Վերջին շաբաթներին ողջ աշխարհն ուշադիր հետեւում էր Հնդկաստան-Պակիստան լարվածության աճին:
Եվ երբ Հնդկաստանը հայտարարեց Պակիստանի տարածքում տեղակայված ահաբեկչական թիրախների ուղղությամբ ռազմական օպերացիա իրականացնելու մասին, պարզ էր, որ աշխարհը նոր պատերազմից 5 պակաս է, եւ սա շատ ավելի վտանգավոր լարում է, քան պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի վերջին սրացումները:
Հնդկաստանի իրականացրած հարվածների թիրախում 9 կետ է հայտնվել, ինչի հետեւանքով Պակիստանը հաղորդում է 26 զոհի մասին: Դե, իսկ Պակիստանն էլ՝ պարզ է, որ հետ չէր մնալու, եւ հայտարարեց, որ պատասխան հարվածի ժամանակ խոցել են հնդկական 5 օդանավ՝ 3 Rafale, 1 ՍՈւ-30 եւ 1 ՄիԳ-29: Իր հերթին հնդկական կողմը հայտնում է 10 զոհի մասին: Հիշեցնենք, որ երկու երկրներն էլ միջուկային պետություններ են, իսկ նրանց միջեւ շարունակվող թշնամանքը կարծես թե վերջ չունի:
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հարցին, թե արդյոք այս միջադեպը կամ բախումը կարո՞ղ է վերահսկողությունից դուրս գալ ու վերածվել միջուկային պատերազմի, ասաց, որ այս պահին որեւէ երկրի կողմից վերահսկողություն չկա: Այս պահին միջազգային հանրությունն ականատեսի դեր է ստանձնել եւ հետեւում է բախման ընթացքին, լավագույն դեպքում կոչեր ու հորդորներ են հնչում՝ ռազմական գործողություններն ավելի լայնածավալ չդարձնելու մտահոգությամբ:
«Այս պահի դրությամբ լոկալ պատերազմական իրավիճակ է, չեմ կարծում, թե դա կվերածվի միջուկային պատերազմի: Չնայած մեծ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, պարզապես կարծում եմ, որ խոհեմ կգտնվեն երկրի ղեկավարները, կհասկանան, որ երկուստեք չպետք է հասցնել կարմիր գծի հատմանը: Երկուսն էլ միջուկային գերտերություններ են եւ իրենց արսենալում ունեն բավականին լուրջ միջուկային զենքեր»,- ասաց Կարապետյանը: Չնայած երկու կողմից էլ միջին կամ հեռահար բալիստիկ հրթիռներ են կիրառվել, սակայն ռազմական բախումների բնույթը դեռեւս լոկալ է: «Զոհեր, վիրավորներ կան, եւ պատերազմական իրավիճակում դա բնական է: Պակիստանյան կողմը կարծես թե հանդես է եկել խաղաղության կոչով, տպավորություն է ստեղծվում, որ փորձում են ընդհանուր հայտարարի գալ եւ վերջ տալ բախումներին»,- ասաց միջազգայնագետը:
Տեղի ունեցողն ուժի կիրառման ցուցադրություն է: Պակիստանա- հնդկական այս թոհուբոհի մեջ մեզ համար կարեւոր մի հանգամանք կա՝ նկատում է միջազգայնագետը. «Երբ որ մենք պատերազմից հետո՝ 2020-ականներից սկսեցինք Հնդկաստանից զենք ներմուծել Հայաստան, կասկածում էինք այդ զենքի որակական հատկանիշների վրա: Եվ հիմա իրական պատերազմական գործողությունների ժամանակ լավագույնս կդրսեւորվի հնդկական զենքը, եւ հասկանալի կդառնա` արդյոք այդ զենքը, զինամթերքն արդարացնելո՞ւ են իրենց մարտի դաշտում՝ գործողության ժամանակ: Այսինքն, փորձարկվելու է ռազմի դաշտում, եւ մեզ համար դրականն այն է, որ մենք այդ փորձադաշտը չենք լինի, եւ եթե թերություններ կամ առավելություններ կան այդ զենքի, մենք գործի մեջ արդեն կտեսնենք դա»:
Պակիստան-Հնդկաստան ռազմական բախմանն է անդրադարձել նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփը, ամոթանք տվել երկու երկրներին: Կարապետյանը, անդրադառնալով Թրամփի հայտարարությանը, ասաց, որ այդ հայտարարության մեջ ոչ մի դիվանագիտական կամ զսպող խոսք չկա, եւ ավելին՝ այդ խոսքը նույնիսկ հարիր չէ պետության ղեկավարին: «Այս համատեքստում, օրինակ, Նեթանյահուն բացահայտ ու անկաշկանդ իր դիրքորոշումը հայտնեց՝ Հնդկաստանին ցանկացած հնարավոր ձեւով օգնելու իր պատրաստակամության մասին, որ կօգնի սպառազինությամբ: Իսրայելը Հնդկաստանի աջակիցն է, ընդ որում՝ Նեթանյահուն միակն է, որ պրոհնդկական դիրքորոշում հայտնեց, իր աջակցությունն առաջարկեց, որ ցանկացած հնարավորություն կօգտագործի՝ Հնդկաստանին օժանդակելու համար»,- ասաց միջազգայնագետը: Բնականաբար, Ադրբեջանն էլ պրոպակիստանյան դիրքորոշում է որդեգրել, իսկ Թուրքիան արդեն իսկ օժանդակում է Պակիստանին, թերեւս զենքի տրամադրման փաստեր Ադրբեջանի կողմից դեռեւս չեն արձանագրվել, սակայն Ադրբեջանը որոշակի աջակցություն ցուցաբերում է Պակիստանին: «Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Պակիստանի ուղղությամբ որեւէ միջամտություն, ռազմական սցենարի դեպքում թուրքական սպառազինությամբ օգտակար է լինելու: Դեռեւս խոսք չկա, թե ինչ քանակի կամ տեսակի սպառազինության մասին է խոսքը»,- եզրափակեց Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւս խոր մտահոգություն է արտահայտել Պակիստան-Հնդկաստան այս բախումների վերաբերյալ ու հայտարարել, որ աշխարհը չի կարող Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ռազմական բախում թույլ տալ:
Բաց մի թողեք
Նեթանյահուն և Թրամփը որոշեցին
Մոսկվան Կիևի առաջ խիստ պայմաններ է դրել
Օվալաձև աշխատասենյակում հայտնվել է Թրամփի դեմ մահափորձը պատկերող բրոնզե արձանը. Լուսանկար