06/05/2025

Ակցիա են անում՝ «թափեմ դեմքիդ», ու ամբողջ աշխարհը դա տեսնում է, մարդու հոգեվիճակն եմ ուզում պատկերացնել, իր ընտանիքի, երեխաների ․․․

Հրապարակի հարցազրույցը ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ․

– Նոր Նորքի թաղապետարանում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո, մինչ հանրությունը սպասում էր վարչական ղեկավարի հրաժարականին, Արամ Սարգսյանի թիմակիցն ընդամենը ներողություն խնդրեց հանրությունից եւ Երեւանի քաղաքապետից, ինչը նշանակում է, որ իշխանությունը թեման փակում է։ Ո՞րն է Ձեր գնահատականն այս միջադեպի հետ կապված, եւ արդյոք թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չպե՞տք է դիմում գրեր, հեռանար, ապա իրավական գործընթացներ հետեւեին։

– Խիստ բացասական վերաբերմունք ունեմ միջադեպի վերաբերյալ, թաղապետը պաշտոնատար անձ է եւ, այո, պետք է լիներ մաքսիմալ զուսպ եւ ամեն ինչ աներ, որ հարցը չհասներ միջադեպին, բայց պետք է ասեմ, որ մյուս կողմն էլ, որքանով որ տեսանյութերից է երեւում, եւ ընդհանուր վիճակն եմ վերլուծում, ինձ թվում է՝ գնացել էր սադրանքի։ Ես իմ գլոբալ վերլուծությունն ասեմ` այն է, որ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի մի դրվագն է սա՝ պաշտոնյաներին վարկաբեկել, հունից հանել, եւ սա առաջինը չէ, մի քանի նման դեպքեր եղել են եւ, կարծում եմ, գնալով ավելի են ուժգնանալու։ Թաղապետն այսօր ներողություն խնդրեց, որը շատ ճիշտ էր, միեւնույն ժամանակ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնավարի, որովհետեւ քրեադատավարական պրոցեսներ են ընթանում, եւ պարզ կդառնա՝ ում արարքին ինչ գնահատականներ կտրվեն։ Այս պահին նրա պաշտոնանկության անհրաժեշտություն չեմ տեսնում, առանց պարզաբանման պաշտոնանկությունը կարող է նախադեպ դառնալ, եւ այս ալիքը վարկաբեկելու, այս ծրագիրը կարող է նոր թափ ստանալ, ու կստացվի, որ արդյունք է տալիս, եկեք շարունակենք։

Նույնկերպ Վիլեն Գաբրիելյանից սկսվեց այս ամեն ինչը, նա հայտնվեց նման իրավիճակում, այդ օրը եղել է լրագրողների ուշադրության կենտրոնում, լրագրողները ման են եկել՝ իմանալով, որ նա հաց է կերել, եւ գուցե մի երկու բաժակ էլ խմել է․․․ եւ այդ միջադեպը սարքել են, ու էս սարքոցիները շարունակվում են, ես կարծում եմ՝ գնալով ավելի ահագնանալու են, հետեւաբար՝ կոչ եմ անում քաղաքական գործիչներին, անգամ լրագրողներին` լինել զգույշ, չտրվել սադրանքներին։

– Դեռ կանդրադառնանք, թե այդ հիբրիդային պատերազմի մյուս կողմն ով է, բայց երբ ասում եք՝ սադրել են թաղապետին, դուք չե՞ք տեսել, որ առաջինն ինքն է անվայելուչ արտահայտվել ակտիվիստի հետ հեռախոսազրույցում, որից մեկ օր անց ակցիա իրականացրին, եւ դրա հաջորդ օրն էլ տեղի ունեցավ ծեծի միջադեպը։

– Ես, ճիշտն ասած, չեմ լսել այդ ձայնագրությունը, որովհետեւ այնքան տհաճ է, որ ցանկություն չկա, նայել եմ ընդամենը երկու տեսանյութ՝ մեկը ծեծի, մյուսը՝ խուլիգանական դրսեւորում բլոգերի կողմից, որ ասում է՝ «թափեմ դեմքիդ» եւ այլն։

– Նույնը թաղապետն ասել էր բլոգերին՝ հեռախոսով, որին ի պատասխան էին այդ` լուսանկարների վրա յոգուրտ լցնելու ակցիան իրականացրել․ դրա մասին եք Դուք, հավանաբար, խոսում։

– Դե՝ հա, հեռախոսով ասելն այլ բան է, հանրային ասելը՝ այլ, իհարկե, եթե ասել է, շատ վատ բան է արել, բայց եկեք ընդունենք, որ այս միջադեպը կարող էր աղետով ավարտվել։ Հայ հասարակության մեջ հաշվի առնելով մեր մենթալիտետը՝ սա կարող էր մեծ բռնկման տանել, ավելի ծանր հետեւանքների հանգեցնել։ Օրինակ, թաղապետը տղա ունի, ընկերներ ունի, եւ այս դրսեւորումը` «դեմքիդ թափեմ» եւ այլն, կարող էր մեծ դժբախտությունների պատճառ դառնալ։ Սա ասում եմ երկար տարիներ ոստիկանությունում աշխատելու փորձից։ Բայց կրկնում եմ՝ կոնկրետ սադրանք էր, բլոգերը որքան էլ զոհի կարգավիճակ է ընդունում։

– Այսինքն՝ պաշտոնյային կարելի է ոչ հանրային հայհոյել քաղաքացուն, նվաստացնել արժանապատվությունը, բայց քաղաքացուն չի՞ կարելի պատասխանել։

– Բայց պատկերացնո՞ւմ եք` հանրային ակցիա են անում՝ «թափեմ դեմքիդ», ու ամբողջ աշխարհը դա տեսնում է, մարդու հոգեվիճակն եմ ուզում պատկերացնել, իր ընտանիքի, երեխաների, ինչ հոգեվիճակում են եղել այս ամենի հետեւանքով եւ ինչ հոգեվիճակում են նաեւ հիմա։ Իրավապահները պետք է շատ զգոն լինեն, որ հանկարծ շարունակություն չլինի, եւ կարծում եմ՝ չի լինի, քանի որ արդեն քննության փուլն է։

– Որ ասում եք՝ հիբրիդային պատերազմ, սադրանք եւ այլն, ի՞նչ նկատի ունեք, Արամ Սարգսյանն էլ հայտարարեց, որ Ռուսաստանն է կազմակերպել այդ սադրանքը, Դուք է՞լ եք կարծում, որ այդպես է։

– Մի լուրջ ալիք է սկսվել, այդ օրը նաեւ իշխանական լրագրողի են սադրել, Վահագն Ալեքսանյանի մոր հետ կապված միջադեպ է եղել, դրանից առաջ Վիլենն էր․․․ հիբրիդային պատերազմն իրականացվում է այն ուժերի կողմից, ովքեր դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը։

– Ռուսաստանի՞ն նկատի ունեք, Արեւմուտքի՞ն, թե՞ գուցե մեր հարեւաններին։

– Այո, ռուսական ուժեր էլ կան դրա մեջ, ադրբեջանական էլ, համատեղ էլ կա, ամեն ինչ էլ կա։

– «Հանրապետություն» կուսակցության Ձեր գործընկերներն ակնհայտ շանտաժի դիմեցին՝ հայտարարելով, որ եթե թաղապետն ազատվի, կխզեն կոալիցիան։ Վատ չե՞ք զգում, որ ձեր իշխանության դիրքերն այնքան խարխուլ են, որ անգամ Զավենիչն է ձեզ սպառնում։

– Ես  կրկնում եմ՝ ինքս դեմ եմ, որ թաղապետն ազատվի պաշտոնից, դա նշանակում է՝ տրվում ենք սադրանքներին, շանտաժին, որը շարունակություն է ունենալու։ Ինչ վերաբերում է իրենց հայտարարություններին, ապա նորմալ եմ ընդունում, քաղաքական ուժ են, որոշումներ են կայացնում, իրենք խնդիր ունեն՝ առաջին հերթին իրենց պաշտպանելու։ Սա ես շանտաժ չեմ համարում։

– Այսպիսով կարո՞ղ ենք արձանագրել, որ ծեծը, բռնությունը ժողբաստիոնում դառնում են քաղաքական մշակույթ։

– Ոչ, դա բացառված է։ Կա քրեական վարույթ, եւ քրեաիրավական որակումները տրվելու են, ըստ դրա` արդեն պարզ կլինի, գուցե պարզվում է, որ ինքն այլեւս չպետք է պաշտոնավարի, նման դատական որոշում լինի, հազար ու մի բան կարող է լինել։

– Իսկ քաղաքական պատասխանատվությո՞ւնը։

– Այսօր ինքը ներողություն խնդրեց, բայց եթե իր քաղաքական թիմը գտնում է, որ պետք է աշխատի, ապա պետք է ընդունել։

– Իշխանությունը պատասխանատվություն չի՞ կրում կոալիցիոն գործընկերոջ արարքների համար։

– Մեր պատասխանատվության հարցը դատաքննչական մարմինների աշխատանքներից հետո կերեւա։