Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջաիլիովը հանդիպել է Բաքվում Եվրամիության դեսպան Մարիյան Կույունջիչին: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կողմերը կարևորել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձել ձեռք բերված պայմանավորվածություններին: Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը և ԵՄ դեսպանը «գոհունակություն են հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի արդյունքների առթիվ»:
Դեսպան Կույունջիչը ընդգծել է «Միջին միջանցքի» շրջանակներում Նախիջևանի ռազմավարական նշանակությունը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել տեղաշրջանի տնտեսական հնարավորությունների շուրջ, անդրադարձել վերականգնվող էներգիայի արտադրության հեռանկարին, քննարկել տասնամյա ժամեկտով ձեռներեցներին հարկերից ազատելու հնարավորությունը:
Ջալիլովը և Կույունջիչը «քննարկել են նաև տեղաշրջանը ապագայում ազատ տնտեսական գոտու վերածելու հնարավորությունները»:
Ավելի վաղ ադրբեջանական մամուլը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի և Եվրոպայի վերակառուցման ու զարգացման բանկի մասնագետները Նախիջևանում ուսումնասիրել են երկաթուղու վերականգնման և արդիականացման հետ կապված տեխնիխա-տնտեսական հարցերը:
Ադրբեջանական մամուլը չի մասնավորեցրել, թե դեսպան Կույինջիչը ե՞րբ է այցելել Նախիջևան: Բայց այդ մասին տեղեկությունը տարածվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի հաջորդ օրը, ինչը բավական խոսուն է:
Ջալիլով-Կոյունջիչ հանդիպման մասին տեղեկության ամենաուշագրավ հատվածն, ամենայն հավանականությամբ, Նախիջևանը որպես ազատ տնտեսական գոտի վերակազմավորելու հեռանկարի մատնանշումն է:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի Միլլի մեջլիսը Նախիջևանի ինքնավարության սահմանադրության նախաբանից զեղչել է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հիշատակումը: Այդ փոփոխությունը կատարվել է խորհրդային ծառանգությունից հրաժարվելու իրավա-քաղաքական գործընթացի շրջանակներում:
Նախիջևանում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը, երևի, ներգրվում է Հարավային Կովկասում Եվրամիության տնտեսական, առևտրային և կոմունիկացիոն ծրագրավորումներին:
Արժե նկատել, որ մեկ շաբաթ առաջ Եվրահանձնաժողովի հանձնակատար Կոսը և Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը համագործակցության մասին քաղաքական հայտարարություն են ընդունել:
Նախիջևանը Թուրքիայի կողմից օկուպացված և 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության և եղբայրության մասին» ռուս-թուրքական պայմանագրով խորհրդային Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված տարածք է, որի նկատմամբ բացարձակ ինքնիշխանության հաստատելու Բաքվի ձեռնարկումները կարող են տարածաշրջանային լարվածություն սադրել:
Նախիջևանի նկատմամբ Եվրամիության ցուցաբերած հետաքրքրությունը, եթե այնտեղ իրականացվեն եվրոպական ներդրումներ և իրականացվեն երկաթուղու վերականգնում և արդիականացում, կարող է օժանդակել նաև արտաքին աշխարհի հետ Հայաստանի հաղորդակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-Նախիջևան տնտեսական համագործակցությանը:
Իհարկե, առայժմ խոսքը հեռանկարի մասին է, բայց Նախիջևանում Եվրամիության ներկայությունն, անկասկած, Հայաստանի համար դրական է:

Բաց մի թողեք
Բարդելայի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի գլխավոր մրցակիցը վտանգում է դուրս մնալ մրցավազքից
Եվրոպայի ծրագիրը՝ Ուկրաինան ջրի երեսին պահելու համար, նույնիսկ եթե Հունգարիան շարունակի արգելափակել 90 միլիարդ եվրոյի վարկը
Ֆոն դեր Լեյենը կարող էր կորցնել աշխատանքը