15/05/2025

Փաշինյանի «իրական Հայաստանն», այսպիսով, վերջնականապես ստանալու է Ալիեւի եւ Լուկաշենկոյի «իրական Ադրբեջանի» կամ «իրական Բելառուսի» տեսքը

«ՔՊ» հապավումը մարդկանց հոգնեցրել է եւ հաճախ բացասական էմոցիաներ է առաջացնում: Հետաքրքիր դրվագ. Սարիկ Մինասյանի վրա աշխատող գյումրեցի «տասովշիկը» վիրավորվեց, երբ նրան «ՔՊ-ական» անվանեցին, եւ նա, իհարկե, իրավացի է՝ նման մարդիկ աշխատում են ցանկացած իշխանության համար, ոչ թե հատկապես ՔՊ-ի:

Կան նման բազմաթիվ հոգեբանական պատճառներ, ուստի հաջորդ ընտրություններին իշխանությունը, հավանաբար, չի ներկայանալու «ՔՊ» բրենդով: Խոսակցություններ կան, որ 2026 թվականին Փաշինյանի ցուցակը կոչվելու է «Իրական Հայաստան»: Հանուն արդարության ասենք, որ դա ճիշտ՝ «ժողովրդի սրտից բխող» որոշում կլինի:

Ըստ այդմ, Կիրանցում կառուցած ճաքած պատը «իրական Հայաստան» է, իսկ, ասենք, Ամարասի վանքը, որտեղ դասավանդել է Մեսրոպ Մաշտոցը՝ «ոչ իրական», «պատմական»: Այդպիսով, «ոչ իրական» են դառնում նաեւ ինքը՝ Մաշտոցը եւ հայոց այբուբենը: Իսկ ահա Քաղաքացու օրվա կապակցությամբ անվճար հրամցվող խորովածն, անշուշտ, «իրական Հայաստանի» մասն է: Ինչու է խորովածն «իրական Հայաստան»:

Շատ պարզ. որովհետեւ չալաղաջի կտորները, որոնք ծամվում են եւ հայտնվում են ստամոքսում, շոշափելի են մեր զգայարանների համար: Առանց այդ պրոցեսների մարդը չի կարող ապրել: Իսկ առանց Ամարասի, հայոց այբուբենի կամ Նարեկացու տաղի, ինչպես տեսնում ենք՝ ապրելը միանգամայն հնարավոր է:

Երբ որեւէ նիկոլական ինձ նամակ է գրում՝ «MENQ GITENQ DU OV ES AY RSASTRUK», այդ «հպարտ քաղաքացուն» ի՞նչ է՝ Մաշտոցի այբուբե՞նն է պետք: Մի խոսքով, «Իրական Հայաստանը» միանգամայն աշխատող նախընտրական անվանում է եւ ամբողջությամբ ներդաշնակ է փաշինյանական ընտրազանգվածի առանցքային մտածելակերպին, խորքային իղձերին:

Հարց է սակայն՝ ինչպիսին է այդ ընտրազանգվածի չափը: Ենթադրենք, մարդիկ, որոնք հավատում են որեւէ գաղափարի, կազմում են ընտրողների 20 տոկոսը՝ այսօր Փաշինյանի կողմնակիցների մեջ նման մարդիկ չկան:

80 տոկոսը կազմում են «իրական Հայաստանի» կողմնակիցները: (Խորհուրդ եմ տալիս ծանոթանալու իտալացի ընկերաբան Վիլֆրեդո Պարետոյի տեսությանը): Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան է այս 7 տարիների ընթացքում բավարարվել այս 80 տոկոսի պահանջմունքը: Կարծում եմ, այս հարցում իշխանությունը պարծենալու ոչինչ չունի:

Այստեղից է իմ ենթադրությունը, որ առանց կոպիտ խախտումների, առանց բիրտ բռնությունների, առանց իրավապահների բռնաճնշումների՝ իշխանությունը չի կարողանա վերարտադրվել:

Փաշինյանի «իրական Հայաստանն», այսպիսով, վերջնականապես ստանալու է Ալիեւի եւ Լուկաշենկոյի «իրական Ադրբեջանի» կամ «իրական Բելառուսի» տեսքը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ