Ի՞նչ է նշանակում՝ հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից: Դա նշանակում է, որ եթե ադրբեջանցի զինծառայողը (այսինքն՝ պետության ներկայացուցիչը) մտել է հայկական բնակավայր եւ գլխատել է անզեն հայ ծերունուն, դա հայկական պետությունը հանցագործություն չի համարում:
Համենայնդեպս, այդպիսի մի ենթադրյալ հանցագործ՝ Քամիլ Զեյնալին հայտարարում է. «Ինձ զանգահարեցին Ռուսաստանում մեր դեսպանատնից: Ինձ ասացին՝ շնորհավորում են՝ Քամիլ, շնորհավորում ենք:
Թշնամիների (ենթադրաբար՝ Հայաստանի.-խմբ.) կողմից քո վրա դրված հետախուզումը մեր պետության կողմից տարվող աշխատանքների արդյունքում հանվել է»: Շատ հնարավոր է, իհարկե, որ ՔՊ-ական քարոզչությունը եւ նույնիսկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեն, որ ադրբեջանցի սադիստի կողմից գլխատվածը հայ չէր, «ղարաբաղցի» էր եւ, հետեւաբար, Հայաստան պետությունն այստեղ կապ չունի:
Բայց պետության գործառույթների մասին այդ, մեղմ ասած, յուրահատուկ պատկերացումը ո՛չ հանցագործության վտանգավորությունն է նսեմացնում, ոչ էլ դրա հանդեպ մեր իշխանությունների անտարբերությունը:
Բայց եկեք ժամանակավորապես մի կողմ դնենք հայցերից հրաժարվելու բարոյական եւ իրավական կողմն ու կենտրոնանանք քաղաքականության վրա: Այստեղ, բնականաբար, հնարավոր է գործարք, որը բարոյական հարթությունից դուրս է: Հնարավոր է ինչ-որ բան զիջել՝ փոխարենն ինչ-որ բան ստանալու համար: Ասենք՝ դու հրաժարվում ես հայցերից, իսկ նա հայտարարում է, որ ցավում է քնած մարդուն կացնով սպանելու կամ անզեն ծերունուն գլխատելու համար:
Բայց նման բան տեղի չի ունենում. Ադրբեջանը փառաբանում է իր արյունարբու սադիստներին: Հետն էլ պարադոքսալ ձեւով Հայաստանին մեղադրում է «ֆաշիզմի» մեջ: Եթե հայերին մորթելը «ճիշտ էր», էլ ի՞նչ խաղաղություն, ի՞նչ նոր դարաշրջան:
Կամ այսպիսի տարբերակ՝ դու հրաժարվում ես հայցերից, իսկ հակառակ կողմը հրաժարվում է Արցախի ղեկավարներին դատելուց: Նման բան կա՞: Ոչ, մեր հայրենակիցների դեմ անհեթեթ մեղադրանքները գնալով շատանում են:
Դու հրաժարվում ես հայցերից, իսկ դիմացինը քեզ հետ խաղաղության համաձայնագիր է ստորագրում՝ ինչպիսին էլ լինի: Բայց ոչ՝ չի ստորագրում, նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Ո՞րն է հապա թշնամու վայրագությունների վրա աչք փակելու օգուտը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Հայոց ցեղաuպшնnւթյnւնից 110 տարի անց մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ․ Քամալա Հարիս
Ջահերով երթն ու քաղաքական սնոբիզմը․ Լիլիթ Գալստյան
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր ու դժվար որոշում կայացնելու առջև