«Մոռացեք Հայաստան-Ադրբեջան սրացման և պատերազմի մասին, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետվության քննարկման իր եզրափակիչ ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս հայտարարությունը որոշակիորեն հիշեցնում է մոտ մեկուկես տասնամյակ առաջ հայտնի «միտքը»՝ ճգնաժամ չի լինի, եթե չխոսենք ճգնաժամի մասին:
Հետո եղավ ճգնաժամ, ու բավականին խորը՝ երկնիշ թվով տնտեսական անկում: Դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանի «միտքը» չէր, այն ժամանակ նա դեռ իշխանության չէր, այլ ձգտում էր իշխանության, և, հետևաբար, այն ժամանակ նա խոսում էր բոլորովին այլ տրամաբանական կոդերով ու բանաձևերով: Այսօր հայտարարում է, որ վարչապետ դառնալուց հետո քայլ առ քայլ հասկացել է շատ բաներ:
Իհարկե, այդ շատ բաներ հասկանալու պրոցեսը Հայաստանի վրա արժեցել է շատ թանկ, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանն իսկապես վարչապետ է դարձել հասկանալուց առաջ, այլ ոչ թե շատ բաներ «հասկանալով»:
Բայց այդ ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանի մոտեցումների «թանկ էվոլյուցիան» այդուհանդերձ ստիպում է նրա հայտարարություններին, հատկապես կատեգորիկ հայտարարություններին, ինչպիսին օրինակ «Արցախը Հայաստան է, և վերջ», կամ՝ «մոռացեք պատերազմի մասին, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», հարկ է վերաբերվել վերապահումով:
Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը հավաստիացրե՞լ է, որ չի լինելու պատերազմ, թե՞ նա համոզված է, որ, եթե չխոսենք պատերազմի մասին, եթե անընդհատ խոսենք միայն խաղաղության մասին, կլինի խաղաղություն:
Սա քնարականությո՞ւն է, թե՞ քաղաքականություն: Որովհետև, «պատերազմի և խաղաղության» մյուս կողմի՝ Ադրբեջանի վարքագիծն այնպիսին է, որ կբավականացնի նույնիսկ մի քանի պատերազմի ռիսկի: Եվ հնարավոր չէ «մոռանալով» կառավարել այդ ռիսկերը:
Այստեղ հարկ է, իհարկե, նկատել, որ բոլորովին ընդունելի և նույնիսկ արդյունավետ ու օգտակար չէ մյուս ծայրահեղությունը՝ ամեն երկրորդ միտքն ու բառը «պատերազմի վտանգին» նվիրելը: Դա բացարձակապես օգտակար չէ, եթե, իհարկե, օգտակարությունը չենք չափում լոկ քարոզչական դիվիդենտներով:
Բայց, «պատերազմի անդադար գույժի» և «պատերազմը մոռանալու» երկու ծայրահեղություններն ունեն քաղաքական բովանդակության բավականին մեծ միջակայք, որտեղ խնդիրներն ու ռիսկերը, հնարավորություններն ու մարտահրավերները պահանջում են լուծում, այլ ոչ թե «գույժ» կամ «մոռացում»:
Պահանջում են լուծում, հետևաբար լուծումների վերաբերյալ առարկայական խոսակցություն: Որևէ պետության, առավել ևս շատ մեծ ռեսուրսներով աչքի չընկնող պետության համար առարկայական հասարակական-քաղաքական դիսկուրսն ինքնին արդեն պաշտպանական ռեսուրս է, իսկ դրա բացակայությունն ու հանրությանը երկու քարոզչական ծայրահեղությունների միջև պարփակումը՝ անպաշտպանություն:
Բաց մի թողեք
Անհամարժեք քաղաքականությունը միշտ էլ գցում է փոսը ու գցելու է
Հայ-ադրբեջանական քննարկման «բաց բաղադրիչը»
Հայաստանն՝ ի դեմս Փաշինյանի, Մոսկվայի ցանկալի հյուրերի ցանկում չէ, ինչու է գնում շքերթի