Քաղաքական շրջանակները հետաքրքրվում են, թե ինչու է լռում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանը։ Մարդն աշխատում է ՊՆ-ում՝ որպես Սուրեն Պապիկյանի խորհրդական։
Հրապարակ թերթը գրել է․ Առաջին հայացքից թվում է, թե վատ բան չկա՝ այս իշխանության ձեռամբ հանձնված Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքի է անցել ՀՀ պետական կառույցում։ Սուրեն Պապիկյանը գուցե փորձել է տարանջատվել արցախահայության դեմ ատելություն գեներացնող ՔՊ-ականներից եւ նման քայլի է գնացել։ Բայց լրատվամիջոցներում հայտնված լուրը, թե Կամո Վարդանյանը Սուրեն Պապիկյանի խորհրդական է նշանակվել, ՊՆ-ից ջանասիրաբար հերքվեց դեռ 2024 թվականի օգոստոսին․ «ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր եւ բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ: Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները երեքն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը: Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն»։ Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր խոսքում ասաց, որ Կամո Վարդանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խորհրդական է նշանակվել։
Մենք մի քանի օր առաջ դիմեցինք ՊՆ խոսնակին՝ խնդրելով պատասխանել, թե Կամո Վարդանյանն ինչ պաշտոն է զբաղեցնում պաշտպանության նախարարությունում։ ՊՆ-ից մի քանի աղբյուր, այդ թվում՝ արցախյան շրջանակներն ասում են, որ նա ՊՆ-ում որպես խորհրդական է աշխատում, մի մասն ասում է՝ նախարարի, մյուսները՝ ԳՇ պետի։ Զարմանալի է, որ այս հանգամանքը ՊՆ-ն փորձում է թաքցնել։ Մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ մի լղոզված պատասխան տվեց, որը քիչ էր տարբերվում 24-ի օգոստոսին տված պատասխանից․ «Պաշտպանության նախարարությունում բարձր եւ բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ: Պաշտպանության նախարարի՝ զինվորական խորհրդականների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածել էր 2024 թվականի օգոստոսին, որից զատ այլ տեղեկատվություն չենք կարող հաղորդել»։
Գուցե ՊՆ-ն փորձում է խաղալ «զինվորական խորհրդական» տերմինի վրա, գուցե Վարդանյանը հասարակական հիմունքներով է խորհրդական աշխատում եւ քանի որ չի վարձատրվում բյուջեից, իրենց իրավունք են վերապահում թաքցնել այդ հանգամանքը։ Սակայն պաշտպանության նախարարն ունի խորհրդականներ, ինչպես, օրինակ, Դավիթ Աղաբալյանը, որը վերջերս ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց ՆԳՆ ՆԱՎ-ի պետ։ ՊՆ խորհրդական է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Իշխանական ներքին անցուդարձին լավատեղյակ աղբյուրը մեզ հուշեց այս փաստը թաքցնելու իրական պատճառը՝ Ալիեւից են վախենում։ Անգամ ներպետական մակարդակում են զգուշանում, նույնիսկ վախենում են, որ Պնախարարի խորհրդականի ոչ բարձր պաշտոնին արցախցի նշանակելու հանգամանքը կարող է Ալիեւի զայրույթն առաջացնել, դրա համար են թաքցնում։
Եթե այս բացատրությունն իրական է, իսկ տրամաբանությունը հուշում է, որ սա ամենախելամիտ բացատրությունն է՝ պարզ հարցում ստելու, ուրեմն իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք ենք պատկերացնում, եւ Ալիեւի պահանջներն էլ չեն սահմանափակվում բացահայտ բարձրաձայնված թելադրանքներով, նա արդեն ուղղակիորեն կառավարում է մեր երկիրը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքով եւ Նիկոլ Փաշինյանի փոխարեն։
Ի դեպ, արցախյան շրջանակներն էլ միանշանակ չեն վերաբերվում Կամո Վարդանյանին: Արցախի ներդրումային հիմնադրամից յուրացումների բացահայտման համար պայքարող Նահապետ Սարգսյանը, օրինակ, հարց է տալիս` ինչո՞ւ մինչ օրս չեն պատժվել ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող բենզինի պահեստի պայթյունի մեղավորները, որի ժամանակ զոհվեց 219 անձ, իսկ 22 հոգի մինչ օրս համարվում է անհետ կորած։
«Մենք տեղյակ ենք, որ մինչեւ հիմա որեւէ մեկը չի պատժվել դրա համար։ Բերանով ասելու չի, թե մենք այդ օրն ինչ ենք կորցրել։ Անփութություն է եղել, թե ինչ, մեզ համար էական չէ։ Այդ տարածքը ՊՆ-ի վերահսկողության տակ է եղել, ՊՆ-ից ասում են՝ կցվել էր Արցախի կառավարությանը։ Այս ամենը պարզաբանելու նպատակով մենք հարցը պահելու ենք օրակարգում։ Այդ ժամանակ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյան կոչեցյալը, որ եղել է այդ տարածքի պատասխանատուն, Սուրեն Պապիկյանի խորհրդականն է հիմա։ Մեզ մոտ հարց է առաջանում՝ ինքն այնտեղ ի՞նչ է անում, եթե իր ենթակայության տակ գտնվող պահեստում եղել է այդ պայթյունը, ինքն ասել է, թե կարող էր լինել անփութության հետեւանքով։ Անփույթն ինքն է, ոչ այն անձինք, ովքեր բենզին էին հայթայթում»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգսյանը։
«Պայթյունի պատասխանատուն ինքն է, ոչ թե կառավարությունը, այլ հենց ինքը։ Պահեստում կար պահեստապետ, օգնական, կարաուլ պետք է լիներ։ Ես ծառայած մարդ եմ ու գիտեմ, թե բանակի տարածքների հսկողությունը ոնց է լինում։ Մի բառով կասեմ՝ իր անփութության հետեւանքն է, եթե պատասխանատու ձեւով կանգնած լինեին, մենք չէինք ունենա այսքան զոհեր»,- ասաց Սարգսյանը։
Բաց մի թողեք
Փաշինյանի ապագան պրծել է, նա Ալիևին է սպասում
Իշխանությունը բացում է խաղաքարտերը
Քննարկումներ իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են