ԱՄՆ-ը և Ուկրաինան Ժնևում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։
«2025 թ. նոյեմբերի 23-ին Ժնևում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության պլանին։ Բանակցությունները եղել են կառուցողական, կենտրոնացված և հարգալից՝ ընդգծելով արդար և կայուն խաղաղության հասնելու ընդհանուր հանձնառությունը։
Կողմերը համաձայնել են, որ խորհրդակցությունները չափազանց արդյունավետ են եղել։ Քննարկումները ցույց են տվել դիրքորոշումների համաձայնեցման և հաջորդ քայլերի հստակեցման ուղղությամբ էական առաջընթաց։ Կրկին հաստատվել է, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է լիովին պահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովի կայուն ու արդար խաղաղություն։ Բանակցությունների արդյունքում կողմերը մշակել են խաղաղության թարմացված և կատարելագործված շրջանակային փաստաթուղթ։
Ուկրաինական պատվիրակությունը կրկին իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգների և անձամբ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հաստատակամ նվիրվածության համար՝ ուղղված պատերազմի և կյանքերի կորուստների դադարեցմանը։
Ուկրաինան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքը համատեղ առաջարկների վրա։ Գործընթացի առաջընթացին զուգընթաց նրանք կպահպանեն սերտ կապ եվրոպացի գործընկերների հետ։
Վերջնական որոշումները կկայացվեն Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների կողմից։
Կողմերը կրկին ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ աշխատելու Ուկրաինայի անվտանգությունը, կայունությունն ու վերականգնումն ապահովող խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու՝ իրենց առաջարկած պլանի շուրջ բանակցություններում հասնել են «հիմնական առաջընթացի»։ Կողմերը մշակել են «խաղաղության թարմացված շրջանակային փաստաթուղթ»։ Բանակցությունները կշարունակվեն այս շաբաթվա ընթացքում։
Ռուբիոն լքել է Ժնևը և վերադարձել Վաշինգտոն։ «Դեռևս պետք է կատարել որոշ աշխատանք», – ասել է նա ուկրաինական և եվրոպական բանակցողների հետ հանդիպումից հետո։
Պետքարտուղարն ասել է, որ տեխնիկական մակարդակով քննարկումները կշարունակվեն, նաև լավատեսություն է հայտնել, որ «շատ կարճ ժամկետում մենք կհասնենք նպատակին»։

Բաց մի թողեք
ԵՄ օգնության կրճատումը կլինի «ամենամեծ սխալը»
Ինչ են մեզ պատմում Էնդի Բարնհեմի երեք ընկերները նրա արտաքին քաղաքականության մասին
Եվրոպայի 27 առաջնորդները վերջապես կքննարկեն արհեստական բանականությունը