15/05/2025

Արդյո՞ք Երեւանի արտաքին քաղաքական արեւմտամետ գծի փոփոխություն է

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Երեւան։ Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Աննա Բադալյանը դեռ մայիսի 5-ին էր այդ մասին հայտարարություն արել։

Լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ Լավրովի այցը նախատեսված է առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չէր նշել։ Միայն հավելել էր, որ այցին մոտ արդեն կհայտարարվի ժամկետի մասին։

Զուգահեռաբար՝ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի առաջիկա այցը Հայաստան։ Մատվիենկոն Հայաստան կգա, ամենայն հավանականությամբ, այս տարվա հունիսին։

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր վերլուծական հոդվածում անդրադարձել է այս այցերին՝ փորձելով հասկանալ, թե նման դիվանագիտական ակտիվացումն ինչի հետ է կապված, եւ արդյո՞ք Երեւանի արտաքին քաղաքական արեւմտամետ գծի փոփոխություն է։ Այս առումով, ըստ Մարկեդոնովի, ինչպես ընդունված է ասել, «ամեն ինչ շատ բարդ է»։

Նախ՝ Մոսկվայի համար չափազանց կարեւոր է Հայաստանի հետ դրական կապերի պահպանումը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 21-ին էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր այցելել Մոսկվա։ Առաջին հայացքից, իհարկե, այցը կարելի է համարել արարողակարգային, սակայն այստեղ կա մի նրբություն։

Դա կապված է այն բանի հետ, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռուսաստան է այցելել ՌԴ ԱԳ նախարարի հրավերով՝ տեւական դադարից հետո։ Նախորդ անգամ նման այց եղել էր միայն 23 թվականի հուլիսին։ Հունվարյան այցով, ըստ էության, ձգձգված ընդմիջումը, կարելի է ասել, ավարտվեց։

Ու հիմա կարեւոր է, որ նման երկրորդ ընդմիջման գոյացման համար շանսեր չթողնվեն։ Իսկ այն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Մոսկվա՝ Մեծ հաղթանակի տոնակատարությանը մասնակցելու, դրական ֆոն է ստեղծում Երեւանում հայ-ռուսական բանակցությունների համար։

Մյուս կողմից, Հայաստանը որքան էլ արտաքին քաղաքական առումով արեւմտամետ կեցվածք է ընդունել, սակայն նախկինի նման շարունակում է սերտ կապեր ունենալ ԵԱՏՄ եւ Ռուսաստանի հետ։ ԵՄ-ն ի վիճակի չէ իրապես իրեն առաջարկել որպես փոխարինող մեխանիզմ, եթե Երեւանը խզի հարաբերությունները Մոսկվայի հետ։

Ի լրումն սրա՝ հայ-ադրբեջանական հաշտության փաստաթղթի բանակցություններում նկատվող լճացման պայմաններում էլ ներկայում ձեռնտու չէ Մոսկվայի հետ հարաբերություններ փչացնելը։ Չպետք է մոռանալ նաեւ, որ Փարաքարում եւ Գյումրիում էլ իշխող կուսակցությունը պարտվեց։

Հետեւաբար, ըստ Մարկեդոնովի, որքան էլ խնդիրները հայ-ռուսական հարաբերություններում շատ լինեն կուտակված, այնուհանդերձ, ավելի լավ է դրանք բանակցությունների սեղանի շուրջ քննարկելն ու կարգավորելը։