը», այլև նրա «սիրիական մասնաճյուղը», ՔԲԿ լուծարման և այլ «տեխնիկական հարցեր» կքննարկվեն MIT-ի աշխատակիցների մակարդակով:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աղբյուրները մամուլին տեղեկացրել են, որ պետության բնութագրի մասին որևէ քննարկում չի ընթացել՝ չնայած որ ընդդիմադիր ԺՀԿ-ն հակառակն է պնդում և Էրդողանին մեղադրում թուրքական պետության հիմնադիր Աթաթուրքի սկզբունքներին դավաճանելու մեջ:

Turkgazetasi-ի մեկնաբանի հայացքով՝ քրդական ահաբեկչությանը վերջ տալու և քաղաքացիական համերաշխություն հաստատելու ջանքերը հանդիպում են արտաքին շահագրգիռ ուժերի դիմադրությանը, բացառված չէ, որ նրանք սադրանքների դիմեն։

Այլ աղբյուրներ հստակ ակնարկում են, որ Իսրայելը և Իրանը հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում են Թուրքիայում քաղաքացիական համաձայնության հաստատմանը:

Արաբական լիգայի երկրների արտահերթ գագաթաժողովին հրավիրվել է նաև Սիրիայի անցումային կառավարության նախագահ ալ-Շարաան: Նա իր ելույթում դատապարտել է Սիրիայի հանդեպ Իսրայելի «նվաճողական քաղաքականությունը»:

Թուրքական աղբյուրները կարծում են, որ Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիայի անդրեփրատյան տարածքի քրդական ինքնավարության հովանավորչությունը փոխանցել Իսրայելին, որը նպատակ ունի ստեղծել դաշնային Սիրիա՝ այդ կերպ ազդեցություն հաստատելով ինչպես հարավի դրուզաբնակ, այնպես էլ հյուսիս-արևելքի քրդական ինքնավարության վերահսկողության տակ տարածքների նկատմամբ:

Թուրքիան նախապատրաստվում է սահմանադրական փոփոխությունների, որից հետո Էրդողանը մտադիր է ևս մի ժամկետով նախագահ պաշտոնավարել՝ առարկայացնելու «թուրքական դարաշրջանի» տեսլականը: Որքանով հասկացվում է՝ մի կողմից դա ենթադրում է Եվրոպայում Թուրքիայի «արժանի դերի» լեգիտիմացում, մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքում «օսմանյան ժառանգության» ամրագրում:

Երկրորդ նպատակը, մանավանդ, չափազանց հավակնոտ է: Անկարայում արդեն իսկ չեն թաքցնում, որ խնդիրներ ունեն թե Իրանի, թե Իսրայելի, թե արաբական աշխարհի ազդեցիկ երկրների հետ: Այս համատեքստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 5-ին Անկարա է «հրավիրվել»: Տեղի է ունեցել Իգդիր-Նախիջևան գազատարի բացման հանդիսավոր արարողություն, որին, սակայն, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են տեսակապով:

Ուշագրավ է, որ այդ կառույցի հիմնարկեքը կատարվել է քառասունչորսօրյա պատերազմից շատ կարճ ժամանակ առաջ: Ընդսմին, չափազանց ուշագրավ է, որ Թուրքիայից Նախիջևան գազամատակարարման մեկնարկի մասին տեղեկատվությունը տարածվել է Մոսկվայից, որտեղ Թուրքիայի էներգետիկայի նախարարը բանակցություններ է վարել ինչպես ռուսաստանցի պաշտոնակցի, այնպես էլ ՌԴ փոխվարչապետ Նովակի հետ:

Նախիջևանի գազամատակարարումն ավելի քան երեսուն տարի է՝ իրականացվում է Իրանից: Այդ հանգամանքը զգալի ազդեցություն էր թողնում Բաքու-Թեհրան հարաբերությունների վրա: Իրանի տարածքով են իրականացվում նաև Ադրբեջան-Նախիջևան բեռնափոխադրումները:

Իգդիր-Նախիջևան գազամուղի գործարկմամբ Թուրքիան ստանձնում է «ադրբեջանական էքսկլավի» էներգետիկ անվտանգության երաշխավորությունը: Կարելի է ենթադրել, որ այդ որոշման ժամանակը պատահական չի ընտրվել, վերջին օրերին Անկարան և Թեհրանը «դիվանագիտական կսմիթներ են փոխանակել», ինչը երկու երկրների հարաբերություններում առնվազն սառնության վկայություն է:

Մերձավոր Արևելքում «թուրքական մարշի» ծրագրին ի՞նչ մասնակցություն է վերապահվում Ադրբեջանին: Նախիջևանի գազամատակարարման հարցում Իլհամ Ալիևին ապահովագրելով Իրանի նկատմամբ «երախտագիտությունից»՝ Թուրքիան կարո՞ղ է նրան ներշնչել, որ առավել նպատակահարմար է Նախիջևանի հետ հաղորդակցության երթուղի ընտրել Հայաստանի հարավը և «վերջնականապես հրաժարվել իրանական «Արաքսի միջանցք» նախագծից»: