10/05/2025

Մարմարիկում՝ 2 տարեկան Տիգրանին չեն գտնում, որևէ հետք չկա ․․․

Մարմարիկ գյուղում արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ շարունակվում են 2-ամյա Տիգրանի որոնումները: Դրանք առավելապես կենտրոնացած են գետում, սակայն դեռևս արդյունք չեն տվել: Օրեր առաջ Մարմարիկ գետի հոսքը կանգնեցվեց, այնուհետև հատուկ նավակներ իջեցվեցին ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:

ՆԳՆ-ից հայտնում են, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։

Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ, սակայն դեռևս ապարդյուն, փոքրիկը կարծես գետնի տակ է անցել, որևէ հետք, փրկարարները չեն գտնում:

Մարմարիկ խոշորացված համայնքից բնակիչներից «Հրապարակին» պատմեցին, որ գյուղում տարիներ շարունակ անտեր վիճակ է եղել, գետը, որի ափին մարդիկ ապրում են, անգամ չունի ցանկապատ, իսկ պատ կառուցելու մասին մարդիկ անգամ չեն կարող երազել: Տեղացիները դժգոհում են, ասելով, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ ուշադրություն լիներ գյուղի նկատմամբ, այժմ գետն ընկնելու վարկած չէր լինի:

«Հրապարակը» Մարմարիկի վարչական ղեկավար Արթուր Քարամյանին հարցրել է՝ ինչո՞ւ գետը նվազագույնը ցանկապատված չէ, ո՞ւմ թերացումն է սա: Վարչակական ղեկավարը զարմացած տոնով ասաց, որ ոչինչից տեղյակ չէ և այժմ խիստ զբաղված է և չի կարող այդ հարցին անդրադառնալ: Տպավորություն է, թե այդ հարցը շատ անկարևոր հարց է, իսկ վաղը չկա հավանականություն, որ մեկ այլ երեխա կարող է  գետն ընկնել՝ տարրական պայմանների բացահակայության արդյունքում: Կոտայքի մարզպետարանից ևս հետարքրքվեցինք՝ ինչո՞ւ մարզպետարանը հետամուտ չի լինում այս հարցերում, ո՞վ պետք է վերահսկի նման դեպքերը: Մարզպետարանից  մեզ հետ զրույցում վստահեցրին, որ երկուշաբթի օրը կճշտեն և կասեն, թե կոնկրետ որ կառույցը պետք է նման հարցերով զբաղվի, սակայն մեր զրուցակիցը ակնարկեց, որ Մարմարիկը Ծաղկաձոր խոշորացված համայնքին է պատկանում, ուստի Ծաղկաձորի համայնքապետը պետք է նման հարցերով զբաղվի: