08/04/2025

Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած և սպանության համար հետախուզվող «Կոկոն»

Օրեր առաջ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական վարչության մի քանի աշխատակիցներ մեկնել են Վրաստան:

Բանն այն է, որ քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանած «Ալավերդյանցի Կոկո» մականվան քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։

ՀՀ քրեական ոստիկանները, ապա նրանց միացած Վրաստանի ոստիկանության նրանց գործընկերները պարզել են «Կոկո»-ի ենթադրյալ գտվելու վայրն ու տաք հետքերով հայտնաբերել են նրան, ով տեղափոխվել է Վրաստանում գտնվող համապատասխան բանտ։

Այս պահին կատարվում են թղթաբանական աշխատանքեր, որպեսզի «Կոկո»-ին արտահանձնեն Հայաստան։

2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանի «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ:

Վերջինս որոշ ժամանակ բուժում էր ստացել նշված բժշկական կենտրոնում և նրան հաջողվել է լուսամուտից դիմել փախուստի:

«Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար:

Translate »