19/04/2025

Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Նիկոլ Փաշինյան

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ չենք շեղվելու խաղաղության օրակարգից:

Այս մասին Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2024 թվականի կատարողականի մասին զեկույցը ներկայացնելիս:

«Ակնհայտ է, որ որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում, դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, Խնածախ գյուղում թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։

«Չթիրախավորված կրակոցները լսվել են Հայաստանի մի քանի բնակավայրերում, նշյալ կրակոցները կա՛մ Ադրբեջանի ԶՈւ-ում անկարգապահության հետևանք են, կա՛մ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերն ու ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ»,- ասել է նա։

Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. «Հայաստանը պատրաստ է քննել բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները»։

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթում շեշտել է, որ պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Նա հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ընդգծելով նաև միջազգային սահմանների անխախտելիության և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքները։

Փաշինյանը կոչ արեց Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր քաղաքական և հասարակական ուժերին ցուցաբերել ծայրահեղ պատասխանատվություն, զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են հակասել այդ սկզբունքներին կամ վնասել խաղաղության գործընթացին։

Նրա խոսքով՝ այս տրամաբանությունը այլընտրանք չունի. այն պետք է հստակ ու հետևողական կերպով առաջ մղել։ Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։

«Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- այս խոսքերով Փաշինյանն ամփոփեց իր ելույթը՝ խաղաղ ապագայի հստակ ուղերձ հղելով թե՛ ներսում, թե՛ դրսում։

Translate »