Շատ տպավորիչ են ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների եւ հատկապես ոստիկանության աշխատանքի 2024 թվականի արդյունքները, որոնք ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անցած շաբաթվա վերջում ներկայացնում էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:
Հրապարակ թերթը գրել է․ Այնքան տպավորիչ, որ նախարարին լսողները չէին հասկանում, թե այս ինչ ոստիկանության մասին է խոսում Արփինե Սարգսյանը՝ էն կարմիր ու սեւ բերետավորների՞, որոնք տարիուկես առաջ ԱԺ-ում 40 հոգով հարձակվել էին ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա, ու արդյո՞ք Արփինե Սարգսյանի ասած ոստիկաններն այն նույն ոստիկաններն են, որոնք դաժան ծեծի էին ենթարկել ու խոշտանգել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին՝ Վանաձորի ոստիկանությունում, պարտադրելով նրան ցուցմունքներ տալ: Հիշեցնենք․ մարտի 15-ին Վանաձորում տեղի ունեցած կողոպուտից հետո Ուլուբաբյանի հարազատներից հայտնի դարձավ, որ Տիգրանը ենթարկվել էր ֆիզիկական եւ բանավոր բռնությունների, իսկ մարտի 23-ին Երեւանում մարդիկ փողոց դուրս եկան, պահանջելով պատժել խոշտանգողներին:
Արփինե Սարգսյանը, իհարկե, չի լսում ո՛չ իրեն հարց տվող ընդդիմադիր պատգամավորների հարցադրումները, ո՛չ լրագրողների, որոնք նրա «անտիհաշվետվությունից» հետո նրան հարցեր էին ուղղում: Պաշտոնյան, որն իր ամբողջ ծառայողական կյանքն աշխատել է արդարադատության ոլորտում, որը ժամանակին արդարադատության նախարարության ամենահասանելի պաշտոնյաներից էր եւ հաճախ կարողանում էր իրավունքին առնչվող լրագրողների հարցերին բավարար պատասխաններ տալ, այսօր` ՆԳ նախարարի աթոռին, ամբողջությամբ կերպարանափոխվել է, Կաֆկայի՝ մետամորֆոզի ենթարկված, ուտիճ դարձած հերոսն է: Առաջ ընկնելով նախաքննությունից, դատարանից՝ նա թիրախավորում է մեղադրյալին, հիշեցնելով, թե ինչի համար է նա մեղադրվում: «Կատարվել է ոսկյա իրերի հափշտակություն, ավազակային հարձակում, ու ես հետամուտ եմ լինելու, որ բոլոր անձինք բացահայտվեն»,- ասում է Արփինե Սարգսյանը: Նա չի հավատում երիտասարդին, որը պնդում է, որ իրեն 8 հոգով 10 րոպեն մեկ ծեծել են, միամիտ` ոստիկանության խոշտանգման տեխնոլոգիային անծանոթ աղջկա նման հարց տալով՝ 8 հոգով ծեծել են, ու ոչ մի վնասվա՞ծք, վկայակոչելով փորձագետներին, այլ ոչ թե բուժհաստատության տեղեկանքը: Ինչո՞ւ եք հավատում 4 օր անց կատարված փորձաքննությանը, ոչ թե հիվանդանոցի անմիջապես արված գնահատականներին՝ այս հարցի պատասխանը նախարարը չունի, միակ հերթապահ ֆրազը՝ քննություն է գնում, քննությունը ցույց կտա: Ոստիկանության գործողությունների դատապարտումը արցախցու նկատմամբ նա անվանում է «պառակտչական գործողություններ հանրային խոսույթում»: Արփինե Սարգսյանն անմիտ է համարում տեղեկատվական հոսքի հետ մրցակցության մեջ մտնելը, սա միակ հարցն է, որում նա թերեւս հարյուր տոկոսով ճիշտ է:
Իսկ մեր ամենօրյա լրահոսը հզոր հակափաստարկ է նախարարի հայտարարություններին՝ օրը ցերեկով հնչած կրակոցներից մինչեւ ոստիկանական խոշտանգումներ ու բռնություններ: «Հասարակական կարգի պահպանության եւ հանցագործությունների բացահայտման» առաջամարտիկ պարեկները 2024 թվականի օգոստոսի 1-ին արցունքաբեր գազ են փչել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր դեմքին, դաժան ծեծի ենթարկել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Արցախցու մեղքը եղել է մեքենան սխալ տեղում կայանելը:
Ըստ Արփինե Սարգսյանի՝ նոր ստանդարտներով աշխատող ոստիկանություն ունենք: Այդ նոր «ստանդարտներով» աշխատող ոստիկանությունը միտինգներ է ցրում, հունիսին Բաղրամյան պողոտայում նոր, կատարելագործված հատուկ միջոցներ է կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցուցարարների դեմ, ինչի հետեւանքով մոտ 100 քաղաքացի տուժել էր եւ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոցներ: Թմրանյութերի օգտագործումը երկրով մեկ աղետալի չափերի է հասել, գողությունները չեն բացահայտվում եւ այլն:
«2024 թվականին կատարվել է մեծ աշխատանք՝ կանանց ներկայացվածությունը ոստիկանության համակարգում թիրախային շեմին հասցնելու նպատակով։
2024-ին արձանագրվել է գրանցված հանցագործությունների նվազում` 434-ով կամ 1,1 տոկոսով»,- հայտարարում է Արփինե Սարգսյանը: Մինչդեռ վիճակագրությունը վկայում է, որ կանանց ներգրավումից, մասնավորապես հենց իրեն՝ Արփինե Սարգսյանին նախարարի պաշտոնում նշանակելուց հետո ոչ մի հարց չի լուծվել, քրեական աշխարհը չի նահանջել, ծանր հանցագործությունները՝ բռնությունները, սպանությունները, ավելացել են, փողոցում հնչող կրակոցները` մահվան ելքով, առօրեական են դարձել: Ոստիկանությունն ահռելի կազմով ներկայանում է հանցանքի վայր՝ ինչպես մարտի 15-ին, Սարի թաղի դեպքերի ժամանակ, երբ մեկ մարդ մահացավ եւ մեկը վիրավորվեց, բայց նրանցից ոչ ոք այլեւս չի վախենում ու չի քաշվում:
Ներքին գործերի նախարարությունը չի կարողանում, մեղմ ասած, տեսանելի ձեւով ապահովել օրենքի գերակայությունը: Քրեական ենթամշակույթը ծաղկում է: Միայն մի օրինակ. 2024թ. հունիսի 11-ին Երեւանի Շինարարների փողոցում տեղի ունեցած Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունից հետո մարդասպանները բախվում են այլ մեքենայի, չեն կարողանում շարունակել ճանապարհը, իրենց ավտոմեքենան թողնում են փողոցում, հանգիստ հասնում են օդանավակայան ու ինքնաթիռ նստելով` հեռանում երկրից: Հետաքրքիր է, որ նրանք իրենց ճանապարհին թափում են իրեղեն ապացույցները: Քննչական կոմիտեի համապատասխան հատվածն ասես դմբո ոստիկանի մասին ֆրանսիական կոմեդիայի դրվագ լինի. «Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ․ Սահակյանը եւ Սու․ Գրիգորյանը, չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց ավտոմեքենայով, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով, թողնելով այն դեպքի վայրում, դիմել են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցել ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետեւ երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են 36-ամյա անձին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․ Կյուրեղյանը, իսկ քիչ անց միացել է նաեւ Ռ. Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ»:
Մեկ այլ օրինակ. հուլիսի 17-ին Սեւանի թերակղզու «Բոհեմիան ռեզորթ» հյուրանոցում սպանվեց Սեւանի ավագանու անդամ, քաղաքում հայտնի ատամնաբույժ Արսեն Աֆյանը: Նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցնողը՝ Միսաք Փաշիկյանը, պարզվեց, 5 ամիս հետախուզման մեջ է եղել: 2021 թվականին նրան խոշոր հափշտակության համար մեղադրանք էր առաջադրվել, գործը դատարանում էր, բայց ամբաստանյալը չէր ներկայանում նիստերին, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Բայց նա այնքան վստահ է եղել, որ ոստիկաններն իրեն չեն բռնի, որ ընկերների հետ քեֆ է արել մարդաշատ վայրում՝ հյուրանոցի ռեստորանում, դեռ մի բան էլ նոր «ռազբորկայի» մեջ է մտել ու մասնակցել մարդու սպանությանը:
Եվ բոլոր այս դեպքերը ՆԳ նախարարի 2024 թվականի հաշվետվության մեջ չեն մտել:
Բաց մի թողեք
«Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել». լեյտենանտ Հովհաննես Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսում. Լուսանկարներ
Եթե ֆորսմաժոր չլինի, ապա շուտով կմտնենք նախընտրական քարոզչության փուլ
ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ