29/04/2025

Պուտինի ուկրաինական «տրիումֆը» կկորցնի աշխարհաքաղաքական կարևորությունը

Անցյալ շաբաթ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Ղազախստանին ներկայացրել է վեց հարյուրից ավելի վարձկանների ցուցակ, որ Ռուսաստանի կողմից մասնակցում են պատերազմին:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ուկրաինան հայտնել է վաթսուն սպանվածների Ղազախստանին վերադարձնելու պատրաստակամության մասին: Աստանան փաստացի հաստատել է, որ Կիևում հավատարմագրված դիվանագետները պաշտոնական հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:

Tengrinews-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահը հանձնարարել է մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները, իսկ իրավապահ մարմինները տեղերում բացատրական աշխատանք տանելու, վարձկանության համար քրեական պատասխանատվության մասին իրազեկելու հրահանգ են ստացել:

Աղբյուրները վկայում են, որ Ուկրաինան ունի Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցող վարձկանների հավաստի ցուցակներ և պատրաստ է հրապարակել այդ տվյալները, եթե համապատասխան երկրները լուրջ հետևություններ չանեն: Այս ֆոնին Բիշքեկից խիստ կարևոր տեղեկություն է ստացվել:

Ըստ այդմ՝ Ղրղզստանի մայրաքաղաքի Մայսմեկյան շրջանի դատարանը Բիշքեկում «Ռուսական տան» աշխատակցուհի Նատալյա Սեկերինայի նկատմամբ ավելի վաղ կիրառված խափանման միջոցը փոխել է տնային կալանքի: Նույն որոշումը կիրառվել է նաև գործարար Վիկտոր Սիրոտենկոյի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, Սեկերինան և բլոգեր Վիկտոր Վասիլևը ձերբակալվել են անցյալ շաբաթ, դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են մինչև հունիսի 17-ը: Նրանք կասկածվում են արտերկրում զինված հակամարտությանը մասնակցելու համար վարձկաններ հավաքագրելու մեջ։

Սեկերինայի նկատմամբ խափանման միջոցի փոփոխություն տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վակունովը բանակցություններ է վարել Ղրղզստանի հատուկ ծառայությունների ղեկավար Կաչիմբեկ Թաշիևի հետ:

ՌԻԱ-Նովոստին, հղելով Բիշքեկում ՌԴ դեսպանատան անանուն աղբյուրին, հայտնում է, որ Ղրղզստանի հատուկ ծառայություններն «Ռուսական տան» նկատմամբ ոչ մի պահանջ չունեն, իսկ «Ռոսոտրուդնիչեստո»-ի աշխատակցուհու ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ։

Ըստ երևույթին՝ դեսպան Վակունովը Ղրղըզստանի հատուկ ծառայություններին պարզապես խնդրել է գործը ներկայացնել այնպես, որ Նատալյա Սեկերինան Բիշքեկում վարձկաններ է հավաքագրել «բացառապես սեփական նախաձեռնությամբ»:

Ղրղզստանի նախագահ Ժապարովը խոստացել է մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցել Հաղթանակի օրվա տոնախմբությանը: Ըստ երևույթին, Սեկերինայի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը կապված է այդ ուղևորության հետ, բայց դրանից սկզբունքորեն ոչինչ չի փոխվում. հարուցված է քրեական գործ, ձերբակալված են Ռուսաստանի քաղաքացիներ, որ մեղադրվում են ինքնիշխան երկրի տարածքում վարձկաններ հավաքագրելու և նրանք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ռազմաճակատ ուղարկելու մեջ:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ըստ էության, «պայթեցնում է» Կենտրոնական Ասիան՝ բացահայտելով, որ Ռուսաստանն այդ տարածաշրջանում վարձկաններ է հավաքագրում: Դա ծանր հարված է Ռուսաստանի միջազգային հեղինակությանը:

Մոսկվան, ինչ խոսք, կուլ կտա նաև այդ նվաստացումը, բայց Կենտրոնական Ասիայի «ինտեգրման» աշխարհաքաղաքական նախագիծն, ամենայն հավանականությամբ, կհանդիպի լուրջ դիմադրության: Իսկ այդ դեպքում Վլադիմիր Պուտինի ուկրաինական «տրիումֆը» կկորցնի աշխարհաքաղաքական կարևորությունը: