29/04/2025

Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թշնամին պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի մի քանի գյուղերի, ի մասնավորի՝ Խոզնավարի, Խնածախի, Արավուսի ուղղությամբ: Որոշ օրերի պարագայում ՀՀ ՊՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածել, իսկ մյուս օրերի վերաբերյալ բնակիչներն են տեղեկացնում, որ հատկապես երեկոյան ժամերին թշնամին անկանոն կրակահերթեր է արձակում:

«Փաստ» օրաթերթը գրում է. Ավելին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Չնայած այս ամենին, ինչպես և սպասելի է, ադրբեջանական կողմը հերքում է այդ տեղեկությունները, չնայած հերքելու բան էլ չկա, կրակոցներն ակնհայտ են:

Մի քանի լրատվամիջոցներ էլ գրել էին, որ, ըստ տեղացիների, «մարդիկ իրենց հողամասերը չեն գնում, վախենում են, արոտավայր չկա, անասունները ծախում են»:

Կրակոցների փաստը հաստատել է նաև քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանը, որն իր ՖԲ էջում տեղեկացրել էր, թե երկու օր է՝ գտնվում է Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում: Պատգամավորը, սակայն, համաձայն չէ, թե տեղի բնակիչները վախեցած են: Ըստ քպական պատգամավորի, բնակիչների բնականոն կյանքը շարունակվում է, անկախ այն բանից, որ գիշերը լսվում են կրակոցների ձայներ: «Բնականաբար դա առաջացնում է բնակիչների մոտ անհանգստություն, սակայն ոչ տագնապ: Նրանք շարունակում են աշխատել ու շենացնել մեր սահմանը»,- գրել է Դանիելյանը: