Ինչու, այնուամենայնիվ, Ծաղկազարդի օրը մարդիկ ցնծությամբ ողջունեցին Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, իսկ դրանից ընդամենը հինգ օր անց՝ ուրբաթ, միահամուռ կոչ արեցին նրան խաչել: Իմ բացատրությունն է՝ մարդիկ հիասթափվել էին:
Ընդ որում, հիասթափվել էին ոչ միայն «շարքային» մարդիկ, որոնց վրա գուցե եւ որոշ չափով ազդում էր փարիսեցիների եւ օրենքի ուսուցիչների քարոզչությունը, այլեւ Հիսուսի կողմնակիցները, այդ թվում՝ առաքյալները:
Նրանք, ըստ ամենայնի, ակնկալում էին տեսնել ինչ-որ սուպերառաջնորդի, որն աշխարհը շուռ կտա: Ոմանք գուցե կարծում էին, որ նա հեղափոխություն կանի, կքշի հռոմեացիներին եւ կդառնա Իսրայելի իրական թագավոր: Իսկ Հիսուսն իրեն պահեց զուտ որպես մարդ՝ ձերբակալվեց, դատապարտվեց եւ խաչվեց: Հետո հարություն առավ:
Եվ դրանով, որքան էլ պարադոքսալ թվա առաջին հայացքից, շուռ տվեց աշխարհը: Այդ (եկեք ընդունենք, ոչ ստանդարտ) վարքի գլխավոր իմաստը, կարծում եմ, մարդկային կյանքն արժեւորելն է՝ ինչի համար է մարդն ապրում եւ ինչ է հետը տանում դեպի հավերժություն: Հիսուսը մեզ սովորեցնում է գնահատել այդ կարճատեւ, բայց թանկարժեք եւ յուրահատուկ ժամանակահատվածը:
Ցավոք, պատմության ընթացքում, հատկապես քաղաքականությամբ հիվանդ մարդկանց վերաբերմունքը կյանքին զուտ «վիճակագրական» է: Իրականում թվերը, քրիստոնեական մոտեցման դեպքում, կարեւոր չեն՝ 10, 210, մեկ, թե միլիոն:
Կարեւոր է մեր վերաբերմունքը մարդկային կյանքի հանդեպ: Ամեն մի մարդու կյանքը բացարձակ արժեք է: Եթե կյանքի նկատմամբ վերաբերմունքը միջնորդավորվում է քաղաքական, քարոզչական, գաղափարախոսական կամ կոմերցիոն հաշվարկներով, ապա եզակի, անկրկնելի կյանքի իմաստը կորում է:
ՔՊ-ականները, փաստորեն, առաջարկում են հաշվել, թե որքան հայաստանցի է զոհվել 44-օրյա պատերազմի ընթացքում, եւ որքան՝ արցախցի: Այսպես ասած, «մրցել զոհվածներով»: Այդ, չափազանց ցինիկ մոտեցման պարագայում մարդկային կյանքը դառնում է վիճակագրական նյութ:
Հաշվարկներ են կատարում, որոնք պետք է ապացուցեն այս կամ այն հայ մարդկանց զոհերի գերակայությունը: Ըստ այդ հաշվարկների արդյունքների՝ պետք է գալ եզրակացության, ովքեր են արժանի հարգանքի, ովքեր՝ պարսավանքի:
Դա հոգեւոր կատարակտի նման մի բան է, որը ծածկում է մարդկանց աչքերը եւ խանգարում է տեսնել իրականությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել․ Գայանե Աբրահամյան
Ահա թե ինչպես 7 տարիների ընթացքում հայկականի շեմը իջեցվեց. Արսեն Մանուկյան
Նորմալ դատախազը գնալու էր, ասեր՝ իմ վրա դա մի դրեք, ես ի՞նչ գործ ունեմ Ռենջ Ռովերի հետ