Մինչեւ 2016թ. պատերազմը Հայաստանի, Արցախի հանրապետությունների եւ Ադրբեջանի հարաբերությունները պատերազմական չէին, սակայն մենք գիտեինք, որ Ադրբեջանն ինտենսիվ պատրաստվում է պատերազմի եւ երբ պատրաստ լինի, հարձակվելու է:
2016-ի քառօրյա պատերազմն ինչ-որ տեղ զգոնացրեց հայկական 2 հանրապետությունների ղեկավարությանը, եւ նրանք համոզվեցին, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ փուլն ավարտված է: Իհարկե, հետո արագ մոռացան դա եւ շարունակում էին խաղաղ առօրյայով ապրել, մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը։
Արդյունքում ունեցանք նոյեմբերի 9-ի խայտառակ «հաշտության պայմանագիրը», որին, պարզվեց, հետո անգամ երանի էինք տալու, որովհետեւ դրան հաջորդած պարտություններն ավելի ծանր ու նսեմացնող էին լինելու… այսօր էլ մեր պարտությունը շարունակվում է։
Բայց խնդիրն անգամ պարտությունը չէ, այլ այն մեծ վախը, որ մտել է մեր իշխանությունների ու ժողովրդի մեջ` Ադրբեջանի նկատմամբ, եւ որը ստիպում է, որ Ալիեւի պահանջները հոժարակամ կատարվեն:
Բոլորս գիտենք, որ եթե նույնիսկ թաղում որեւէ հեղինակություն վախեցնում է մեկ ուրիշին, եւ վերջինս ադեկվատ պատասխան չի տալիս, դրանից հետո այդ հեղինակությունը շարունակաբար նվաստացնում է այդ նույն մարդուն` նրան դարձնելով խաղալիք:
Հիմա Ադրբեջանն է Հայաստանին դարձրել խաղալիք` ինչպես ցանկանում, այդպես էլ վարվում է նրա հետ: Նման իրավիճակները եզակի չեն աշխարհում` դրանից բխող հետեւանքներով։ Եվ եթե այդ ճնշվող մարդկանց կողքին ավելի ուժեղ մեկը չի հայտնվում, որը կպաշտպանի նրանց, եթե նրան դավաճանում են նաեւ իր ընկերները, ապա փրկության հույս էլ չի լինում։
Հենց այդ իրավիճակի ու միակողմանի ճնշումների ազդեցության արդյունքում էլ Ադրբեջանը հայաթափեց Արցախը եւ խոսակցությունը տեղափոխեց ստորացուցիչ զիջումների, խաղաղության մուրացկանության, ինչ-որ նոր թուղթ ստորագրելու դաշտ:
Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է Հայաստանում ստեղծված ողբերգական վիճակը եւ օգտվում է դրանից: Եվ ՀՀ իշխանությունների աղերսած «խաղաղության համաձայնագիրն» էլ գրվելու է այնպես, ինչպես ինքը ցանկանում է:
Հիմա Ադրբեջանը երկու նապաստակ է խփում` աշխարհին ցուցադրում է, թե ինքը «խաղաղարար» երկիր է՝ պատրաստ է պարտված Հայաստանի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքել: Մինչդեռ այդ փաստաթուղթն ամբողջությամբ բխելու է Ադրբեջանի շահերից։
Ու որքան էլ ասում են, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել այդ նախագիծը, իրականում նա ձգձգում է ստորագրումն այնքան ժամանակ, քանի դեռ տեղ կա՝ էլ ավելի նոր բաներ պոկելու: Հենց տեսնի, որ այլեւս չի կարողանում լրացուցիչ բաներ պոկել, հայտարարելու է, թե պատրաստ է ստորագրելու։
Ամեն դեպքում, երեւի հայ ժողովուրդը միակն է աշխարհում, որ վախից քայլ չի անում եւ լուռ համաձայնել է՝ իր հայրենիքը հանձնել Ադրբեջանին, միայն թե վերջինս ինչ-որ թուղթ ստորագրի իր հետ, որը ո՛չ խաղաղության երաշխիք է լինելու, ո՛չ պատերազմն է բացառելու, ո՛չ թույլ է տալու, որ մենք արժանապատիվ ապրենք մեր հողում:
Նույնիսկ ամենաթույլ ու ամենահետամնաց ժողովուրդները նման բանի չէին համաձայնի, ոտքի կկանգնեին՝ ամեն գնով պաշտպանելու ու փրկելու իրենց երկիրը։ Վախկոտ ժողովուրդն իրավունք չունի պետություն ունենալու եւ բարեկեցիկ ապրելու:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Բաց մի թողեք
Մի՞թե կարծում են, թե կարող են լվանալ իրենց ձեռքերը արյունից ու սեփական շահերը սպասարկող ճառերով …
Յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Զուրաբյան
Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի, Թևանյան Անդրանիկի, նաև էն կլոունի շնորհիվ. Ղազարյան