15/05/2025

Ռուսաստանի և նրա հովանավորությունը վայելող հայաստանյան շրջանակների նկատմամբ բռնատեղահանված արցախցիների հավատը

Արցախի բռնատեղահանությունից հետո քաղաքական Ստեփանակերտի գրեթե բոլոր ձեռնարկումներն ընդգծված արևմտյան ուղղություն են ունեցել.

Ազգային ժողովի ստեղծած հանձնախումբը, որ գլխավորում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ինչպես նրա գործունեության մասին տեղեկատվությունն է վկայում, բացառապես գործել է եվրոպական երկրներում, Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է արևմտյան իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների հետ, Փաստաբանների պալատի նախագահը՝ ֆրանսիացի գործընկերների հետ, իսկ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը բոլորովին վերջերս մասնակցել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հարցով ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված հեղինակավոր լսումներին:

Անցած ավելի քան մեկուկես տարում քաղաքական Ստեփանակերտը հրապարակային ոչ մի շփում չի ունեցել Ռուսաստանի պետական դումայի, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության, հանրային կամ փորձագիտական որևէ շրջանակի հետ: Այդ մասին, համենայն դեպս, տեղեկատվություն չի տարածվել:

Ընդ որում, եթե բռնատեղահանված բնակչության վերադարձի իրավունքի, նրա անվտանգության և քաղաքական ազատությունների մասին որևէ հայտարարություն հնչել է, ապա դարձյալ՝ Եվրոպայից, Եվրախորհրդարանից, եվրոպական իրավապաշտպան կառույցներից, ԵԽԽՎ-ից, առանձին պատգամավորներից:

Այս ֆոնին պարզապես նոնսենս է, երբ Արցախի Ազգային ժողովի պատգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը «Եվրադաշինքն է» և այդ հարթակում համախմբված քաղաքական գործիչներին անվանում «եվրաթալիբներ», որ առերևույթ Փաշինյանին քննադատում են «ռուսամոլության համար», որպեսզի «քվե մուրան», իսկ խորհրդարան անցնելուց հետո «նետվեն Նիկոլի գիրկը»:

Նա ընդհանրացնում է, որ ինստիտուցիոնալ ընդդիմությունը «չպիտի մեկը մյուսին թիրախավորի» և ձևակերպում Հայաստանի ներքաղաքական առաջնահերթությունը. «Թիրախ պետք է լինեն Նիկոլը և եվրաթալիբները»:

Իսկ ո՞վ չպետք է թիրախ լինի: Հասկացվում է, որ Արցախի Ազգային ժողովի պատգամավորը, որ նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, հակված է պաշտպանելու, աջակցելու քաղաքական այն ուժերին, որ նպատակադրվել են Հայաստանը վերադարձնել «դարավոր բարեկամի և ռազմավարական դաշնակցի գիրկը» և նույնիսկ քարոզում են «միութենական պետությանն անդամակցություն»:

Ի դեպ, այստեղ հարկ է անպայման նշել, որ հենց Ռուսաստանն է աշխարհի առաջին երկիրը, որ Գերագույն դատարանի որոշմամբ «Թալիբան» շարժումը հանել է ահաբեկչական կազմավորումների ցանկից և արտոնել իր տարածքում նրա գործունեությունը:

Այսինքն՝ Մոսկվան պաշտոնապես ճանաչել է Քաբուլի փաստացի իշխանություններին, իսկ եվրոպական ոչ մի երկիր, չնայած Աֆղանստանի նկատմամբ բացառիկ հետաքրքրությանը, նման քայլի չի գնացել: Պետք է հատուկ ընդգծել, որ «թալիբների» հանդեպ նույն մոտեցումն է որդեգրել նաև Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի «եվրաթալիբներին», ապա Գյումրիի ավանագանու ընտրություններին իշխանության ամենասուր քննադատը նրանց կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Լևոն Բարսեղյանն էր, ում դեմ, ի դեպ, «սրբազան պայքարի» էին դուրս եկել քաղաքական մյուս բոլոր ուժերը:

Ով ով, բայց 2023 թվականի սեպտեմբերյան աղետի ականատեսը չպետք է հավատ ընծայի «մանտրային», որ «Արցախը հանձնվել է 2022-ի հոկտեմբերի 6-ի պրահյան հայտարարությամբ»:

Դա ոչ միայն փաստական հիմք չունի, այլև հակասում է քաղաքական տրամաբանությանը. եթե Ռուսաստանը շահագրգռված լիներ Լեռնային Ղարաբաղի պետականության և այնտեղ հայ բնակչության անվտանգ կենսագործունեության պահպանմամբ, ապա դա կաներ գոնե ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի:

Ի՞նչ է քարոզում «Եվրադաշինքը», որքանո՞վ է Հայաստանի քաղաքացին ընդունում այդ պլատֆորմը, ցույց կտան ընտրությունները: Կանխատեսումներ անելը միշտ և ամենուր անշնորհակալ գործ է:

Բայց մի բան ստույգ է. Ռուսաստանի և նրա հովանավորությունը վայելող հայաստանյան շրջանակների նկատմամբ բռնատեղահանված արցախցիների հավատը կամ վստահությունը, եթե անգաժավորվածություն չէ, ապա պարզ մազոխիզմ է: