Մի քանի օրվա տարբերությամբ մենք տեսել ենք երկու տարբեր Փաշինյանի: Մեկը՝ Հայաստանի խորհրդարանում՝ գոռգոռացող, հոխորտացող, սպառնացող:
Մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ քաղաքակիրթ երկրներում կա իրավական մեխանիզմ՝ նման վարք դրսեւորող պետության ղեկավարին ենթարկելու անկախ հոգեբուժական քննության՝ պարզելու համար, թե որքանով է նա համապատասխանում իր բարձր պաշտոնին:
Երկրորդ Փաշինյանը Մոսկվայում էր՝ իրեն կորցրած, համեստ գավառացի՝ Միմինոյի «կեպկայով»: Թվում էր, թե նա այն մարդը չէ, որն այստեղ՝ Երեւանում ծանր մեղադրանքներ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին, իսկ «արեւմտամետների» նրա երգչախումբը միաձայն գովերգում է՝ «վախ, դուխին մեռնեմ, տենո՞ւմ եք՝ ոնց ա պայքարում Հայաստանի ինքնիշխանության համար»:
Այն գործիչը չէ, որի պալատականները ընդդիմադիրների գործունեություններում եւ բոլոր բացասական երեւույթների մեջ տեսնում են Կրեմլի չարամիտ ձեռքը:
Այն ղեկավարը չէ, որը խոստացել էր ոտք չդնել Բելառուս, քանի այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է: Չնայած այս երկու՝ խրոխտ-ագրեսիվ եւ խեղճացած-մոլորված կերպարների միջեւ արտաքուստ կա հսկայական տարբերություն, այնուամենայնիվ, զուտ գաղափարական, հայեցակարգային իմաստով Փաշինյանը Մոսկվայում ճիշտ իր տեղում էր:
Ի՞նչ է խոսում Լուկաշենկոն, երբ իրավիճակն իր երկրում սրվում է՝ կձերբակալեմ, կխեղդեմ, կոչնչացնեմ: Պուտինն այդ առումով ավելի զուսպ է. հավատարիմ մնալով իրեն դաստիարակած հիմնարկի ավանդույթներին, քիչ է խոսում, բայց, իհարկե, նույնն է անում:
Իսկ ահա Բելառուսի նախագահը գործում է գեղջկական անմիջականությամբ եւ դրանով նման է իր հայաստանցի գործընկերոջը, որն ընդդիմադիրներին սպառնում է «ԱԱԾ պադվալներով»:
Այնպես որ՝ մեծ խորհուրդ կա նրանում, որ Փաշինյանին տոնական միջոցառումների ժամանակ նստեցրել էին Լուկաշենկոյի կողքին: Ընդհանրապես, ավտորիտար ղեկավարների ակումբը Հայաստանի ներկայիս վարչապետի իսկական տեղն է:
…Ի դեպ, 1990-ականների սկզբին Լուկաշենկոն նույնպես իր կարիերան սկսում էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի բոցաշունչ մարտիկ: Հետո տեսանք, թե ինչ եղավ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան. Մարության
590 հազար դոլարի գողությունը պայմանավորում են նաև ՔԿ պետի թույլությամբ
Մեզ համար՝ որպես պետություն և ազգ, անհետաձգելի, խոշորագույն և կարևորագույն մեկ խնդիր կա․ Ոսկանյան