Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ լրատվամիջոցներին ասել է, որ իբր ռուս-ֆրանսիական բարձր մակարդակի երկխոսությունը վերականգնելու և Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ցանկություն ունի, բայց, ինչպես դա ֆրանսիացի մեր գործընկերների մոտ հաճախ է լինում, գործն առայժմ խոսքից այն կողմ չի անցել:
Այդ մասին փետրվարի 12-ին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նույն տեղում, սակայն, Զախարովան Ֆրանսիայի նախագահի հասցեին «դիվանագիտական կշտամբանքից» անցել է նրա «իրական մտադրության» բացահայտմանը: Ըստ այդմ, Մակրոնը ոչ այնքան Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու, որքան «բանակցային գործանթին սեպվելու ցանկություն ունի, որպեսզի պարտադրի ոչ ընդունելի լուծումներ»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի այս պարզաբանումից հստակ հասկացվում է, որ Մակրոն-Պուտին հեռախոսազրույց չկազմակերպելու պատճառը ոչ թե այն է, որ «ֆրանսիացիները խոսքից գործի չեն անցնում», այլ՝ ուկրաինական կարգավորման բանակցություններին Ֆրանսիայի ներգրավվածության ոչ ցանկալիությունը:
Պարզ ասած, Մարիա Զախարովան պաշտոնական Փարիզին և եվրոպական մյուս ազդեցիկ մայրքաղաքներին հասկանալ է տվել, որ ուկրաինական կարգավորման բանակցություններում Եվրամիության մասնակցությունը Մոսկվայի համար անընդունելի է:
Նույն օրը Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հետ բանակցույթյունների նոր փուլը կկայանա առաջիկա օրերին: Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ այդ բանակցությունները կկայանան փետրվարի 17-18-ին, ենթադրաբար՝ Մայամիում:
Հարցին, թե Ռուսաստանը կմասնակցի՞ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին, Զախարովան բացասական է պատասխանել և հիմնավորել, որ Մոսկվայում այդ կառույցի նկատմամբ «դիրքորոշում ձևավորելու շուրջ քննարկումները շարունակվում» են:
ԱՄՆ նախագահը «Խաղաղության խորհրդի» առաջին աշխատանքային նիստը հրավիրում է փետրվարի 19-ին: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ հրավեր ուղարկվել է աշխարհի ավելի քան 60 երկրի, այդ թվում՝ Հայաստանին և Ադրբեջանին:
Եթե Ռուսաստանը չի մասնակցում «Խաղաղության խորհրդի» նիստին, իսկ մինչ այդ պետք է կայանան ուկրաինական կարգավորման բանակցություններ, ապա կարելի է ենթադրել, որ Մոսկվայում ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ նոր հանդիպման հետ առանձնակի հույսեր չեն կապում:
Բայց, երևի, Թրամփի «Խաղաղության խորհրդին» մասնակցությունից ձեռնպահ մնալու Պուտինի դիրքորոշումը նաև այլ, առավել հիմնավոր պատճառ ունի: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «Խաղաղության խորհուրդը» Գազայից զատ կարող է զբաղվել այլ հակամարտություններով:
Ռուսաստանը, մինչդեռ, Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ից բացի որևէ այլ կողմի ներգրավվածությունը մերժում է: Փաստացի Պուտինը «հեղինակազրկում» է Թրամփի «Խաղաղության խորհուրդը»:
Դժվար չէ տեսնել, որ Միացյալ Նահանգների ճնշման տակ Եվրամիությունը և Ուկրաինան կապիտուլյացված տեսնելու սպասումները Մոսկվայում չեն արդարանում: ԱՄՆ նախագահը, կարծես, Իրանի հետ բանակցություններն օգտագործում է, որպեսզի ռազմական բախման ծանրության և միջազգային պատասխանատվության տակ չմտնի:

Բաց մի թողեք
Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում
Ինչպես Պուտինի սիրելի մարզաձևը վերաբացեց դեպի միջազգային մրցումներ տանող դուռը
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան