Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր իշխանության մոտ կա որոշակի հակասականություն: Ես միանգամայն համաձայն եմ, որ Փաշինյանը Ռուսաստանի համար անցանկալի չէ:
Կասեմ ավելին՝ շատ ցանկալի է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի բոլոր հարեւանների եւ տարածաշրջանում շահեր ունեցողների համար: Պրեֆերանսում կա մի դերակատարություն, երբ մասնակիցներից մեկն, ըստ էության, չի խաղում, մշտական «փասի» մեջ է եւ կատարում է որոշակի ձեւական գործառույթներ:
Ընդ որում, շատ ցանկալի է, որ նման «խաղացողն» ունենա երկնքին հասնող անձնական հավակնություններ եւ որեւէ բանով չհիմնավորված ինքնահավանություն՝ այդպիսիների հետ հմուտ խաղացողներին ավելի հեշտ է գործ ունենալ: Այնպես որ, այո, Փաշինյանը Ռուսաստանին բացարձակապես չի խանգարում:
Բայց եթե չի խանգարում, ինչի՞ վրա են հիմնված այն պնդումները, թե Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում: Պատերազմ, այդ թվում՝ հիբրիդային, մղում են թշնամի պետության դեմ, մասնավորապես, այդ պետությունում իշխանությունը եւ, հետեւաբար, քաղաքական կուրսը փոխելու նպատակով:
(Գուցե մեր երկրում կան ընդդիմադիր ուժեր, որոնք դրա մասին են երազում, բայց դա իրենց խնդիրն է): Բայց եթե Հայաստանի այս իշխանությունն անցանկալի չէ, եթե քաղաքականությունը (շեշտեմ՝ քաղաքականությո՛ւնը, ոչ թե «քույր կուսակցությունների» եւ հ/կ-ականների հռետորաբանությունը), ընդհանուր առմամբ, ձեռնտու է Ռուսաստանին, ապա ինչի՞ համար է պետք այդ պատերազմը:
Այս պահին, օրինակ, ինձ թվում է, որ Կրեմլը 2026 թվականին բացարձակապես դեմ չի լինի, որ Փաշինյանը վերարտադրվի:
Եվ հետո՝ ինչո՞ւմ է արտահայտվում այդ «հիբրիդային պատերազմը»: Ինչ-որ մի հրապարակախոս կամ լրագրող ինչ-որ բան է ասում:
Մեզ համար նրանք հիբրիդային պատերազմի մա՞ս են: Ենթադրում եմ, որ դավադրապաշտական առասպելաբանությունը, ըստ որի, նույնիսկ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքն է Կրեմլը կազմակերպել, ներքին օգտագործման քարոզչության համար է՝ «տեսեք, մենք հերոսաբար պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար»:
Մարդիկ կան, որ դրան հավատում են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Փաշինյանը բարձրացրել է «մեղքերին թողություն տվող» կառույցի «մեղքերի թողության» հարցը
Հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան. Մարության