10/03/2025

Արաբական լիգայի երկրներին մնում է կամ համաձայնել Թրամփ-Նաթանյահու ծրագրին, կամ ընդունել «նետած ձեռնոցը»

Միջազգային հինգ կազմակերպություններ, որ մարդասիրական օգնություն են հասցնում Գազայի հատվածի բնակչությանը, «Վաշինգտոն փոստին» հայտնել են, որ Իսրայելի կառավարությունից բեռնափոխադրումների «սահմանափակման մասին ծանուցում են ստացել»:

Իսրայելական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Նաթանյահուի «ռազմական կաբինետը» որոշել է փակել Գազա մուտքի բոլոր անցակետերը՝ բացի մեկից: Ընդ որում, իսրայելական կողմը մտադիր է այդ անցակետում տեղադրել «սքանավորող սարքավորումներ՝ ստուգելու, թե ինչ կարգի բեռներ են առաքվում»:

Գազա մարդասիրական բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները միաժամանակ Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտից տեղեկացվել են, որ USAID-ի խողովակներով արվող ֆինանսավորման «ծավակներն զգալիորեն կրճատվում են՝ կապված ծախսերի արդյունավետությունը ստուգելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրատապ կարգադրության հետ»:

Փաստացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է մնում Գազայում «դժոխքի դռները բացելու» սպառնալիքին, որ նա հնչեցրել է ավելի վաղ: Երկու օր առաջ Արաբական լիգայի պետությունների գագաթաժողովը մերժել է Գազայի բնակչությունը տարհանելու և տարածքի վերահսկողությունը Միացյալ Նահանգներին հանձնելու մասին ԱՄՆ նախագահի առաջարկությունը:

Այդ առթիվ կանխատեսել էինք, որ նախագահ Թրամփը «վրեժխնդիր է լինելու»: Տպավորություն կար, որ նա կփորձի դիվանագիտական ճնշում գործադրել արաբական աշխարհի ազդեցիկ երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Եգիպտոսի կամ Հորդանանի նկատմամբ:

Սպիտակ տան «տերն», ինչպես տեսնում ենք, ընտրել է «թույլ օղակը սեղմելու» տարբերակը և կարգադրել է դադարեցնել Գազա բեռնափոխադրումներ իրականացվող միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը:

Կասկածից դուրս է, որ Իսրայելի կառավարությունը Գազա մուտքի անցակետերը փակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված: Իսրայելական աղբյուրների առանձին հրապարակումներից դատելով՝ Նաթանյահուի «ռազմական կաբինետը» մոտ ապագայում կարող է դադարեցնել Գազայի հատվածի էներգամատակարարումը:

Կառավարության աղբյուրներից մեկը «Հաարեց» պարբերականի հետ հարցազրույցում տարակուսել է, որ աշխարհում չկա նախադեպ, երբ մի երկիր «իր թշնամուն էլեկտրաէներգիա է մատակարարում՝ ստույգ իմանալով, որ այն օգտագործվում է իր դեմ հրթիռների արտադրություն կազմակերպելու համար»:

Նա նաև ՄԱԿ-ի ծառայություններին մեղադրել է, որ «մարդասիրական բեռների անվան տակ ՀԱՄԱՍ-ին մատակարարում են պայթուցիկներ և կրկնակի օգտագործման ենթակա նյութեր»:

ՄԱԿ-ը հերքել է իր կառույցների հասցեին Իսրայելի բոլոր մեղադրանքները, բայց վարչապետ Նաթանյահուն ավելի է մեծացրել պահանջները: Գազա մուտքի միակ անցակետում, ըստ նրա, հսկողություն պետք է իրականացնեն իսրայելական անվտանգության ուժերը, որպեսզի «լքված բնակավայրերը վերադարձողների անվան տակ ահաբեկիչներ չմտնեն» պաղեստինյան անկլավի տարածք:

Իսրայելական իշխանությունները, ինչպես հայտնի է դարձել «ռազմական կաբինետի» նիստի մասին տեղակտվական արտահոսքից, մտադիր են «Գազայի հյուսիս վերադարձած անձանց «հորդորել», որ վերադառնան հարավային հատված»:

Խոսքը փաստացի բնակչության արտաքսման ծրագրի մասին է, ինչի ջատագովը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է: Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ այդ առթիվ ասված է, որ «պաղեստինցիները չեն կարող ապրել անմարդկային պայմաններում, երբ նրանց տներն ավերված են, իսկ ամեն քայլափոխի չպայթած զինամթերք կա»:

Այս ֆոնին Թուրքիայի «Անադոլու» պետական գործակալությունը թվայնացրել է Գազայում իսրայելական բանակի «ռազմական հանցագործությունների» մասին պատմող «Ապացույց» նյութերի ժողովածուն, որ համացանցում հասանելի է մի քանի լեզուներով, այդ թվում՝ արաբերեն:

Գազայում «դժոխքի դռները բացելու» իսրայելա-ամերիկյան համատեղ գործողությունն ակնհայտորեն ուղղված է իրավիճակի հետագա սրացմանը: Վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը «պետք է հասցնել հաղթական ավարտի»: Արաբական աշխարհն առաջարկել է Գազայում իշխանությունը ՀԱՄԱՍ-ից փոխանցել Պաղեստինի ազգային վարչակազմին:

Երևում է, ԱՄՆ նախագահի համար դա անընդունելի է, նա շարունակում է պնդել, որ Գազան պետք է դատարկվի պաղեստինցի բնակչությունից: Արաբական լիգայի երկրներին մնում է կամ համաձայնել Թրամփ-Նաթանյահու ծրագրին, կամ ընդունել «նետած ձեռնոցը»: Չափազանց ռիսկային իրավիճակում ազդեցիկ կարող է լինել Թուրքիայի դիրքորոշումը: Անկարան կհամերաշխվի՞ արաբական աշխարհի հետ, թե կփորձի ԱՄՆ-ի հետ «կիսել» Գազան: