Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է ու թեև մեկ դարից ավելի է անցել, սակայն մի շարք հարցեր օդում կախված են մնացել, թե ինչու և ինչպես Օսմանյան Թուրքիայում կազմակերպվեց ավելի քան միլիոն ու կես հայերի կոտորած ու տեղահանություն, ով և ինչպես դրան օգնեց, և արդյոք մենք պատմությունից դասեր քաղե՞լ ենք, թե՞ ոչ:
Փաստ է մի բան, որ 110 տարի անց էլ տարածաշրջանում հայի ու Հայաստանի գոյութենական վտանգը չեզոքացված չէ: Ու թեև արտաքին մի շարք մարտահրավերներին, երկրի ներսում ևս այդ առումով կարծիքները իրարամերժ ու հակասական են:
Մասնավորապես խորհրդարանական ընդդիմությունը, վերջին օրերին առավելագույնս քաղաքականացնելով Ցեղասպանության թեման, օրվա իշխանություններին մեղադրում է, իրենց բառերով ասած, «դավաճան» լինելու և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնալու համար:
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ շատ խնդրահարույց է, երբ ողբերգությունը որոշ շահերի համար մանիպուլացվում, շահարկվում և քաղաքականացվում է:
Ըստ Աբրահամյանի՝ Ցեղասպանությունը մոռանալու, ուրանալու մասին խոսակցությունները անհեթեթ են, միաժամանակ ոչ մի լավ տեղ չեն տանում:
Նախկին պատգամավորը նկատում է՝ ուրացում չի կարող լինել, որովհետև սա յուրաքանչյուր հայի ցավն է, անգամ գենետիկ մակարդակում այն մոռանալ հնարավոր չէ, սակայն նաև պետք է հաղթահարել ու վերապրել:
Գայանե Աբրահամյանն ընդգծում է՝ նույն Դաշնակցությունը, որն այսօր մեղադրում է օրվա իշխանությանը, դեռևս ամենաթարմ ժամանակ, երբ նոր էր Ցեղասպանությունը տեղի ունեցել, գիտակցում էր, որ պիտի գնալ և խոսել Թուրքիայի հետ:
Գայանե Աբրահամյանի խոսքով՝ հաճախ մենք մեր պատմության նկատմամբ անկեղծ չենք և միայն այդ պարագայում կարող ենք դասեր քաղել: Քանի դեռ փորձում ենք ամեն ինչ այլ հերոսացման դիտանկյունից ընկալել, սխալը սխալի հետևից ենք գործելու, նկատում է նա:
Աբրահամյանի համոզմամբ՝ ընդդիմությունը պիտի փոխի իր մոտեցումները և այս թեմաները չմանիպուլացնի, որովհետև մարդիկ էմոցիոնալ առումով սպառված են, և չի կարելի այսքան շահարկել մարդկանց զգայական ամենանուրբ կետերը:
Բաց մի թողեք
Ահա թե ինչպես 7 տարիների ընթացքում հայկականի շեմը իջեցվեց. Արսեն Մանուկյան
Նորմալ դատախազը գնալու էր, ասեր՝ իմ վրա դա մի դրեք, ես ի՞նչ գործ ունեմ Ռենջ Ռովերի հետ
Իշխանությունները դեռ 100 տոկոսով Ցեղասպանությունը չեն ուրացել, բայց … Սարգսյան