Արցախի Ազգային ժողովի պատգամավորները պատրաստվում են Սամվել Շահրամանյանին նախագահ վերընտրել: Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է մայիսի 21-ին. հինգ տարի առաջ այդ օրն է Արայիկ Հարությունյանը երդմամբ ստանձնել նախագահի պաշտոնը:
Շահրամանյանի վերընտրության մասին տեղեկությանը ֆեյսբուքյան օգտատերն արձագանքել է այսպես. «Իսկ պատգամավորներին ո՞վ է ընտրում»: Նա, ինչպես ասում են, ճիշտ նշանակետին է խփում և բացահայտում իրավական «ականը», որ Արցախի պետականության հիմքում դրվել է 2017 թվականի սահմանադրական աճպարարությամբ:
Բանն այն է, որ նույն օրն սպառվում է նաև Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը, որովհետև սահմանադրությամբ նախագահի և խորհրդարանի ընտրություններն անցնում են նույն օրը:
Ո՞վ է այդ «նոու-հաուի» հեղինակը, այլևս անիմաստ է քննարկել, բայց չենք կարող չնկատել, որ տարածաշրջանի միակ երկիրը, որ նախագահի և խորհրդարանի ընտրությունները համատեղել է և մեկի լիազորությունները պայմանավորել մյուսի լեգիտիմությամբ, Թուրքիան է, որտեղ նախագահի հրաժարականը հանգեցնում է Ազգային մեծ ժողովի լուծարման, իսկ եթե խորհրդարանում պատգամավորական երեսուն մանդատ մնում է թափուր, ապա նշանակվում են նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրություններ:
Արցախում, իհարկե, շրջափակված իրավիճակում խորհրդարանը սահմանադրական փոփոխություն է կատարել և իրեն լիազորել նախագահի հրաժարականի դեպքում նոր նախագահի ընտրության իրավունքով: Բայց սպառվել է նաև այդ հնարավորությունը, քանի որ Ազգային ժողովն էլ սպառում է առաջնային մանդատը:
Անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ռացիոնալ միտք է արտահայտել: Նա արդարացիորեն փաստել է, որ միջազգային հանրությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մանդատը:
Այո՛, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե-յուրե գործում է, ուժի մեջ է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների շահագրգիռ մասնակցությամբ Մինսկի խորհրդաժողով հրավիրելու և ԼՂ կարգավիճակը սահմանելու որոշումը:
Ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մանդատը չի սպառվել և միջազգային իրավունքի տեսակետից ավելի բարձր է, քան Արցախի Ազգային ժողովի պատգամավորի և խորհրդարանի կողմից ընտրված նախագահի մանդատը:
Խնդիրն այն է, թե քաղաքական ի՞նչ խմորումներ են հասունանում Ստեփանակերտի վերնախավի ներսում, նրա և Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմության հետ հարաբերություններում: Այսինքն՝ Ազատության հրապարակի «վրանապետությամբ» կամ Նաիրի Զարյան 17/1-ի «ներկայացուցչապետությամբ» ի՞նչ հարց է լուծվում Ստեփանակերտի վերնախավն իր կազմակերպվածության պահպանմամբ սպասարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի՞, թե՞ ԼՂ ընտրված ներկայացուցիչների միջազգայնորեն ճանաչված մանդատի պահպանման հարց:
Նիկոլ Փաշինյանը, թերևս, ճիշտ է, երբ ասում է, որ Հայաստանում ղարաբաղյան շարժում չի լինելու: Միջազգայնորեն ճանաչված երկիրը չի կարող միջազգայնորեն ճանաչված մեկ այլ երկրի ներքին կազմակերպվածությանը վերաբերող քաղաքականություն վարել:
Բայց Նիկոլ Փաշինյանի կամ նրա հաջորդի կառավարությունը ոչ մի իրավասություն չունի խոչընդոտելու ԼՂ ընտրված ներկայացուցիչների մանդատը պահպանելու՝ Արցախից բռնատեղահանված հարյուր հիսուն հազար մարդու իրավունքի իրացմանը:
Սա, անկասկած, չափազանց դելիկատ հարց է, որ պահանջում է բռնատեղահանված բնակչության ներկայացուցիչների և Հայաստանի կառավարության լուրջ կոմունիկացիա: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության օրինական շահերի ակտուալացումը չի նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և իքնիշխանության ոտնահարում կամ խախտում:
Բայց Ստեփանակերտի ներկայիս վերնախավը պատրա՞ստ է ձևակերպել և միջազգային կառույցներին, առաջին հերթին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացնել իրավա-քաղաքական նման մոտեցում: Հարցերի հարցը դա է, Արցախի նախագահ են ընտրում, որ ի՞նչ անի: Պաշտպանի ԵԱՀԿ կողմից ԼՂ ընտրված ներկայացուցչի մանդա՞տը, թե՞ միանա «սրբազան շարժմանը»։
Բաց մի թողեք
Հայհոյանքը, ուժի անկաշկանդ կիրառումը կամ դրա սպառնալիքը դառնում են «նորմ»
Նոր պատերազմ կլինի Ղազախստանում, Պուտինը բոլոր նախկիններին վերադարձնում է, որ ԽՍՀՄ վերականգնի
Բիձինա Իվանիշվիլին կհեռանա՞, թե՞ Վրաստանը կտանի ԵԱՏՄ