Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր էջում անդրադարձել է երեկ տեղի ունեցած միջադեպին` երբ պարեկները մեքենայից ուժով դուրս բերեցին եւ գետնին քարշ տալով քաղաքացուն բերման էին ենթարկում:
Նա գրել է. «Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն, և ՆԳՆ պարզաբանումը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները, արդարացնում արգելված վերաբերմունքը:
Սա քաղաքական հովանավորության հետևանք է. տպավորություն է խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու: Անպատժելիության, քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը և հեղինակազրկվում այն ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում։ Գյումրեցի 75-ամյա տիկնոջ վկայությունը (տեսանյութով) նույնպես իրավապահ մարմինների` օրենքով արգելված վերաբերմունքի մասին է»:
Այս գրառման տակ մեկնաբանություն է թողել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար, պարեկների հովանավոր եւ պարեկային ծառայության ջատագով Դանիել Իոաննիսյանը. «Պարոն Թաթոյան, բա հայհոյանքին ի պատասխան ոստիկանները ի՞նչ պիտի անեին։ Պատասխան հայհոյեի՞ն։ Թե՞ ասեին «սիրելի քաղաքացի, դուք սխալվում եք»։)))))»:
Ինչին ի պատասխան Թաթոյանը փոքրիկ լիկբեզ է արել. «Հիմա մեր հանրության համար մի քանի պարզաբանում անեմ:
1) Կոնկրետ իրավիճակում չկա որևէ օբյեկտիվ ապացույց առ այն, որ մեքենայի վարորդը հայհոյել է, ու այդ հայհոյանքը եղել ուղղված հենց ոստիկանին: Քաղաքացին արդեն հրապարակային ասել է, որ չի հայհոյել: Միայն ոստիկանների խոսքերը բավարար չեն, ավելին`քանի որ վատ վերաբերմունքի (Ill-treatment) հետ գործ ունենք, ուրեմն պարտավորությունը պետությանն է` հիմնավորելու (կրկնում եմ` միայն ոստիկանների խոսքերը բավարար չեն), որ նման բան տեղի է ունեցել ու առավել ևս, որ դա ուղղված է եղել ոստիկաններին: Եթե պետությունը չապացուցեց, որ դա տեղի է ունեցել, ուրեմն նման բան չի եղել:
2) Ես հատուկ եմ նշել, անգամ եթե նման բան է տեղի ունեցել, միևնույն է, ոստիկանների վերաբերմունքն անթույլատրելի է:
3) Բանն այն է, որ ոստիկանի համար օրենքով և միջազգայնորեն նախատեսված են ֆիզիկական ուժ ու հատուկ միջոցներ (ձեռնաշղթան տվյալ դեպքում) գործադրելու հնարավորություն` միայն որպես բացառիկ միջոցներ:
Դրանցից յուրաքանչյուրն ունի կիրառության սպառիչ հիմքեր, նպատակներ (օրինակ` ոստիկանի նկատմամբ դիմադրությունը կանխելու կամ փախուստի փորձ անող հանցանքի մեջ մեղադրվող անձի փախուստը կանխելու անհրաժեշտությունը և այլն):
Հատուկ միջոցներ ու անգամ ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ ոստիկանը պարտավոր է զգուշացնել քաղաքացուն այդ մասին ու նրան բավարար ժամանակ տրամադրել` ոստիկանի պահանջը կատարելու, իրավախախտումը դադարեցնելու համար (թեև այստեղ պահանջի տեղ էլ չկար):
Այսինքն` կան կոնկրետ կանոններ:
4) Ավելին, տեսանյութից ակնհայտ է ոստիկանների թույլ տված ևս մեկ կոպիտ խախտում: Ոստիկանները ազատությունից զրկում են քաղաքացուն: Սա նշանակում է, որ նրանք պարտավոր էին քաղաքացուն տեղում պարզաբանել միջազգայնորեն երաշխավորված նրա նվազագույն իրավունքները (լռելու, ազատությունից զրկելու պատճառներն իմանալու, փաստաբանի և մի շարք այլ իրավունքներ և պատճառները պարտավոր էին հենց տեղում պարզաբանել): Տեսանյութում նրանք ոչ միայն դա չեն անում, այլ այդպիսի հնարավորություն անգամ չեն տալիս մարդուն:
5) Եթե անգամ համարենք, որ քաղաքացին հայհոյել է, ապա կոնկրետ իրավիճակում օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը չկա, որ ոստիկանին կտար ֆիզիկական ուժ ու հատուկ միջոց գործադրելու իրավական հնարավորություն: Ձեր բերած տրամաբանությամբ` հայհոյանք տվող մարդուն պատասխանելու համար պետք է ոստիկանների համար նախատեսվի նաև նրան պատասխան հայհոյելու հնարավորություն ու սահմանվի, թե ինչ հայհոյանքի համար ինչ հայհոյանքով է ոստիկանը պատասխանում քաղաքացուն:
6) Ոստիկանը չպետք է քաղաքացու հետ հարաբերվելիս իջնի այն աստիճան, որ նման պահվածք դրսևորի: Ոտիկանը չպետք է տրվի որևէ սադրանքի: Ոստիկանը պետք է մնա իր բարձունքում` օրենքով նախատեսված լիազորությունների սահմանում: Ի վերջո, ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցները չեն ենթադրում այս ենթադրյալ (չապացուցված) արարքի համար քաղաքացուն 4 հոգով նվաստացնելու, գետնին գցելու, բռնության ենթարկելու հնարավորություն»:


Բաց մի թողեք
Միակ բանը, որ պետք էր քննարկել ու պահանջել, Աննա Հակոբյանի պետական պահպանության ապահովման հարցն է. Աբրահամյան
«Քաղաքական ռեբրենդինգ» կամ «Ճգնաժամային PR տեխնոլոգիա». ընտրական փուլում ուղղակի պատահականություն չի կարող լինել
«Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում. Լուսանկարներ